կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 12:54
Քաղաքական

ԱՄՆ-ի հայաստանյան ծրագրերն այդպես էլ որևէ պտուղ չեն տալիս. Թևան Պողոսյան

ԱՄՆ-ի հայաստանյան ծրագրերն այդպես էլ որևէ պտուղ չեն տալիս. Թևան Պողոսյան

Երևի ճիշտ կլինի՝ ԱՄՆ դեսպանատունն ինքը մեկնաբանի, թե ինչու է կոշտ կամ փափուկ հայտարարություն տարածում, բայց մենք պետք է սովորենք ինքներս մեր խնդիրների լուծումը գտնել, այլ ոչ թե սպասել՝ որևէ մեկը գա, հայտարարություն անի, կամ չանի. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին:

Նշենք, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր`իրենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ:

Պողոսյանի խոսքով`դեռևս 1990 թվականից ԱՄՆ-ը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք, սակայն, «որևէ պտուղ չեն տալիս»: «Իրենց էլ պետք է հարց բարձրացնենք, թե այդ քսան քանի տարվա մեջ իրենք ի՞նչ են արել, որ իրենց հենց ծրագրերը որևէ պտուղ չեն տալիս: Ուրախ եմ, եթե երկրները մտահոգվում են՝ Հայաստանը տեսնել բարեկեցիկ երկիր և այլն, բայց այդ պարագայում էլ այն հարցը պետք է բարձրացել, թե` ինչքանո՞վ եք դուք նպաստել դրան, ծրագրեր եք արել, որոնք որևէ արդյունք չեն տվել»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ կարելի՞ է ասել՝ պետութուններն իրենց շահերի տեսանկյունից են նման հայտարարություներ անում, Պողոսյանը պատասխանեց, որ ցանկացած երկիր առաջնորդվում է միայն և միայն իր երկրի շահերով:

«Հայաստանն էլ բոլոր խնդիրներում պետք է առաջնորդվի իր սեփական շահերով, բոլորն էլ իրենց շահերով են առաջնորդվում: Եթե ԱՄՆ-ը նման հայտարարություն է անում կամ ծրագրեր նախագծում, իրենց շահերից ելնելով են անում: Կլինի հայտարարություն, թե` ոչ, մեր գործողությունները դրանով չպետք է պայմանավորված լինեն»,- ընդգծեց պատգամավորը: