կարևոր
3667 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-22 21:19
Հասարակություն

«Հայոց պատմություն» նշանակում է թե´ Հայաստանի, թե´ հայության պատմություն. պատմաբաններն արձագանքել են օրվա իշխանություններին

«Հայոց պատմություն» նշանակում է  թե´ Հայաստանի,  թե´ հայության պատմություն. պատմաբաններն արձագանքել են օրվա  իշխանություններին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանն արձագանքել է Փաշինյանի իշխանության օրենսդրական նախաձեռնությանը` նշելով.

«Ուրեմն «Հայոց պատմություն» նշանակում է թե´ Հայաստանի պատմություն և թե´ հայերի (հայության) պատմություն։

Երբեք մտքովս չէր անցնի, որ այս ակնհայտ ճշմարտությունը մեկնաբանության կարիք կունենա»։

Արձագանքելով դիտարկմանը` պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Միքայել Մալխասյանը նշել է.

«Գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպումը նրանք երևի հասկանում են «Հայ ժողովրդի պատմություն», այնինչ դա գրաբարում «Հայք» բառի սեռական հոլովի տարբերակն է` և' «Հայաստանի», և' «հայերի» իմաստով։ Նրանց տրամաբանությամբ երևի «Թագաւոր Հայոց Մեծաց» Արշակունյաց տիտղոսը փոխադրում են աշխարհաբար «Հայ մեծերի թագավոր», այնինչ պետք է լինի «Մեծ Հայքի թագավոր»։ ԱՄՆ-ի, Վրաստանի և Ռուսաստանի օրինակը գրավել է իրենց, բայց հաշվի չեն առել, որ գրաբարը շատ ավելի մեծ ճկունություն է տալիս, քան անգլերեն, ռուսերեն կամ վրացերեն լեզվամտածողությունը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: