Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարգելի ընթերցող, ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը պետք է կասեցնել» հոդվածի 5-րդ մասը:
Անցած անգամ մենք կանգ առանք կեղծ քաղաքական այլընտրանքների վրա, որոնք իշխանություններին հնարավորություն են տալիս ոչ միայն մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը, այլև վերաձևել ընտրական դաշտը սեփական հայեցողությամբ: Բերեմ նման շեղող հնարքների պատկերավոր օրինակ, որը ես տեղադրել էի 2012 թվականի նախընտրական բլոգերից մեկում:
«Դուք երբևէ տեսե՞լ եք` ինչպես է թռչում ժամանակակից ուղղաթիռը վտանգավոր տարածքի վրայով, որտեղից նրա վրա ուղղված են թշնամական զենիթային կայանները: Այն բաց է թողնում ջերմային թակարդներ՝ կեղծ թիրախներ, որոնք իրենց ջերմությամբ շեղում են իր ուղղությամբ բաց թողնված ինքնաուղղորդվող հրթիռները: Այսինքն՝ ուղղաթիռը, օգտագործելով հրթիռի գործողությունների կանխատեսելիությունը, ստեղծում է նրա համար հրապուրիչ, սակայն բացարձակ կեղծ այլընտրանք: Նմանատիպ սկզբունքով են առաջնորդվում մեր իշխանությւոնները գրեթե բոլոր ընտրություններից առաջ՝ թե’ խորհրդարանական, թե’ նախագահական: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ. նույնիսկ դպրոցական վիկտորինայի մասնակիցները հեշտությամբ կթվարկեն իշխանությունների նախաձեռնությամբ արհեստականորեն ստեղծված կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, որոնց միակ նպատակը կեղծ (ամենից հաճախ՝ մկանա-ֆինանսական և ֆինանսա-պոպուլիստական) ձգողականության բևեռներ ստեղծելը և մաքսիմալ թվով ընտրողների գրավելն է` շեղելով ընտրազանգվածին իրական այլընտրանքներից և սեփական երկրի ճակատագրին ակտիվ մասնակցելու փորձերից: Չնայած վերջին տարիներին գրանցված որոշակի առաջընթացին, ցավոք, հասարակական զարգացման մակարդակը դեռևս թույլ է տալիս նման մանիպուլյացիաներ: Սակայն եթե մեր իշխանությունները ծանոթ լինեին Ռոբերտ Շեկլիի «Պահապան թռչունը» պատմվածքին, նրանք գոնե ականջի ծայրով լսած կլինեին ոչ պատահականորեն ծնված լեգենդների և միջնադարյան հոմունկուլուսների, Գոլեմի, Ֆրանկենշտեյնի և մյուս՝ ժամանակի ընթացքում վերահսկողությունից դուրս եկող և սեփական կյանքով ապրել սկսող արհեստածին երևույթների մասին, որոնք վերջիվերջո կործանում են իրենց ստեղծողներին:
Սակայն կեղծ այլընտրանքների ստեղծումը պարզապես նախընտրական հնարք չէ. դա մեր երկրում (և ոչ միայն) իշխանության վերարտադրության և պահպանման տեխնոլոգիայի բաղադրիչներից մեկն է: Բնական, թե արհեստական ծագում ունեցող քաղաքական ուժերի թվացյալ բազմազանության, շատ քաղաքական քայլերի և երևույթների ոչ այնքան պարզ դրդապատճառների քաոսում մեր հասարակությունում ուրվագծվում է քաղաքական գործընկերների և հակառակորդների հարաբերությունների ունիվերսալ և պարզունակ բանաձև՝ ընկեր-թշնամի-դավաճան: Չորրորդը չկա: Եթե ընկեր չես, ուրեմն թշնամի ես: Եթե ընկեր ես, բայց համարձակվում ես դեմքին ասել ճշմարտությունը և ստրկամտորեն չես ծափահարում սխալներին՝ ուրեմն դավաճան ես: Համարյա ինչպես բոլշևիկների մոտ էր կամ Պարագվայի դիկտատոր Ստրեսսների, որը սիրում էր կրկնել՝ բարեկամների համար ամեն ինչ, թշնամիների համար՝ օրենք:
Այդ պատճառով էլ օրեցօր աճում է իշխանության «բարեկամների» հանդգնությունը, որոնց թույլ է տրված ամեն ինչ. թիկնապահներ ուղարկել արդեն ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև անձնական թշնամիների և պարզապես դուր չեկած մարդկանց դեմ, թելադրել երիտասարդ սերնդին սեփական ճաշակ և արժեքներ, կեղծել ցանկացած ապրանք և իրացնել անորակ և առողջության համար վտանգավոր մթերք, բարձրացնել գները սեփական հայեցողությամբ, խուսափել հարկերից և բանակում ծառայելուց, քրեական և ցանկացած այլ պատասխանատվությունից:
Այդ պատճառով էլ երկրի բնակիչները վախենում են օրենքից. այն իր ամբողջ խստությամբ շուռ է գալիս նրանց դեմ, երբ նրանք փորձում են լուրջ մոտենալ Սահմանադրությանը, բնակչությունից վերածվել քաղաքացիների և պաշտպանել սեփական իրավունքները իշխանական վերնախավի հովանավորյալների անիրավություններից:
Դա վերջերս տեղի է ունենում ավելի ու ավելի հաճախ, այդ պատճառով մեր իշխանությունները որոշել են իրական ներքաղաքական գործընթացներին մոտ թողնել միայն իրենց մերձավորներին՝ կաֆկյան ամրոցից: Իսկ քանի որ այդ ամրոցից բացի գոյություն ունի նաև արտաքին աշխարհ, Հայաստանի իշխանավորները գտել են յուրահատուկ ելք. նրանք պարզապես տարանջատել են իրականությունը երկու՝ իրար հետ շատ թույլ կապված զուգահեռ իրողությունների: Մի աշխարհը բարեկամների համար է, մյուսը՝ թշնամիների, այսինքն` քաղաքացիական հասարակության համար ռեզերվացիա: Այն վիրտուալ աշխարհում, որը տեսնում ենք հեռուստատեսությամբ, իշխում է նորմալ կյանքի իմիտացիա. այնտեղ հաջող մակրոտնտեսական ցուցանիշներ են, այնտեղ աճում են աշխատավարձերը և կենսաթոշակները, ընտրությունները ավելի ու ավելի արդար և թափանցիկ են, ծաղկում են այգիներն ու տեխնոպարկերը, մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը հարգում են ամբողջ աշխարհում: Մի խոսքով՝ անկախ բոլոր թերություններից (որոնք արմատախիլ են արվում) և սխալներից (որոնք ուղղվում են), երկիրը առաջ է շարժվում: Իսկ մյուս, իրական աշխարհում... կաշառքներ են տալիս և վերցնում՝ ընտրական և սովորական: Այնտեղ ոչ թե աշխատավարձերն են աճում, այլ գները, իջնում է ոչ թե հանցագործության մակարդակը, այլ ապրանքների և կրթության որակը, այնտեղ իշխանավորների բարեկամները, թիկնապահները և սպասավորները կարող են մարդուն սպանել փողոցում և անպատիժ մնալ, ծեծելով սպանել ռեստորանի այցելուին և դատարանի առաջ չկանգնել: Այնտեղ կտրված ծառերի տեղում աճում են անճոռնի շենքեր և կրպակներ, այնտեղ գրոշներով վաճառում ենք երկրի ընդերքը՝ կորցնելով արժանապատվության մնացորդները, և հույսը դնում ենք աշխարհի ֆինանսական կենտրոնների նվիրաբերությունների վրա… Այնտեղ ապրում ենք մենք բոլորս: Եվ այնտեղից ընդմիշտ հեռանում ենք:
Սակայն եթե մի կողմ դնենք բոլոր վանող մանրամասները, ապա ամենավտանգավորը ոչ թե առաջընթացի բացակայությունն է, այլ անգամ անզեն աչքով երևացող հետընթացը՝ նույնիսկ ոչ հեռու անցյալի համեմատ: Այն ակներև է բոլոր ոլորտներում. նույնիսկ երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները թվում են զգալիորեն մանրացած: Մի խոսքով՝ ինչպես մայրամուտից առաջ, երբ չգիտես` կծագի՞ արդյոք արևը:
Բայց չէ՞ որ կուսակցությունները և կառավարությունը իրենք չեն իրենց առաջ խնդիրներ դնում և դրանց լուծման ալգորիթմներ մշակում: Այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ է մեր էլիտան: Մի՞թե նրանք են հավաքված երկրի, կուսակցությունների ղեկավարությունում: Մի՞թե նրանք են քաղաքական, տնտեսական, գիտական, ինֆորմացիոն և մշակութային ոլորտներում ղեկի մոտ: Պարզ է, որ ոչ: Ազգային էլիտան մեր հաջորդ թեման է:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ