Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերնախավի մասին (շարունակություն)
Հիշո՞ւմ եք` անցյալ անգամ հիշատակեցի, իմ կարծիքով, գլխավոր տարբերությունը իրական եւ կեղծ վերնախավերի միջեւ: Իրական վերնախավն ունակ է կամավոր զիջելու եւ մի կողմ քաշվելու (ընդգծում եմ` կամավոր), եթե դա պահանջում են բարձրագույն շահերը, մինչդեռ կեղծ վերնախավը իշխանությանը կառչում է ատամներով ու մագիլներով, ամեն գնով, բոլոր հանգամանքներում: Եվ այստեղ կարեւոր եզրակացության ենք հանգում` արդեն կարող ենք շոշափել հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Հայաստանում չեն հաջողում բարեփոխումները, ինչո՞ւ է կանգ առել երկրի զարգացումը:
Այն հասարակություններում, որոնց քաղաքական կյանքի կուլիսներում պահպանվում է (ինչպես Եվրոպայում) կամ ստեղծվում ու զարգանում (ինչպես Նոր աշխարհում) ավանդական ազնվականությունը` որպես վերնախավի անհրաժեշտ հատկանիշների պահապան եւ դրա բարոյական դատավոր, այնտեղ ժողովրդավարության արատները հնարավոր է լինում հարթել արդյունավետության այս կամ այն չափով: Որքան էլ անորակ լինի նման հասարակություններում իշխանությունը, վերնախավի ձեւավորման ու գործունեության` դարերի ընթացքում կուտակված եւ փորձարկված չափանիշները լավ ֆիլտր են ազգային ինքնությանը սպառնացող այլածին ներթափանցումների համար: Սակայն այնտեղ, որտեղ մի շարք պատմական պատճառներով ավանդական ազնվականությունը (արյամբ կամ ոգով` կարեւոր չէ) ոչնչացվում է կամ արտաքսվում, գործի է դրվում ժողովրդավարության ամենապարզունակ բանաձեւը` մեծամասնության հաղթանակը, որն, ի վերջո, հանգեցնում է անգունության, հիմարության, լպիրշության, ագահության եւ տգիտության հաղթանակին: Պատճառը պարզ է` ցանկացած հասարակության մեջ չափազանց քիչ են մարդիկ, որոնց մեջ համատեղվում են ե'ւ խելքը, ե'ւ կրթվածությունը, ե'ւ ազնվությունը, ե'ւ լավ դաստիարակությունը, ե'ւ արժանապատվությունը, ե'ւ առողջ ազգայնականությունը: Նման մարդիկ, իհարկե, կան, սակայն նրանք մշտապես շատ սակավաթիվ են եւ վերնախավի մաս կարող են կազմել միայն երկու պայմանի առկայության դեպքում` առաջին` պետք է պահանջված լինեն նրանց հատկանիշները, երկրորդ` նրանց շրջանում պետք է լինի ուժ (պարտադիր չէ, բայց ցանկալի է իշխանություն), որը կունենա վերնախավի սելեկցիայի ավանդույթներ եւ սկզբունքներ: Եթե այդ ուժը չկա, եւ վերնախավային հատկանիշները պահանջարկ չունեն, առաջին պլան է դուրս գալիս բոլորվին այլ հանրություն: Հենց այդպիսիք են տեղ գտել հետխորհրդային հասարակությունների բարձրագույն էշելոններում:
Դիտարկենք Ռուսաստանը. Ռյուրիկից մինչեւ Նիկոլայ Երկրորդ ռուս ժողովուրդը, ռուս ազնվականությունը ստեղծում եւ դաստիարակում էին ազգային վերնախավ, որը, իր հերթին, կառուցում էր մեծ երկիր, մեծ մշակույթ: Սակայն ընդամենը մի քանի ճակատագրական սխալները հազարամյա միապետությունը եւ Ռուսաստանի ժողովրդին հասցրեցին աղետի. եկավ 1917 թվականը, եւ փայլուն վերնախավը ոտնատակ գնաց, ոչնչացվեց, արտաքսվեց: Բայց նույնիսկ 100 տարի անց կայսերական իներցիան երկիրը պահում է շարժման, զարգացման մեջ: Թե ո՞ւր է տանում այդ զարգացումը, այլ հարց է. Ռուսաստանի մասին կխոսենք առանձին առիթով:
Հայ ազնվականությունը, մի քանի բացառություններով, երբեք, կարծես, աչքի չի ընկել սեփական երկրի ու ժողովրդի բարգավաճման եւ վսեմության համար պատասխանատվության սուր զգացումով, նույնիսկ` լիակատար կամ մասնակի ինքնիշխանության ժամանակաշրջաններում: Այն բավականաչափ հիմնավորված, հավակնոտ չէր: Կամ գուցե շատ հավակնոտ էր, որպեսզի սեփական բարեկեցությունը կապեր բացառապես սեփական հայրենիքի բարգավաճման հետ: Դրա պատճառների վերլուծությունը հատուկ ուսումնասիրման թեմա է, սակայն ցավոք, լավ հայտնի են օրինակներ, թե ինչպես են հայ ազնվականության ականավոր դեմքեր, նույնիսկ` թագավորներ, հանգիստ լքել հայրենի երկիրն ու սեփական շրջապատով, զորքով օտար երկրներում ծառայության անցել` թողնելով հայրենիքը կիսադատարկ ու անպաշտպան: Միապետության ինստիտուտի թուլությունը, հավանորեն, պատահական չէր, այն նշանավորում էր ավելի խոր երեւույթ` պետական իշխանության թուլությունը` ընդհանրապես: Համենայն դեպս, այդ թեմայի մեջ էլ հիմա չենք խորանա: Ինչպիսին էլ լինեն պատճառները, փաստը մնում է փաստ, որ արդեն հին միջնադարում եկվոր քոչվոր բարբարոսների ճնշման տակ հայ ազնվականությունը` որպես ազգային վերնախավի իրական գործոն եւ ձեւավորման աղբյուր, գործնականում դուրս եկավ պատմական ասպարեզից` պահպանելով միայն ուրվականային, առասպելական ներկայությունը հասարակական հիշողության մեջ:
Չունենալով սեփական պետականություն` Հայաստանում ազգային վերնախավը ձեւավորվում էր օտար վերնախավերի ու գաղափարախոսությունների ազդեցության տակ: Այդ իսկ պատճառով այն այդքան փխրուն ու անկայուն եղավ իշխանության լծակներին ձգտող (եւ հասած) խաժամուժի, մութ ու ցուրտ տարիների բարոյական եւ նյութական դժվարությունների, պատերազմի փորձության առաջ: Պետք է ցավով խոստովանել` ուշ Ռուսական կայսրության եւ խորհրդային ժամանակաշրջանների (երկրորդով շատերը իրավամբ հպարտանում են եւ կարոտախտով հիշում) մեր փայլուն մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց անձնական ճակատագիրը չէին ընկալում որպես հայ ժողովրդի պատմական ճակատագրի բաղկացուցիչ մաս, այդ իսկ պատճառով չկարողացան ստեղծել ազգային վերնախավերին բնորոշ կարեւորագույն ավանդույթը` մասնակից լինելու եւ զոհաբերվելու ավանդույթը: Փորձությունների տարիներին, նաեւ պարզապես մասնագիտական եւ կարիերայի աճի նկատառումներով նրանք հաճախ լքում էին (եւ շարունակում են լքել) հայրենիքը` իրենց վրա պատասխանատվության բեռ վերցնելու ուժ չգտնելով: Ճակատագրի` ազգային եւ սեփական, ողբերգական երկվության պայմաններում հայ մտավորականի ընտրությունը հաճախ նրան տանում է արտաքին կամ ներքին արտագաղթի: Սակայն, նույնիսկ սեփական ընտրությունից անկախ, նրան այդտեղ է քշում կեղծ վերնախավի ճնշումը: Մենք խոսում ենք իրական մտավորականների մասին, քանի որ այլ մտավորական չի էլ լինում: Մյուսները հենց կեղծ վերնախավն են: (Դա, ի դեպ, բավականին հստակ նկատվում է նաեւ Հայաստանի շատ քաղաքական կուսակցությունների էվոլյուցիայում):
Հայ ազգային պատասխանատու վերնախավի ի հայտ գալու ամենաբարենպաստ պահը` անցյալ դարի 80-ականների վերջը եւ 90-ականների սկիզբը, անտաղանդ կերպով ձեռքից բաց թողեցինք: Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած ու իրենց ռաբիս-ազգայնականության նեղ շրջանակներից, կիսագողական հասկացություններից դուրս ամեն ինչ մերժող (այդ թվում` գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի եւ փորձի արժեքը)` գավառական խուլիգանի մենթալիտետով կոկորդ կրծողները Հայաստանի կրթված շերտերի շրջանում երկար ժամանակով կոտրեցին երկրի քաղաքական (նաեւ ցանկացած այլ) բարեփոխմանը եւ զարգացմանը մասնակցելու ցանկությունը: Քանի որ «մասնակից լինել» ինչ-որ կարեւոր գործի նշանակում էր եւ հիմա էլ նշանակում է մեկ բան` մասնակից լինել իշխանությանը, այլապես ձեզ ոչ մի բանի մոտ էլ չեն թողնի: Ընդ որում` այդ իշխանության կազմը, գործունեությունը եւ վերարտադրման մեթոդները մտավորական մարդուն ամենեւին հույս չեն ներշնչում, որ որեւէ բարեփոխում հնարավոր է: Չէ՞ որ իրական բարեփոխումը կարող է կյանքի կոչվել միայն ու միայն մեկ պայմանով` նրանք, ովքեր հանձն են առնում դա անել, պետք է հստակ գիտակցեն, որ եթե բարեփոխումն իրական է, դրա արդյունքում կարող է իշխանափոխություն լինել (եւ, որպես կանոն, այդպես էլ լինում է): Սեփական իշխանության կորստի գնով բարեփոխում իրականացնելու գիտակցումը եւ պատրաստակամությունն են հենց բարեփոխման իրական լինելու եւ բարեփոխիչ ուղեգիծ բռնած իշխանությունների անկեղծության գլխավոր չափանիշները: Մնացածը` ինքնավստահ փայլուն ճառերը, փայլուն թղթին տպագրված փորձագիտական գնահատականները եւ պաշտոնյաների աչքերի գորովագին արցունքները, գրոշի արժեք չունեն: Բոլորին վաղուց հայտնի է, որ հայկական իշխող դասակարգը ունակ է միայն այնպիսի բարեփոխումների, որոնք չեն սպառնում իշխանությանը: Արդեն 2 տասնամյակ է` Հայաստանում բարեփոխումները հենց այդպիսին են. յուրաքանչյուրը դիտարկվում է իշխանության պահպանման եւ վերարտադրման հիմնական խնդրի պրիզմայով: Բավական է վերլուծել ընդամենը դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ դառնա ընդհանուր միտումը:
Ահա մեկ օրինակ: Սփյուռքահայությանը Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու հիմնախնդիրը հուզել է մեր հասարակությանը անկախության առաջին իսկ օրերից: Հարցը չափազանց հստակ էր` Սփյուռքը քաղաքական կամ տնտեսական արտագաղթի արդյունք չէ. օտարերկրյա մեր հայրենակիցների մեծ մասը զրկվել է հայրենիքից Ցեղասպանության հետեւանքով: Հետեւաբար, նրանք բնական եւ անօտարելի իրավունք ունեն` միանալ հարազատ ժողովրդին եւ երկրին` նրանց համար ընդունելի ցանկացած եղանակով` զբոսաշրջային այցերից մինչեւ մշտական բնակություն, բարեգործական աջակցությունից մինչեւ երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքին լիարժեք մասնակցություն: Այդպես մտածում եւ զգում էին ոչ միայն դաշնակցականները կամ հենց Սփյուռքի ներկայացուցիչները, այդպիսին էր ամբողջ ժողովրդի հասարակական տրամադրվածությունը` ե'ւ Հայաստանում, ե'ւ Արցախում: Եվ, իհարկե, սփյուռքահայերին Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրավունք տալը, անկախ նրանց` որեւէ քաղաքացիություն ունենալուց, դիտարկվում էր որպես ազգի միավորման ամենաուղղակի եւ անմիջական միջոց:
Սակայն ո՞վ էր թողնողը: Ոչ առանց հին, միայն ու միայն դեպի Մոսկվան կողմնորոշված ՊԱԿ-ային նոմենկլատուրայի ազդեցության` սկսեցին նողկալի խոսակցություններ տարածվել` այդ «ախպարները», նարինջ ու սիգար սիրողները կգան ու կգնեն ամեն ինչ` մեր գործարանները, ֆաբրիկաները, վարսավիրանոցները, ֆերմաները..., իսկ մենք, ի՞նչ է, ավելի վա՞տն ենք, չի կարելի նրանց քաղաքացիություն տալ, ամեն ինչ ինքներս կսեփականաշնորհենք: Եվ սեփականաշնորհեցին` ամենաավազակային մեթոդներով: Այդ բարեփոխման արդյունքը եղավ տնտեսական կոլապսը եւ ազգային սեփականության ոչնչացումը, ինչից չենք կարող ուշքի գալ մինչ օրս: Իսկ եթե գործարարության մեջ ավելի փորձառու սփյուռքահայերը մասնակցություն ունենային սեփականաշնորհման փուլին, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, այնպես չէ՞:
Սակայն այն ժամանակավա իշխանությունները նրանց հատկացրին խիստ սահմանափակ դեր` բարեգործություն հայրենիքում եւ արտասահմանում հայկական նոր ղեկավարությանը աջակցելուն ուղղված լոբբիստական ջանքեր: Այդ պատճառով էր ՀՀՇ ղեկավարությունը օրենք հորինել, ըստ որի` Հայաստանի քաղաքացիություն էր տրամադրվում այլ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում: Փաստացի, դա խտրական արգելք էր, որը հետո ամրագրվեց Սահմանադրության մեջ: Այդ անհեթեթ արգելքի իրական պատճառը, իհարկե, ոչ այնքան տնտեսական էր, որքան քաղաքական բնույթի երկյուղ. պարզ էր, որ, նոր հասարակության քաղաքական ակտիվ բաղադրիչը դառնալով, ոչ խորհրդային աշխարհի հայերը ոչ մի դեպքում չէին քվեարկի հօգուտ խորհրդային նոմենկլատուրայի տեղը զբաղեցնել հավակնողների: Նրանց գերակշիռ մասը կքվեարկեր դաշնակցականների օգտին, շատերը` հնչակյանների կամ ռամկավարների, սակայն` ոչ հօգուտ ՀՀՇ-ի եւ կոմունիստների. դա պարզ էր: Եվ իշխանության համար ավելի հեշտ էր խաչ քաշել ազգային միավորման դարավոր երազանքների վրա, քան վտանգի տակ դնել իր դիրքը:
15 տարվա պայքար պահանջվեց այդ նողկալի օրենքը չեղյալ անելու համար` 15 տարի եւ անհաշիվ կորուսյալ հույսեր, հնարավորություններ, չիրագործված տնտեսական նախագծեր, չկատարված ներդրումներ, Հայաստան, Ղարաբաղ, ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար չժամանած մարդիկ: Վերջապես, 2005 թվականին իշխող կոալիցիային մաս կազմող Դաշնակցության ճնշման տակ Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, եւ արգելքը հանվեց, թեեւ ներկայումս էլ Հայաստանի քաղաքացիություն ստանալը կապված է բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտների հետ: Սակայն, ըստ էության, իշխանությունը զիջման գնաց միայն այն պատճառով, որ անկախության 15 տարիների ընթացքում Սփյուռքում զգալիորեն մարեց ինքնիշխան հայրենիքի ձեռք բերման կապակցությամբ ոգեւորությունը: Քաղաքականապես ակտիվ արեւմտահայերի հին սերունդը, որը անկախ Հայաստանի գաղափարի եւ մեր ազգային իրավունքների վերականգնման անշահախնդիր կրողն էր, հեռացավ թատերաբեմից, եկան նոր մարդիկ, ի հայտ եկան նոր մոտիվացիաներ, Սփյուռքն էլ այլեւս ուրիշ էր` ինչպես կազմով, այնպես էլ կառուցվածքով ու իդեալներով: Այդ Սփյուռքն արդեն չի ձգտում հայրենիքում քաղաքական ակտիվության, այսինքն` իշխանությունների համար առանձնապես վտանգ չի ներկայացնում: Եթե Հայաստանում արմատական փոփոխություններ չկատարվեն, եթե երկիրը նոր առանցք ձեռք չբերի, ազգային արժեքների ձեւափոխումը Սփյուռքի կողքով էլ չի անցնի:
Ահա ձեզ օրինակ, թե ինչպես հանուն իշխանական դիրքերի պահպանման Հայաստանի ղեկավարները պարզապես ոչնչացրին Հայաստանի եւ հայ ժողովրդի որակական թռիչքի պոտենցիալ հնարավորությունը: Այս թեման մենք կշարունակենք:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ