Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանամերձ Խաչիկ գյուղից Ալվարդ Հակոբյանը հիշում է, թե ինչպես աշնանային մի երեկո, իր կամքից անկախ, հյուրընկալեց ադրբեջանցի 19-ամյա զինվորին, սեղան բացեց, ու հետո արդեն զինվորականները եկան, տարան նրան: 2001 թվականի սեպտեմբերն էր:
Թոֆիկ. նրա անունը դժվարությամբ են հիշում, բայց դեպքի մանրամասները մոռանալ չի լինում նույնիսկ տարիներ անց: Նա մոտեցել էր տանը, պատուհանագոգին դրված` աղջկա կոշիկներն էր վերցրել, նայել, այդ պահին Ալվարդի ամուսինը` Գառնիկը, կարծել էր, թե ուզում է մի բան տանել:
«Աշնան կողմն էր, էն ժամանակ մերս կենդանի էր, էրեխեքը փոքր էին, քնած էին: Դուրս եկա հողամասը, հարևանի լույսը որ վառվում էր, նկատեցի, մի զինվոր կանգնեց ստեղ: Չէի պատկերացնում, որ թուրք զինվոր կլինի, մտածեցի` հայ է: Մոտեցավ, ասացի` ինչ ես անում, պտտվեց, սկսեց թուրքերեն խոսել: Դե, ես թուրքերեն չեմ հասկանում, թևից բռնեցի, ասացի` արի, մի հատ տուն գնանք: Մամային ձեն տվեցի, թեյ դրեցին, հյուրասիրեցին, դե, մարդ ա»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է Գառնիկ Պողոսյանը:
Գառնիկի հանգուցյալ մայրը ադրբեջաներեն իմացել է, հյուրի ով լինելու մասին հարցուփորձ արել են հենց մոր միջոցով. «Իրա պատմելուց իմացա, որ տանջել, չարչարել էին, թողել-փախել էր, ասեց` բարձրացել եմ, չեմ իմացել, որ Հայաստանի տարածքն ա: Ասեց` ես էլ հետ չեմ գնա, վախենում եմ, կարող ա գնամ, ականի վրա պայթեմ»:
Ալվարդը պատմում է, որ տղայի համար հենց ինքն է թեյ պատրաստել, սեղան գցել: Հարցին, թե ի՞նչ էր զգում` զինվորական հագուստով ադրբեջանցուն տեսնելով, պատասխանում է. «Ոչ մի բան, ես շատ մեծ սիրով էլ թեյը տվել եմ: Մարդ էր, էրեխա էր, էնքան հանգիստ, սիրուն դեմքով էր, մենք տենց վտանգ չզգացինք»:
Հաց ուտելուց ու մի քիչ հարցուփորձից հետո Գառնիկը զանգահարել է զորամաս, հետո արդեն զինվորականները եկել-տարել են Թոֆիկին: 1-1.5 ժամվա հյուրընկալությունից հետո միայն հասկացել են, որ եթե, Աստված չաներ, զինված լիներ ու վնասելու մտադրություն էլ ունենար, ամեն ինչ այլ կերպ կվերջանար:
Խաչիկի ներկայիս գյուղապետ Վարդան Ներսիսյանն այդ ժամանակ եղել է դիրքապահ ու լավ է հիշում ադրբեջանցի զինվորի` համագյուղու տուն մտնելու մասին ահազանգը: «Դե, առաջին տպավորությունը էն էր, որ պիտի պատժվի, որ հեսա ընկնի մեր ձեռքը, եսիմ ինչ ենք անելու, բայց զինվորական հագուստով մի անմեղ էրեխա էր, ճիշտ ա` մեր հակառակորդն են, բայց մարդկային մի պահ կա, որ… Մենք հո վայրենի գազաններ չենք… Նա էլ իրա ծնողի էրեխան ա»,- ասում է նա:
Թոֆիկը զորամասում վախից ոչինչ չի պատմել, ինչ հարց տվել են ադրբեջաներենով պատասխանել է, թե չի հասկանում, հետո նրան տեղափոխել են հարևան Արենի գյուղը: «Գնդի հրամանատարը եկավ, դիմավորեց, մի քիչ էլ հաց, խորոված էր հետը բերել, հյուրասիրեցինք, արդեն սկսեց ռուսերեն խոսել»,- պատմեց գյուղապետը:
Թոֆիկը զինվորականներին նույնպեսպատմել է, որ բանակում ծեծել են իրեն, փախել է ու մոլորովել, չի իմացել, որ սահմանը հատել է:
Ալվարդ Հակոբյանի խոսքով` հետագայում իր ծանոթ սպայից իմացել է, որ նրան հանձնել են Ադրբեջանին, դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա Թոֆիկի մասին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցության ծրագրերի համակարգող Զառա Ամատունին Yerkir.am-ին հայտնեց, որ գերիների վերաբերյալ տեղեկություններ հայտնել իրավասու են միայն հակամարտող կողմերի իշխանություններին և ոչ` հանրությանը: «Մեր աշխատաոճին, ինչպեսև կոնվենցիաներին դեմ է մարդկանց անուն-ազգանունները հայտնել հանրությանը: Մենք դա իրավունք չունենք անելու, եթե նույնիսկ այդ ինֆորմացիան ունենանք ձեռքի տակ»,- ասաց նա:
«Հիմի մարդ ռիսկ էլ չի անըմ ըդոնց հետ բարեկամություն անի»
Նախիջևանի հետ 27 կմ ընդհանուր սահման ունեցող Խաչիկ գյուղում զգոնությունը երբեք չի թուլանում, թեև 1994 թվականից ի վեր հրադադար է կնքված: Ցորենի արտը հնձում են զգուշավորությամբ, խոտաբույսեր հավաքելու, անասունին արածացնելու համար սար բարձրանում են ահը սրտներում: Կրակոցները չեն բացառվում, ու գերի ընկնելու դեպքեր էլ են եղել:
62-ամյա Մակեդոն Մանուկյանը գերի էր ընկել բոխի (խոտաբույս) հավաքելու ժամանակ` 2002 թվականին: 9 օր գերության մեջ մնալուց հետո ադրբեջանցի գերու հետ փոխանակելու միջոցով վերադարձել էր հայրենիք: «Սահմանը չէր անցել, բոխի քաղելուց մեկ էլ, ըհը, էկել ու բռնել են: Տենց գլխըվեր քաշ տալով` տարել էին քարերի միջովը»,- պատմում է նրա կինը` 74-ամյա Ջուլիետա Մանուկյանը:
Գերեվարված գյուղացին կնոջը պատմել էր, որ գերության մեջ իրեն չեն ծեծել, նորմալ սենյակում են պահել, հաց ու ջուր տվել, բայց կատարվածից հետո ամուսինը լիովին փոխված է եղել: «Հա, շատ էր մտածում, ոնց որ մոլորված լիներ, ընենց ըզգըմ չէր, էլի, իրա արածը, իրա խոսացածը: Թե սրսկել էին, թե դեղ էին տվել, չգիտեմ… Չորս տարի մնաց ու մահացավ: …Վախել էր, վախից շուտ մահացավ»,- պատմում է կինը:
Ըստ նրա` այդ օրը ինքը գնացած է եղել կանաչիներ հավաքելու, որդիներն էլ այգի` վար անելու, ամուսնուն թողել են տանը, հետո եկել է տուն` տեսել նա չկա: «Նա որ գնում էր բոխու, ժամը մեկին գալիս էր տուն, էդ օրը չկար: Բայց ուզում չէի էրեխանցն ասեի, հաց էին ուտում, հարամ չանեի: Էնա հենց էն միջնեկ տղես տեսավ անհանգիստ եմ, ասեց` ինչ ա եղել: Ասեցի` Սեյրա'ն, հերդ գնացել ա բոխու, չկա: Էնա արդեն խառնվեցին իրար, գնացին ման գալու»:
Սարգիսը գերի ընկած Մակեդոնի հինգ որդիներից մեկն է: Հոր անհետանալու լուրն իմանալուց հետո 5 եղբայրով գնում են սարերը, մինչև գիշեր փնտրում ու գիշերվա ժամը չորսի կողմերը տեղեկություն են ստանում, որ հայրը գերության մեջ է: «Էն ինչ ապրումներ էր, սաղ գյուղն էր էդ ապրումների մեջ: Ինքնս անձամբ հույս ունեի, բայց ախպերներս ու մերս չէին հավատում: Էդ ժամանակ ես ծառայում էի, գնդի հրամանատարը ինձ կանչեց, ասեց, որ պապային բերելու ենք մոտ օրերս, ես էդ հույսով ապրում էի, էլի, ու ինքը իր խոստման տերն եղավ, ու մինչև հիմա մենք գոհ ու շնորհակալ ենք իրանից: Վերադարձին այ էս հայաթում սեղաններ էինք դրել, ամբողջ գյուղը ստեղ էր, պապային բերեցինք, նստած ուտում-խմում էինք»:
Սարգիս Մանուկյանը հիշում է, որ հայրը մինչև մահը ասում էր, թե գերության մեջ միայն մի բանից է վախեցել, որ հանկարծ որդիները գնան իրեն փնտրելու, նրանց էլ գերի չտանեն:
Ադրբեջանցի զինվորական հյուրընկալած ու գերությունն իրենց մաշկի վրա զգացած այս մարդիկ չեն մոռանում, որ մի ժամանակ բարեկամություն են արել սահմանից այն կողմում ապրող ադրբեջանիցների հետ, բայց … «Հիմի մարդ ռիսկ էլ չի անըմ ըդոնց հետ բարեկամություն անի»,- հոգոց է հանում 74-ամյա Ջուլիետա Մանուկյանը ամուսնուն ադրբեջանցիների կողմից գերի ընկելու պատմությունն անելուց հետո:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ