Հայաստանում բնակվող իրանցի հասարակական գործիչ Փոյա Հոսեյնին իր ֆեյսբուքյան էջում հայերենով գրում է.
«Ադրբեջանի երկու պատգամավոր կոչվածներ Երևանում այցելել են իրանական հայտնի Կապույտ Մզկիթ: Դրանցից մեկը, իր և բաքվի վիլայեթի բնակիչներից շատերի ուժեղ երևակայության ազդեցության տակ, գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.
«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքանով տեղյակ ենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են»:
Նախ պետք է այս «պատգամավորներին» սովորեցնել, որ Կապույտ Մզկիթի պատերի գրառումները կոչվում են պատմություն, որն անհերքելի է և կեղծել հնարավոր չի: Վստահ եմ, որ իրենք ուշադիր կարդացել են պատերի գրառումները: Եվ լավ գիտակցում են, որ այդ Մզկիթը կառուցվել է 1766թ.-ին, իրանցիների կողմից, նույնը պետք է ասել նաև՝ Արցախում գտնվող մզկիթների ու եկեղեցիների մասին, որոնք հանդիսանում են իրանական և հայկական պատմա-մշակութային ժառանգություն: Եվ իրենց պատերի քարերն ու փոշիները, պատերի գրառումները մի քանի անգամ ավելի հին են, քան կեղծ «ադրբեջան» երկիրը, որն ի դեպ ունի ընդամենը 100 տարվա «պատմություն», և որն ի դեպ իր անունը գողացել է Իրանից՝ նմանակելով նրա հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող նահանգի անունը:
Զարմանալի չի, որ արմատներ և պատմություն չունեցող «երկրի» բնակիչները, իրենց ցինիկ շեֆից սկսած՝ մինչև դպրոցական տարիքի երեխաները, զբաղված են պատմություն կեղծելու, իրենց համար պատմություն երևակայելու և հորինելու, քաղաքակրթություն ունեցող ազգերի պատմա-մշակութային ժառանգության արժեքների գողության սիստեմատիկ ու ծրագրավորված գործընթացով:
Իսկ բաքվի վիլայեթի այս երկու «պատգամավորները», որոնք առնետի պես գողեգող հայտնվել են Երևանի Կապույտ Մզկիթում և այնտեղից, պղծելով Մզկիթի սրբությունն ու կեղծելով պատմությունը, իրենց շեֆի պես ցինիկ քաղաքական հայտարարություն են արել, պետք է իմանան, որ ինչպես Իրանում հայկական եկեղեցիները և պատմա-մշակութային արժեքները՝ Իրանի ժողովուրդը աչքի լույսի պես պահպանել, պահպանում և պահպանելու է, այդպես էլ՝ Հայաստանում և Արցախում իրանական մզկիթները և պատմա-մշակութային արժեքները հայ ժողովուրդը պահպանել է և կպահպանի: Այս գենետիկ կուլտուրան դարերի խորքից եկած մեր երկու ժողովուրդների՝ հայ և պարսիկ ազգերի ստեղծած քաղաքակրթությունների արդյունք է, որը էթնիկ արմատներ, պատմություն և քաղաքակրթություն չունեցողների խելքի բանը չի: Դրա համար էլ բարբարոսությամբ հարձակվել են, և փորձում են ջնջել ու աղավաղել մեր երկու ազգերի պատմամշակութային արժեքները:
Փառք ու պատիվ Հայաստանին ու Իրանին, մեր երկու ազգերին, մեր անջնջելի ու անհափշտակելի պատմությանն ու քաղաքակրթությանը»: