կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 18:09
Հասարակություն

Պերմյակովը ցանկանում էր ռազմաբազայում պայմանագրային ծառայությա՞ն անցնել

Պերմյակովը ցանկանում էր ռազմաբազայում պայմանագրային ծառայությա՞ն անցնել

Aif.ru կայքը /Аргументы и факты/ գրում է. «Գյումրիում սպանություններ իրականացրած կրտսեր սերժանտ Պերմյակովի համաքաղաքացիները չեն հավատում նրա գործած գազանությանը` Պերմյակովին համարելով բացառիկ դրական երիտասարդ: Թեեւ Վալերի Պերմյակովը խոստովանել է, որ ինքն է գործել հանցանքը, նրան ճանաչողները վստահ չեն, որ հենց նա է ոճրագործության մեղավորը:


Aif.ru-ն կապ է հաստատել անդրբայկալյան շրջանի «Զինվորների մայրեր» կոմիտեի ղեկավար Վալենտինա Մորդովայի հետ, ով պատմել է, որ երիտասարդն ունեցել է լավ վարք թե' ուսուցիչների, թե' իր ընկերների միջավայրում: Չի նկատվել թմրանյութերի նկատմամբ հակում, իսկ Պերմյակովի նախորդ ծառայության վայրում` Պեսչանկա գյուղում, նրա վերաբերյալ տվել են միայն դրական բնութագրություններ:


«Ես գիտեմ, որ նա դրական տղա էր: Հայրը, ով կռվել է Աֆղանստանում, շատ հարգարժան մարդ է Բալեյ քաղաքում: Տղան լավ է սովորել, նա որևէ խնդիր չուներ ո'չ դասարանցիների, ո'չ ընկերների հետ»,- ասել է Վալենտինա Մորդովան: Բացի այդ` արդեն Հայաստանում Պերմյակովը ստացել է կրտսեր սերժանտի կոչում:


Կայքը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, թե իբր Պերմյակովի ընտանիքը հավատացյալ էր, անգամ ալկոհոլ չեն օգտագործում, ինչը բնութագրական չէ այդ տարածքում ապրող բնակիչների համար:


«Մենք բոլորս շոկի մեջ ենք, չենք հավատում, որ նա կարող էր նման հանցանք գործել: Ես գիտեմ, որ նա ծառայության գնացել է` դրա ցանկությունն ունենալով: Հոր հետ խոսել է հունվարի 7-ին, ասել, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է և ուզում է մնալ պայմանագրային ծառայության: Ինձ թվում է, որ այնտեղ արդեն կատարված է եղել հանցագործությունը, իսկ նրա «գլխին սարքել են»,- ասել է Վալենտինա Մորդովան:


Պերմյակովի համաքաղաքացիներին տարակուսելի է թվում այն փաստը, որ հանցագործության վայրում հայտնաբերվել են նրա զինվորական համազգեստը և կոշիկները` նրա անունով, իսկ ինքը` Պերմյակովը, հեռացել է քաղաքացիական շորերով:
Ինչ վերաբերում է Պերմյակովի խոստովանական ցուցմունքներին, Վալենտինա Մորդովան ասել է. «Դուք ինքներդ էլ գիտեք, թե մեզ մոտ իրավապահ մարմինները ինչպես են ստանում այդ ցուցմունքները»:


«Թե ինչ է իրականում կատարվել այնտեղ, իսկապես շատ մեծ հարց է: Ինձ թվում է` նրա «գլխին սարքել են» և հենց այնպես չեն դա արել»,- ասել է նա` հավելելով, որ այդ միջադեպը կարող է կրել նաև քաղաքական բնույթ:


Chita.kp.ru կայքը մեջբերում է Անդրբայկալյան շրջանի Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի ղեկավար Ալեքսանդր Լոգոնովսկու խոսքերը, ըստ որոնց` Վալերի Պերմյակովը զորակոչվել է ծառայության 2014թ. մայիսի 20-ին: Զորակոչիկի բոլոր բնութագրերը եղել են դրական, առողջական վիճակը` նույնպես, այսինքն` նա զորակոչվելու պահին չի ունեցել հոգեկան խանգարումներ:


Բալեյ քաղաքի համար 6 միջնակարգ դպրոցի, ուր Պերմյակովը սովորել է, պաշտոնական կայքում,  գրված է, որ նա շատ ակտիվ աշակերտ է եղել, ակտիվորեն մասնակցել է տարբեր դպրոցական մրցույթների, միջոցառումների, մեկ անգամ էլ առաջին տեղն է զբաղեցրել իրենց շրջանի ռազմահայրենասիրական մի մրցույթում:


Պերմյակովի ուսուցիչների ու համադասարանցիների մեկնաբանությունները 

 

Դասղեկ` Նատալյա Իվանովնա Չեշկինա. «Մեր դպրոցում Վալերին սովորել է մինչև 9-րդ դասարանը: Նա համեստ ու բարեհամբույր տղա էր: Մենք նրան արեգակ էինք անվանում: Նա միշտ կատարում էր մանկավարժների հանձնարարությունները: Իմանալով կատարվածի մասին` մենք բոլորս շոկի մեջ ենք»:



Անգլերենի ուսուցչուհի` Գալինա Իվանովնա Տալոկնովա. «Շատ հետաքրքասեր աշակերտ էր, նամակագրական կապ էր հաստատել ԱՄՆ-ից իր բարեկամների հետ»:



Իսկ տեղի բնակիչներից Տատյանան պատմել է Պերմյակովների ընտանիքի մասին` 6 երեխա են, Պերմյակովը ամենակրտսերն է, հայրը երկու անգամ է ամուսնացել, առաջին ամուսնությունից երեք երեխա ունի, երեքն էլ ծնվեցին Մարիա Կուզմինիչնայի հետ ամուսնությունից, այսինքն` Վալերին ունի երկու խորթ քույր, մեկ խորթ եղբայր և երկու հարազատ քույր: Եղբայրը դատվել է ոչ թե սպանության, այլ սպանության փորձի համար` գործուղումից վերադարձել է ու կնոջը «բռնեցրել»:


Վալերիի համադասարանցիները նույնպես չեն հավատում, որ նա է կատարել այդ հանցանքը: Վալերիի ընկեր Եվգենին ասում է. «Ես նրա ընկերն եմ մանկուց: Վստահ եմ, որ ոչ մի սպանություն նա չէր կարող իրականացնել: Նա միշտ է եղել հանգիստ ու ադեկվատ: Հնարավոր է` գլխին սարքել են կամ էլ ինքն է ցանկացել մտնել ինչ-որ խմբավորման մեջ:

 

Համադասարանցի Վալերիան ասել է. «Ամեն ինչ շատ տարօրինակ է: Ճանաչում եմ նրա ընտանիքին: Ամեն եկեղեցական տոնի նրանց ողջ ընտանիքն է երգում երգչախմբում»: