Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարգելի ընթերցող, ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» հոդվածի առաջին մասը:
Իմ վերջին հոդվածներից մեկում, սիրելի' ընթերցողներ, ես հիշեցրեցի, որ ո'չ Ղարաբաղյան շարժման սկզբում, ո'չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո'չ պատերազմի ժամանակ, ո'չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո'չ, առավել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպես ազգ ու երկիր, կարող ենք հայտնվել այն կեղտի մեջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրությունը մեզ կօգնի ոչ միայն այսօրվա իրավիճակի` որպես մեր քաղաքական պատմության առանձին փուլի, վերլուծությունը (մեր լրատվամիջոցներում այդ թեմայով նյութերի պակասություն չկա), այլ նաեւ մեզ այսօրվա աննախանձելի վիճակին հասցրած իրադարձությունների շղթայի սթափ ուսումնասիրությունը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար (եթե մնացել է ցանկություն եւ հնարավորություն) հարկավոր է նախ հասկանալ, թե ինչպես ենք այդտեղ հայտնվել: Հարկավոր է ըմբռնել կատարվածի էությունը, շարժիչ ուժերը, բախվող շահերը եւ գնահատել հնարավոր հետեւանքները: Եվ միասին փնտրել ելքը: Ինչ-որ չափով դրա համար խթան դարձան yerkir.am կայքում, նաեւ այլ ԶԼՄ-ներում հրապարակված իմ հոդվածների կապակցությամբ արված մեկնաբանությունները: Դրանցում պարունակվող հարցերը պատասխանների կարիք ունեն: Դե ինչ, փորձենք ավելի խորը նայել:
Ամեն ոք գիտի` 1917 թվականից հետո նախկին Ռուսական կայսրությունում, որը դարձավ Խորհրդային միություն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նաեւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում իշխում էին կոմունիստական կուսակցությունները: ԽՍՀՄ-ում սխեման պարզ էր, ինչպես զինվորական սապոգը` շահագործող դասակարգերը ոչնչացվել են, կա դեռեւս խմելուն անվերադարձ չտրված եւ աշխատելը դեռեւս չմոռացած պրոլետարիատ, դեռեւս ոչ ամբողջապես Սիբիր աքսորված աշխատավոր գյուղացիություն եւ դեռեւս արմատախիլ չարված խավ` մտավորականություն: Կոմկուսը թեեւ բանվոր դասակարգի ավանգարդն է, սակայն լիարժեք ներկայացնում է նաեւ գյուղացիների եւ ծառայողների շահերը, այնպես որ` հաղթած սոցիալիզմի երկրում մեկ կուսակցությունը լիովին բավարար է:
Արեւելաեվրոպական կոմունիստները, հաշվի առնելով աչալուրջ Արեւմուտքի մոտ լինելը, նաեւ տեղի պայմաններն ու ավանդույթները, ավելի ճկուն սխեմաներ էին կիրառում: Նրանք երբեմն (իհարկե, մոսկովյան ընկերների թողտվությամբ) թույլատրում էին մի քանի ոչ մեծ, արհեստականորեն սեղմված, սահմանափակ իրավունքներով կուսակցությունների վերահսկվող գործունեությունը` տպավորություն ստեղծելով, թե իրենց երկրներում բնակչության տարբեր շերտեր (գյուղացիությունը, փոքր ձեռներեց-արհեստավորները, մտավորականությունը, հավատացյալները) ինքնուրույն կազմակերպություններով ներկայացված են երկրի քաղաքական համակարգում: Օրինակ` Չեխոսլովակիայում, բացի Կոմունիստական կուսակցությունից, գործում էին նաեւ Ժողովրդական եւ Սոցիալիստական կուսակցությունները: Իհարկե, դրանք չէին փայլում իրենց ինքնուրույնությամբ` կոմունիստների հետ ներգրավված էին Ժողովրդական ճակատում:
Փոքր-ինչ մեծ անկախության արտաքին ատրիբուտներ ունեին ԳԴՀ-ի` թվով ավելի մեծ քաղաքական կուսակցությունները: Այստեղ, բացի մարքսիստական-լենինյան ուղղվածության Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցությունից, գործում էին Դեմոկրատական գյուղացիական, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունները եւ նույնիսկ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը: Այդ ամենից առանձնացված` կար նաեւ 1948-ին Կրեմլի հրահանգով ստեղծված Ազգային դեմոկրատական կուսակցությունը, որում «վերակոփելու» համար հավաքեցին Վերմախտի 200 հազար նախկին սպաների ու զինվորների, անգամ` նախկին նացիստների, որոնք դուրս էին մնացել Նյուրնբերգի «ուռկանից»: Այդպես, հավանորեն, ավելի հեշտ էր վերահսկողության տակ պահել արեւելագերմանական հանրության այն հատվածին, որը կազմված էր փորձառու, մարտունակ եւ կարգապահ մարդկանցից, ովքեր դժվար թե առանձնակի համակրանք ունենային խորհրդային զավթիչ վարչակարգի նկատմամբ: Իհարկե, «բազմակուսակցականության» կամուֆլյաժը, թեեւ մխիթարանք էր նրանց համար, ովքեր ոգեւորված չէին «միակ ճիշտ» մարքսիստական-լենինյան-ստալինյան ուսմունքից, սակայն դա ոչ ոքի չէր խաբում. բոլոր «այլընտրանքային» կուսակցությունները ընդունում էին կոմունիստների` այդ երկրների սահմանադրություններում ամրագրված ղեկավարող ու առաջատար դերը:
Լեհաստանին, ինչպես հաճախ էր լինում պատմության մեջ, դժվարությամբ էին հարմարեցնում մշակված սխեմաներին: Բացի երկրի մարքսիստական ղեկավարից` Լեհական միասնական բանվորական կուսակցությունից, գոյություն ունեին, ավելի ճիշտ` կոմունիստների հետ կոալիցիայում համագործակցում էին Գյուղացիական եւ Դեմոկրատական կուսակցությունները: Սակայն գործում էր նաեւ «Զնակ» («Նշան») ասոցիացիան` ձախ կաթոլիկների շարժումը, որը ձեւավորվել էր 1955 թվականին եւ իր պատգամավորներն ուներ Սեյմում: Նրանք իրական ընդդիմություն դարձան, որը չէր ճանաչում կոմունիստների «առաջատար եւ ուղղորդող դերը», ինչը 1980-ին հանգեցրեց ասոցիացիայի արգելմանը: Սակայն Լեհական քրիստոնեական միությունը, որը գոյություն ունեցավ 1981-86 թթ., շարունակեց ընդդիմադիր ավանդույթները` էստաֆետը փոխանցելով «Սոլիդարնոստ»-ին («Համերաշխություն»): Ի դեպ, Լեհաստանը մշտապես ստանդարտից դուրս է: Այնտեղ նույնիսկ թագավորներն էին ընտրովի:
Մեր թեման` կեղծ բազմակուսակցական համակարգը մեկ կուսակցության փաստացի անփոփոխ գերիշխանության պայմաններում, չափազանց արդիական է, քանի որ հենց դա է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքական մոդելը: Թեման լուրջ է, առանց ոչ վաղ անցյալ էքսկուրս կատարելու չի լինի:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության նոմենկլատուրային-բյուրոկրատական մասը (հատկապես` դրա կոմերիտական բաղադրիչը), զգայուն կերպով որսալով ժամանակի շունչը, սահուն տեղափոխվեց ՀՀՇ` նոր շարժման` իրենց հոգեպես, դասակարգային առումով հարազատ «հեղափոխական» առաջնորդների թեւի տակ: Նրանք միասին ձեւավորեցին նոր իշխող դասակարգ, դուրս մղեցին այնտեղից, նաեւ «Ղարաբաղ» կոմիտեից վերակառուցման եւ պատերազմական տարիների բոլոր ազատամիտներին, եւ 1995 ու 1996 թվականների բախտորոշ, կարեւոր ընտրություններին բերեցին արյունաքամ, վախեցած, ազատությունից ու անկախությունից հիասթափված հասարակություն: Այդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններով եւ Սահմանադրության ընդունման հանրաքվեով գծեցին հասարակությունը անհաշտ ճամբարների բաժանող սահմանը. մի կողմում` վարչակարգի պնդացող բետոնը, մյուս կողմում` նրանք, ովքեր հույս ունեին կառուցել ազատ երկիր` արժանի 1988 թվականի` հոգեւոր վերածնված, ակտիվ, քաջ, հպարտ, ոգեշնչված հայերին: Հիշում ե՞ք այդ հայերին: Ձեզանից շատերը, ովքերը ավելի տարիքով են, հենց այդ հայերն էին ժամանակին: Նրանք արժանի չէի՞ն ավելի լավ ճակատագրի կամ լավ երկրի: Իհարկե, արժանի էին: Սակայն չկարողացան լավ երկիր կառուցել եւ սկսեցին այն փնտրել այլ` հեռավոր վայրերում... Սակայն սա այլ թեմա է, իսկ մենք վերադառնանք մերին:
Հիշենք 90-ականների սկզբին քաղաքական ուժերի տեղաբաշխումը: Մի կողմում ՀՀՇ-ական կիսագրագետ կլեպտոկրատիան է` սերտաճած խորհրդային պետական ապարատի ամենահեռատես ու ճարպիկ ներկայացուցիչների հետ, որոնք միասնաբար կարճ ժամանակահատվածում ծաղկող երկիրը գցեցին լիակատար տնտեսական կոլապսի մեջ: Մյուս կողմում ուժեղ ընդդիմությունն է` դաշնակցականները, հանրապետականները, ՀՀՇ-ից անջատված, դեռեւս փոքր խմբակցությունների չբաժանված Ազգային ժողովրդավարական միությունը, հավակնոտ առաջնորդների կողմից դեռեւս չսեփականաշնորհված «Ազգային ինքնորոշում միավորումը» եւ «Սահմանադրական իրավունք միությունը», դեռեւս վերակենդանացման կարիք չունեցող ռազմկավարները: Նաեւ կոմունիստները դեռեւս մանր խմբերի չէին տարրալուծվել: Այն, որ այդ ուժերը, հատկապես` միասին, ընդունակ էին հաղթել 1995-ի ընտրություններում եւ խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել, ոչ ոքի մոտ, այդ թվում` իշխանությունների, կասկածներ չէր առաջացնում: Եվ գործի դրվեցին իշխանությունը պահելուն ուղղված ճկուն քաղտեխնոլոգիաներ` մեր հասարակությանը եւ դեռեւս անփորձ ընդդիմությանը այն ժամանակ անծանոթ, դրանից էլ` ավելի արդյունավետ: Մանրամասներով եւ ամսաթվերով ձեզ չեմ ծանրաբեռնի. շատերն առանց այդ էլ ամեն ինչ հիշում են, իսկ ում ինչ-որ բան կթվա բաց թողնված կամ պարզապես դուր չի գա, հաճույքով հրավիրում եմ բանավեճի:
Ընդհանրապես, երբ խոսում են խորամանկ, բարդ քաղտեխնոլոգիաների մասին, նկատի ունեն կատարման որակը, քանի որ բովանդակությունը, որպես կանոն, անփոփոխ է` սկսած նախապատմական ժամանակներից: Այն հիմնված է հակառակորդին սեւացնելու, զրպարտելու կարողության վրա (ներկայումս կոչվում է կոմպրոմատ կամ սեւ փիար), նպատակ ունի քայքայել, պառակտել նրա շարքերը (divide et impera), ստի, կաշառքի կամ վախեցնելու միջոցով հակառակորդի շարքերից պոկել ամենաենթարկվող օղակները (յուղել ու դաղել): Ահա եւ ամենը: Իսկ թե ինչպես է դա արվում` հնագույն եղանակո՞վ` նամակների կեղծում, ամբաստանություն, կեղծ վկայություն եւ այլն, թե՞ ինտերնետով կամ հեռուստատեսությամբ, ընդամենը տեխնիկայի ու դարաշրջանի հարց է:
Անցյալ դարի 90-ականներին առաջինը ընդդիմության շարքերում «կոտրվեցին» ազգային-դեմոկրատները: Նրանց առաջնորդ Վազգեն Մանուկյանը մտավ ՀՀՇ-ական կառավարության մեջ, ինչին, բնականաբար, գաղափարական արգելքները չէին խոչընդոտում: Դաշնակցականներին պառակտելու փորձերը` արտասահմանից ճնշումներ գործադրելու միջոցով, եւ ինքնակոչ զուգահեռ կառույցի ստեղծումը անփառունակ տապալվեցին, եւ իշխանությունը ուշադրությունը կենտրոնացրեց Հանրապետական կուսակցության վրա: Ճնշումների եւ գայթակղիչ խայծի (օրինակ` «Հրազդան» մարզադաշտի տեսքով) խորամանկ համադրությունը հանգեցրեց այն բանին, որ այդ կուսակցությունը կտրուկ փոխեց ուղեգիծը եւ ներգրավվեց ՀՀՇ-ի հետ միասնական նախընտրական բլոկում: Ընդդիմությունը պառակտվեց: Դաշնակցականները, հետ մղելով պառակտիչների հարձակումները եւ չենթարկվելով խայծերին, սպառնալիքներին, շողոքորթությանը, նաեւ նրանց համակիր փոքրաթիվ կազմակերպությունները մնացին միայնակ իշխանությանը դեմ հանդիման, որը նոր-նոր էր զգացել արագ եւ անծախս հարստացման համը եւ կատաղած էր իշխող դիրքերը կորցնելու հեռանկարից:
Հետաքրքիր թեմա է, չէ՞: Ինչքան հիշողություններ արթնացան... Կշարունակենք թեման, չկասկածեք:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ