Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնութագիր
11-րդ դարի առաջին կեսին Արաբական խալիֆայությունում ապրում էր մի բժիշկ, համատեղության կարգով` ստրկավաճառության բնագավառի մասնագետ` Իբն Բութլան անունով: Նա իրենից հետո բավականին հետաքրքիր խրատական գիրք է թողել լավ ստրուկ գնելու կանոնների մասին: Դրանում մանրամասն նկարագրված են տարբեր ազգերից սերող ստրկուհիների եւ ստրուկների դրական ու բացասական հատկանիշները: Այդ աշխատության` ստորեւ ներկայացված հատվածն, անկասկած, կհետաքրքրի մեր հայրենակիցներին:
«Սպիտակամորթներից հայերն ամենավատ ստրուկներն են, այնպես, ինչպես նեգրերը (զինջերը)` սեւամորթների շրջանում: Նրանք նրբագեղ կառուցվածք ունեն, սակայն` անճոռնի ոտքեր: Ամոթխածությունը բացակայում է, գողությունը շատ տարածված է, ագահություն չեն ցուցաբերում: Նրանց բնույթը եւ նրանց լեզուն կոպիտ են: Եթե հայ ստրուկին թեկուզ մեկ ժամ առանց աշխատանքի թողնես, նրա բնույթը նույն պահին նրան կմղի չարը գործելուն: Նա լավ է աշխատում միայն ծեծով եւ վախից: Երբ տեսնում ես, որ նա ծուլանում է, ապա միայն այն պատճառով, որ դա նրան հաճույք է պատճառում, այլ ոչ թե թուլությունից: Այդժամ պետք է վերցնել մահակը, ծեծել նրան եւ պարտադրել անել այն, ինչ ուզում ես»:
Երբ առաջին անգամ կարդացի այս հատվածը, 19 տարեկան էի: Խոստովանում եմ` ահավոր վրդովվեցի: Ես վիրավորված էի` ինչպիսի զազրախոսություն իմ ժողովրդի հասցեին, որն ամենալավ, ամենաաշխատասեր, ամենաազնիվ եւ իմաստուն ժողովուրդն է: Ինչպես է համարձակվել կենդանի ապրանքի այդ ստոր վաճառականը իմ հայրենակիցների մասին նման զզվելի բաներ գրել: Ինձ մխիթարում էի ռազմարվեստի պատմաբանների աշխատություններով, որոնցում նշվում էր, որ միջնադարում հայերի հիմնական զբաղմունքը ոչ թե առեւտուրն էր, այլ պատերազմը. մեր նախնիները զինվորներ ու զորավարներ էին «մատակարարում» ամբողջ Արեւելքին` ե'ւ Բյուզանդիային, ե'ւ Եգիպտոսին (այդ երկրներում նրանք պարզապես ղեկավարում էին պետությունը) ե'ւ Լեհաստանին, ե'ւ Հունգարիային, ավելի ուշ ժամանակաշրջանում Եվրոպայում, շվեյցարական գվարդիականների նման, հայ վարձկանների ջոկատները հայտնի էին իրենց մարտունակությամբ ու պրոֆեսիոնալիզմով (կարդացեք Գ. Դելբրյուկի «Ռազմարվեստի պատմությունը» կամ Հ. Գելցերի «Բյուզանդիայի մշակույթի պատմությունը»):
Հետո մոտս գաղափար արթնացավ` համատեղել այդ երկու տեսակետը: Ստացվեց մոտավորապես այսպիսի շղթա. ստրկության մեջ հայտնվում էին հիմնականում գերի զինվորները (բարձրաստիճան զինվորականությանը, ինչպեսեւ հաջորդ դարերում, փրկագնի դիմաց ազատ էին արձակում): Զինվորին գերում են պատերազմի ժամանակ: Հայերը միջնադարում ռազմիկ ժողովուրդ էին եւ վարձկաններ տարբեր բանակներում, հետեւաբար` մասնակցում էին շատ պատերազմների: Նրանցից ոմանք գերի էին ընկնում եւ ստրուկներ դառնում, իսկ պատերազմի ժամանակ, որպես կանոն, գերի են ընկնում վախկոտ, դանդաղկոտ, անվճռական, ոչ հմուտ, անհաջողակ, ոչ ճարպիկ, անկարգապահ զինվորները: Հետեւաբար` ինչո՞ւ զարմանալ Իբն Բութլանի` հայ ստրուկի նկարագրության վրա: Ես այն ժամանակ միամիտ էի եւ չէի գիտակցում, որ իմ այդ պատկերացումները նրանց մասին, ովքեր հայտնվել էին գերության մեջ, համահունչ էին ստալինյան հրամաններին` գերի ընկածներին հավասարեցնել հայրենիքի դավաճաններին: Ես այնքան էլ ուշադիր չէի եւ չէի նկատել, որ հենց Իբն Բութլանը հույն ստրուկներին այլ կերպ է նկարագրում, իսկ նրանք նույնպես սեփական կամքով չէին գերի ընկել: (Ահա թե ինչ է նա գրում հույն ստրուկների մասին. «Հույն տղամարդկանց հարկ է օգտագործել տան կառավարման գործերում` կարգուկանոնի հանդեպ սիրո ու շռայլության հակում չունենալու պատճառով: Նրանք հաճախ նուրբ արհեստների գիտակ են»: Մեր ժամանակների հետ ինչպիսի հակադրություն):
Երկար ժամանակ պահանջվեց, որ հասկանամ` ծեր ստրկավաճառի բնութագիրն ամենեւին կանխակալ չէր, դա բավական իրատեսական գնահատական է: Պարզապես մենք չենք սիրում, երբ օտարները մեր դեմքին ճշմարտությունն են ասում: Մենք սիրում ենք, երբ հիանում են Գառնիի տաճարով ու Սբ Հռիփսիմե եկեղեցիով, մեր` հնագույն լինելով, խորովածով, աշխատասիրությամբ, տխուր, մուգ աչքերով, աղբյուրների համեղ ջրով, բնապատկերներով, այբուբենով, կոնյակով, Սեւանով եւ այլն: Իսկ երբ ինչ-որ մեկը, ինչպես Իբն Բութլանը կամ տեղացի խաբեբաների կողմից «քցված» մի օտարերկրյա անհաջողակ ներդրող համարձակվի ասել, թե մեզ մոտ գողությունը շատ տարածված է, իսկ ամոթը բացակայում է, մենք կվրդովվենք եւ կսկսենք նրա աչքերն ու ականջները «մտցնել» Թորոս Ռոսլինի մանրանկարները, Նարեկացու տաղերը, պատմել այն մասին, թե ինչպես ենք աշխարհում առաջինն ընդունել քրիստոնեությունը: Բայց համաձայնեք` ընդունել քրիստոնեություն եւ դառնալ քրիստոնյա` դրանք նույն բաները չեն: Արդի հայ հասարակության իդեալներն ու արժեքները որեւէ գենետիկական կապ չունեն Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու կամ Թորոս Ռոսլինի հոգեւոր հարստության հետ. այդ անուններին արժանի հարկավոր է դառնալ: Այնպես, ինչպես քրիստոնյա դառնալու համար ձեւական մկրտությունը բավարար չէ:
Այն ժամանակներից, երբ Իբն Բութլանը գրում էր իր խրատը, անցել է հազար տարի, իսկ գողանալ չենք դադարել, ազնիվ ու ամոթխած չենք դարձել: Մեր խոսքը կոպիտ է, ելեւէջները` լկտի (հեռուստահաղորդումները դիտեք, լսեք, թե ինչպես են միմյանց հետ խոսում մեր հայրենակիցները): Մեզանում սիրալիր մատուցողը հազմադեպ հանդիպող երեւույթ է, քանի որ սուրճը մատուցում է արհամարհանքով եւ ձեզ հետ տեղերով փոխվելու` վատ թաքցրած երազանքով: Մեր հավաքարարների, փողոց մաքրողների, փականագործների մասին է՞լ պատմեմ, թե՞ ինքներդ գիտեք: Իշխանությունների ջանքերով մենք մնացինք առանց աշխատանքի (ոչ մեկ ժամով, այլ երկար տարիներ), եւ բնույթը մեզ մղում է չարը գործելուն, այնպես չէ՞: Դա, իհարկե, վերաբերում է ոչ միայն մեզ. արժանապատիվ աշխատանքից կտրված ցանկացած հասարակության հետ կարող է նույնը կատարվել, սակայն ինձ այլ հասարակություններ չեն հետաքրքրում, ես ապրում եմ մերի մեջ:
Իհարկե, անճոռնի ոտքերի մասին գրելիս Իբն Բութլանը չափազանցրել է, թեեւ... Լավ, այդ թեման չշարունակենք: Սակայն մի դիտարկում, այնուամենայնիվ, կներկայացնեմ: Մի «հայագետից» լսել եմ հետեւյալ դատողությունը, թե հայերի ոտքերը կորցրել են իդեալական արիական սլացիկությունը 13-15-րդ դարերում մոնղոլական արյան որոշակի ներհոսքի պատճառով: Այն, իհարկե, եղել է, եւ մոնղոլ-քոչվորի ոտքերը 4 տարեկանից ձիուն նստելու պատճառով իսկապես ծուռ են: Սակայն նախ` դա ձեռքբերովի հատկանիշ է, գենետիկորեն չի փոխանցվում, երկրորդ` Իբն Բութլանը գրել է մոնղոլական արշավանքներից շատ առաջ...
Ի դեպ, այս ամենը, թեեւ տհաճ է, սակայն, ի վերջո, այնքան էլ կարեւոր չէ: Դուք խորացեք խրատի գլխավոր իմաստի մեջ` ՀԱՅԵՐԸ ԱՄԵՆԱՎԱՏ ՍՏՐՈՒԿՆԵՐՆ ԵՆ: Բայց սա, կարծես, լա՞վ բան է: Ուռա՜, մենք վատ ստրուկներ ենք, մենք չենք կարող, չենք ցանկանում, չենք սիրում ենթակա լինել: Չենք սիրում պարտադրանք, օտարի համար աշխատում ենք միայն ծեծի սպառնալիքի տակ: Մենք ազատություն սիրող ժողովուրդ ենք: Մենք Հռանդեայի, Ավարայրի, Սարդարապատի ժողովուրդն ենք, մենք ազատագրել ենք Արցախը:
Իսկ հիմա, ազատասեր ժողովրդի սիրելի' ներկայացուցիչներ, սանձենք զգացմունքները եւ շարժվենք առաջ: Իբն Բութլանի գրածը 1000 տարի առաջ էր: Կարելի է եզրակացնել, որ գոնե այն ժամանակ մենք հակված չենք եղել ստրկության (հիմա պատկերը, իհարկե, այլ է): Իսկ եկեք տեսնենք` ո՞վ էր հակված, ո՞ւմ էին լավ ստրուկներ համարում: Սլավոններին եւ թուրքերին: Իբն Բութլանի ժամանակ ո'չ առաջինները, ո'չ երկրորդները կայուն պետական միավորումներ դեռեւս չունեին: Հայերն` արդեն չունեին: Սակայն ապագայում նախ` թուրքերին, ապա` սլավոններին վիճակված էր ստեղծել հզոր կայսրություններ: Իսկ մեզ` հայերիս, կառչել ինքնությունը պահպանելուց ու գոյատեւումից` այդ նույն կայսրությունների երկաթե ճիրաններում:
Մտորումների տեղիք է տալիս, այնպես չէ՞: Մի՞թե ուժեղ պետություն ստեղծելու կարողությունը այդքան կախված է ժողովրդի` ենթարկվելու կարողությունից: Հավանորեն` այո, չէ՞ որ ենթարկվելը ուղղակիորեն կապված է ազատ լինելու կարողության հետ: Հիշո՞ւմ եք քրեստոմատիաներից հայտնի արտահայտությունը` «Ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է». այն վերագրում էին Մարքսին, թեեւ հեղինակը Սպինոզան է: Ծառայել կարողանալը վերաբերում է բոլորին, ոչ միայն նրանց, որոնց ներկայիս քաղաքական խոսելաոճով կոչում են բնակչության սոցիալապես խոցելի խմբեր, սակայն, առաջին հերթին, իշխող խավին. այն պետք է կարողանա պատրաստակամությամբ ծառայել պետական գաղափարին (ոչ թե շեֆի քմահաճույքներին, բարեկամներին, թագավոր-ախպորը) եւ պետական (ոչ թե անձնական) շահերին: Եվ եթե ժողովուրդը տեսնում է, որ իր ղեկավարները կարող են ծառայել ոչ թե գրպանին, այլ հայրենիքին, կարող են ինքնազոհողության գնալ աշխատանքում կամ պատերազմի ժամանակ, ինքը նույնպես կսկսի ծառայել եւ հայրենիքը կայսրություն դարձնել: Իսկ երբ ղեկավարները դա չեն կարող անել կամ չեն ցանկանում, այնժամ ժողովուրդը, հատկապես` երիտասարդությունը, անխուսափելիորեն դառնում է հանդուգն, անպարկեշտ եւ լկտի, որոնցով փորձում է փոխարինել ազատությունը: Սակայն իրական ազատություն առանց ծառայության չի լինում, առանց ծառայության բոլորի համար ստրկությունն ապահովված է` տանը, թե` օտարության մեջ, կուշտ, թե` քաղցած. ում բախտն ինչպես բերի: Այդ ժամանակ սփռվում ենք աշխարհում, սկսում ծառայել օտար բանակներում, առաջ տանել օտարների գիտությունը, կառուցում օտարների քաղաքները, ստեղծում գրքեր, երաժշտություն, նկարներ` դարձյալ օտարների համար: Սեփական տանը իրական ազատություն կառուցելու անկարողության հետեւանքով անհագորեն կուլ ենք տալիս դրա պատրանքը օտարության մեջ:
Դե, ի՞նչ, արդյո՞ք այդքան սխալվում էր ծեր արաբ ստրկավաճառը:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ