Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարգելի ընթերցող, ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» հոդվածի երրորդ մասը:
Եվ այսպես` մեր քաղաքական մոդելը, այլ կերպ ասած` հայկական իշխանությունը հայ ժողովրդից բաժանած երկաթբետոնե ամրոցը վերջնականապես պնդացավ մեր անկախության առաջին տասնամյակում: Պատերի ներսում Համակարգն է` հիմնականում փոխառված խորհրդային անցյալից` իհարկե, գաղափարական վեկտորի փոփոխությամբ` ծայրահեղ ձախից (կոմունիստական) ծայրահեղ աջ (ոչ ճիշտ ընկալված նեոլիբերալ):
Կաֆկայական ամրոցի ներքին կառուցվածքին մենք դեռ կվերադառնանք, իսկ մինչ այդ դիտարկենք այն քաղաքական ուժերն ու ֆիգուրները, որոնք մնացին պատից այն կողմ` հասարակության ծոցում: Նրանցից շատերն այնքան թույլ էին ու աննշան, որ սկզբում պարզապես իշխանության ուշադրությունը չէին գրավում: Նրանք աղմկում էին եւ այսօր էլ աղմկում են` ժամանակ առ ժամանակ հռչակելով ճիշտ ու խիզախ կարծիքներ եւ մոտեցումներ` շատ հաճախ կրկնօրինակելով աշխարհին հայտնի գաղափարական սխեմաները եւ առաջարկելով գործնական լուծումներ, որոնք իրենք ի վիճակի չեն իրագործել: Այդօրինակ փոքր կազմակերպությունները, որ ծնունդ առան վերակառուցման տարիներին եւ հետվերակառուցման կամայականությունների պայմաններում, բնավորությամբ շատ նյարդային, կասկածամիտ, խանդոտ եւ ինքնահավան առաջնորդներով, հասարակության ուշադրությունը շեղեցին իրական այլընտրանքներից եւ իշխանությանը հուշեցին մի շատ վնասատու գաղափար, որը մենք կքննարկենք մեր հոդվածաշարի հաջորդ մասում:
Համակարգից դուրս գործող նմանօրինակ ոչ մեծ խմբերից բացի, 20-21-րդ դարերի սահմանագծին առանձնանում էին երկու ուժեղ եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններ` ձախ Դաշնակցությունը եւ աջ Ազգային ժողովրդավարական միությունը: Դրանք բավականին արդյունավետ մրցակցում եւ համագործակցում էին միմյանց հետ` չնայած լիովին տարբեր ծագումներին: Դրանց միավորում էր այն, որ երկու կուսակցությունում էլ գերակշռում էին իդեալիստները: Այնպես չէ, որ հանրապետականների շրջանում իդեալիստներ չկային, ընդհակառակը` 90-ականների սկզբին Աշոտ Նավասարդյանի կերպարը` որպես մարդու, ով հանուն իր գաղափարների ընդունակ է տառապելու, խորհրդանշական էր: Սակայն, վերջ ի վերջո, Հանրապետական կուսակցությունում գերակշռեցին, այսպես կոչված` «պրագմատիկները» եւ կուսակցության ներսում նրանց «հաղթանակի» արդյունքները թե' նրանց կուսակցությունը, թե' ամբողջ հանրությունը դեռ երկար ժամանակ չեն կարողանա մարսել...
ՀՅԴ-ում եւ ԱԺՄ-ում ամեն ինչ այլ կերպ էր, սակայն այդ կուսակցություններն էլ 2000-ականների սկզբին հասկացան` իշխանության անխոցելի ամրությունների վրա հեծելազորային ինքնասպան, անմիտ գրոհների ժամանակներն անցել են: Հարկավոր է նոր ռազմավարություն: Այդ կուսակցությունները, հավանորեն միմյանցից անկախ, որոշեցին իշխանության բնույթը փոխել ներսից: Նշանակում է` անհրաժեշտ էր ներթափանցել կաֆկայական ամրոց: Սակայն այդ կուսակցությունները տարբեր մարտավարություն ընտրեցին` յուրաքանչյուրն իրեն բնորոշ: Իշխանությունների հետ փոխգործակցության նոր մոդելի որոնումն էլ ընթանում էր տարբեր ձեւով:
ԱԺՄ-ի` իշխանությունը գրոհելու, հետո` ամբողջ կուսակցությամբ իշխանության մեջ մտնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, ավելին` երկարատեւ պայքարի լարվածությունը եւ սթրեսները քայքայեցին այն: Երիտասարդ, ավելի շատ համախոհների ակումբ հիշեցնող, կազմակերպական առումով չձեւավորված կուսակցությունը` ղեկավարության մեջ մի քանի ոչ սովորական, հավակնոտ անձնավորություններով, բոլորովին վերջերս ընձյուղված տերպետրոսյանական ՀՀՇ-ից, պարզապես կազմալուծվեց (կամ գիտակցաբար բաժանվեց) մի քանի խմբերի` նման անուններով, նմանօրինակ քաղաքական հայեցակարգերով, սակայն տարբեր բնավորությամբ առաջնորդներով: Այդ խմբերից յուրաքանչյուրը, իսկ ավելի հաճախ պարզապես ԱԺՄ-ական առանձին ղեկավարներ կամ ակտիվիստներ մտան իշխանության մեջ իրենց ճանապարհով` ոմանք պտուտաձեւ ու երկար, ոմանք` անմիջապես: Դա, եթե կարելի է այսպես անվանել, «ատոմացված» ինտեգրում էր: ԱԺՄ նախկին առաջնորդները դարձան փոխնախարարներ, տարբեր ոլորտների խոշորագույն վարչությունների ղեկավարներ` ոմանք նախագահականում, վերահսկիչ մարմիններում, ոմանք ԱԳՆ-ում, ոմանք Կենտրոնական բանկում, որպեսզի հետո հասունանան վարչապետի պաշտոնի համար, իսկ ոմանք բավարարվեցին Հանրային պալատով` նախագահի ականջներին մոտ լինելու հնարավորությամբ: Արդյո՞ք դա ներթափանցելու եւ ազդեցություն ունենալու մտածված մարտավարություն էր, թե՞ պարզապես այդպես ստացվեց` ապագա սերունդները հնարավոր է իմանան Վազգեն Մանուկյանի եւ նրա նախկին (?) համախոհների հուշերից: Ինչ էլ լինի, տասնամյա ջանքերի արդյունքը բավականին հակասական է` իրենց ու իրենց գաղափարները ԱԺՄ-ականները իշխանությանը հասցրեցին, սակայն իրականացնել չկարողացան: Նրանց կարելի է համեմատել ատլետների հետ, որոնց հանձնարարված էր օլիմպիական կրակն անցկացնել արգելափակոցներով. նրանք ջահը առանձին մարխերի բաժանեցին` աննկատ անցնելու համար: Արգելափակոցները նրանք հաջողությամբ հաղթահարեցին, սակայն մարխերը քամին մարեց:
Ի տարբերություն ԱԺՄ-ի իրենց գործընկեր-հակառակորդների, ավելի դիմացկուն, երկարատեւ, ուժասպառ անող պայքարի սովոր դաշնակցականներն այլ մարտավարություն կիրառեցին. նրանք գնացին ինչպես կարող էին` ոչ թե գաղտագողի, այլ կուսակցական ամբողջ փաղանգով` մարտական կանոններով: Կոալիցիա կազմեցին Հանրապետական կուսակցության հետ, կնքեցին կոալիցիոն հուշագիրը, զբաղեցրին նախարարական եւ խորհրդարանական պաշտոններ, մի խոսքով` մտան կաֆկայական ամրոց` ոչ թե անհատապես, այլ միասին, սեփական դրոշներով: Եվ ի՞նչ տեսան այնտեղ` ամրոցի ներսում. ճշգրիտ գծագրված արահետներ ու միջանցքներ հետաքրքրությունների ոլորտներով սահմանափակված ֆինանսական ու ցեղախմբային միավորումների միջեւ: Պետական շահերի ոլորտն առանձնապես ոչ մեկի կողմից չի պաշտպանվում, կարելի է նաեւ անթաքույց մի կտոր «կսմթել»: Սակայն մասնավոր եւ խմբակային շահերի դեպքում հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել` քայլ դեպի աջ, քայլ դեպի ձախ, եւ քեզ ճիշտ չեն հասկանա, գողական կանոնները կխախտես:
Շատ արագ դաշնակցականները հասկացան, որ իշխանությունը ներսից փոխելու գունագեղ հույսերն այնքան էլ արդարացված չեն: Իհարկե, ինքնին հարցադրումը որեւէ անհնար բան չէր ենթադրում: Պատմությունը տալիս է իշխանության` դրա մեջ թափանցած բարեփոխիչ ուժերի եւ անձերի ազդեցության տակ վերափոխվելու օրինակներ: Այդ մասին բավականին համոզիչ վկայում են պիրենեյան եւ լատինաամերիկյան պետությունների օրինակները: Սակայն էվոլյուցիոն բնույթի ձեւափոխությունները բավականին դանդաղ են կատարվում եւ պահանջում են նվիրված բարեփոխիչների կրիտիկական զանգվածի առկայություն, գոնե` որ զբաղեցնեն մի քանի կարեւոր պաշտոններ եւ ունենան կարեւորագույն որոշումներ կայացնելու գործընթացի վրա ազդելու մեխանիզմներ: Դա դաշնակցականները չկարողացան ապահովել. հենարան չունեին: Այդ պատճառով նրանց` իշխանության կազմում հայտնվելը ո'չ հասարակությանը, ո'չ հենց դաշնակցականներին սպասված արդյունքները չտվեց, ավելին` հասարակության շրջանում, նաեւ կուսակցության ներսում հիասթափություն առաջացրեց: (Նույնիսկ հիմա` տարիներ անց, դա դեռեւս նկատելի է: Դրա մասին են վկայում իմ հոդվածների վերաբերյալ հիստերիկ մեկնաբանությունները, որոնց հեղինակների հոգեբանական վիճակին խոստանում եմ առանձին հոդվածով անդրադառնալ):
Իհարկե, 2000-ականներին բարեփոխումներ իրականացվեցին, եւ Դաշնակցականների դերը դրանցում զգալի էր, սակայն ո'չ բարեփոխումները, ո'չ Դաշնակցության ազդեցությունը, դրանց արդյունավետության առումով, այնքան էլ ակնառու չեղան հասարակության համար, որպեսզի երկիրը դուրս բերեին լճացումից եւ Դաշնակցությանը ապահովեին նոր լծակներով որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու, իշխանության մեջ կուսակցության դիրքերը ուժեղացնելու եւ հասարակության շրջանում հեղինակությունը մեծացնելու համար: Իհարկե, հարկավոր է հաշվի առնել, որ իր ցանկացած գործընկերոջ իշխանությունը պատրաստ է տրամադրել միայն շատ սահմանափակ իրավունքներ: Գիտե՞ք` ինչպես են ձեւակերպվում Անգլիայի թագուհու լիազորությունները. նա իրավունք ունի խորհրդատվության, նախազգուշացնելու եւ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ տալու: Ոչ մի այլ իրավունք: Մոտավորապես նույն դերը, չնայած որեւէ կոալիցիոն համաձայնագրի, նախատեսված էր (եւ այսօր էլ նախատեսվում է) ցանկացած գործընկերոջ համար` կոշտ նախագահական կառավարման պայմաններում: Դրա հետ դաշնակցականները չցանկացան հաշտվել: Նրանք սկսեցին ամրոցի ներսում սեփական ամրոցը պատնեշել, որպեսզի գոնե պահպանեն ինքնուրույնությունը, որոշակի հեռավորություն պահեն երկրում իրականացվող անօրինակություններից եւ չդառնան բյուրոկրատական ապարատի կցորդը, ինչպես եղավ ուրիշների դեպքում: Թեեւ, ըստ երեւույթին, նաեւ մեր կուսակցության մեջ կային այնպիսիք, որ նախընտրեցին «շանը շան կողքին կապես` կա'մ կծել կսովորի, կա'մ հաչել» ձեւակերպումը:
Սակայն, այդուհանդերձ, երբ երկարատեւ դիրքային պայքարից հետո 21-րդ դարի առաջին տասնամյակի վերջին վերջնականապես պարզ դարձավ, որ Դաշնակցության ազդեցությունը պետական կարեւոր որոշումներ կայացնելու գործընթացում անընդհատ նվազում է, կուսակցությունը ուժ գտավ` նահանջի որոշում կայացնելու: Կաֆկայական ամրոցը դաշնակցականները լքում էին այնպես, ինչպես մտել էին` շարքով եւ մարտական դրոշների տակ: Սակայն նրանց կորուստները ծանր էին: Հաջորդ իսկ խորհրդարանական ընտրություններում (2012 թ. մայիսի 6) Դաշնակցությունը բարձր գին վճարեց: Ընտրազանգվածը` մի քանի անգամ գիտակից քաղաքացիներին գերազանցող, ընդդիմադիր հույսերին ու հեռանկարներին նախընտրեց ոչ մեծ, բայց բավականին շոշափելի փողը: Դրա մասին շատ է գրվել: Դաշնակցության կազմակերպչական ուժը, որը հիմնվում է ստորին կառույցների կարգապահության եւ հավատարմության վրա, խաթարվեց իշխանության հետ համագործակցության պատճառով:
Իսկ իշխանությունը դաշնակցականներից վրեժ լուծեց Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի ալիք բարձրացրած հայ-թուրքական արձանագրությունների «նախաձեռնողական» դիվանագիտությանը կատաղի դիմադրելու եւ ներիշխանական կանոններին չենթարկվելու համար: Սակայն դաշնակցականներն իրենց ճկուն եւ ամուր կառուցվածքով ու ժամանակին չենթարկվող ավանդույթներով, ինչպես միշտ, կանգուն կմնան:
Իսկ ի՞նչ եղավ մյուս կուսակցությունների հետ` երբեմնի մարդաշատ, ակտիվ, խոստումնալից: Դրանց մասին հաջորդ հոդվածում:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ