կարևոր
3229 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 22:27
Հասարակություն

Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն․․․

Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն․․․

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տիկինը, պ․գ․թ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը անդրադարձել է Հայոց պատմություն առարկայի անվանափոխման խնդրին, նշելով. 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀՀ բարձրագույն կոչման մասին ՀՀ օրենքում հստակ տեսնում ենք, որ այդ կոչմանն արժանացած հերոսները «Հայաստանի» տեղանվանմամբ են բնորոշվում։

Թաթուլ Կրպեյանը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀՀ բարձրագույն կոչման արժանացավ և պարգևատրվեց «Հայրենիքի» բարձրագույն շքանշանով 1996 թ․ սեպտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով։ Այդ օրվանից սկսած ես բազմիցս խորհել եմ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» բառակապակցության մասին, առանձնապես այն մասին, թե՝ ինչու՞ են օրենսդիրները ընտրել «Հայաստան» բառը կամ ոչ թե՝ ուղղակի, «Ազգային հերոս», կամ «ՀՀ Ազգային հերոս» ձևակերպումները։ Տարիներ առաջ հոդված եմ գրել Ազգային հերոսների մասին, բայց այս հարցին չեմ անդրադարձել։ Իմ գրառումներում միշտ փորձել եմ պահել «Հայաստանի ազգային հերոս» ձևը, սակայն միշտ վարանել եմ գրության հարցում․ ազգային և հերոս բառերը միշտ ուզել եմ գրել մեծատառով։

Օրենքում բոլոր երեք բաղադրիչները ամբողջությամբ մեծատառերով են։ Այդ դեպքում, կարծես թե, վարանելու հարց չի առաջանում, սակայն, երբ գրում ես փոքրատառերով, ապա խնդիր է առաջանում, որովհետև օրենքը չի հստակեցնում գրության ձևն այդ պարագայում։ Օրինակ՝ գրե՞լ տեքստերում ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Թաթուլ Կրպեյան, թե՞ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյան, թե՞ Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյան։

Այս տարիների ընթացքում, ինչպես հասկացա, ինձ նման բազմաթիվ մարդիկ ունեցել են այդ երկվությունը, որովհետև սկսեց նաև լայնորեն շրջանառվել «ՀՀ Ազգային հերոս» գրության ձևը։

ՀՀ՞, թե՞ Հայաստանի․․․ այս հարցը նույնպես առաջանում է, քանի որ այս դեպքում էլ բովանդակության փոփոխություն է տեղի ունենում։ Եթե ՀՀ-ն ենք նշում, ապա դա նշանակում է, որ 27 անձինք, որոնց շնորհվել է այդ կոչումը, միայն Հայաստանի երրորդ Հանրապետության հերոսներն են կամ պատկանում են այդ ժամանակաշրջանին։ Իսկ, երբ կիրառում ենք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ձևը, ապա պատմական և ժամանակային ավելի լայն ընդգրկում ենք արտահայտում, ցույց տալով, որ նրանք մեր հերոսական ժառանգության կրողներն են, հայ տիպար հերոսների նորօրյա սերունդը։

Այս հարցը նորից իմ մտածումների առարկան դարձավ, երբ վերջերս մեծ աղմուկ առաջացավ «Հայո՞ց պատմություն», թե՞ «Հայաստանի պատմություն» քննարկումների պատճառով։

Հայոց պատմությունը բնականաբար պատմական ու ժամանակագրական ավելի լայն ընդգրկում ունի։ Հայաստանի պատմությունը նույնպես կարող է այդպես ընկալվել, եթե այն չկաղապարենք քաղաքական ու վարչական սահմանափակումներով կամ սահմաններով։ Սակայն, քանի որ այս վերջին միտումն ակնհայտ է, ապա «Հայոց պատմությունը» կարող է լինել միակ ճիշտ ընտրությունը»։