կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-03 11:05
Առանց Կատեգորիա

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել. մաս 2

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել. մաս 2

Հարգելի ընթերցող, ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» հոդվածի երկրորդ մասը:   

 

90-ականների սկզբին` մինչեւ պառակտումը, հայկական ընդդիմությունն առաջարկեց Սահմանադրության` լավ մտածված ու պրոֆեսիոնալ մշակված համատեղ նախագիծ, որի վերաբերյալ բանավեճերը դարձան անկախության առաջին տարիների քաղաքական գործընթացի հենքը: Իսկ այդ գործընթացի խորապատկերը Ղարաբաղում ազգային-ազատագրական պատերազմն էր, մարդկային կորուստները, դեռեւս անսովոր շրջափակումը, մութ, ցուրտ, սոված օրերն ու գիշերները, բնակչության զանգվածային ելքը երկրից եւ բարձր հովանավորներ ունեցող, օրըստօրե լկտիացող գողականները, որոնք առաջնորդվում էին անարժանորեն մոռացված Վանիկ Սմբատի Սիրադեղյանի կարգախոսով` մեր դեմ խաղ չկա:

 

1994 թվականի վերջին իշխանությունների համար պարզ դարձավ, որ ժողովրդական վրդովմունքն այնքան ուժեղ է, որ նույնիսկ պառակտված ընդդիմությունն ի վիճակի է իրենց լուրջ պարտության մատնել խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ ժամանակ իշխանությունը, իր արտասահմանյան տերերի օգնությամբ, բոլոր ուժերը կենտրոնացրեց ավելի մեծ հեղինակություն վայելող եւ վտանգ ներկայացնող հակառակորդի` Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ: Ես արդեն հիշատակել եմ դաշնակցականներին թուլացնելու նախորդ փորձերի մասին` Հայաստանում եւ արտասահմանում արհեստականորեն զուգահեռ կառույցներ ստեղծելու միջոցով: Գործի դրվեց ցանկացած քարոզչություն` խորհրդային «մաշված» առասպելները «համաշխարհային իմպերիալիզմի շների ու խոշոր բուրժուազիայի վարձկանների» մասին, ծիծաշարժ կինեմատոգրաֆիական կլիշեներ (դրանք հիմա էլ են կիրառվում), կուսակցության` նախկինում թույլ տված սխալները, արտաքին հարաբերությունների ոչ այնքան թափանցիկ դրվագներ ու դրանց հետեւանքները, պատմության վիճելի փաստեր եւ, իհարկե, հիմնական սարսափազդու հնարքը` ահաբեկչության մեջ մեղադրելը: Ի դեպ, վերջինն այնքան էլ չէր վնասում Դաշնակցության համբավին, քանի որ հայ ժողովուրդը ե'ւ Սփյուռքում, ե'ւ Հայաստանում, ե'ւ Արցախում հարգում եւ գնահատում էր այդ կուսակցությանը ոչ թե բոլշեւիկների, հնչակների կամ ռամկավարների հետ գաղափարական վեճերում համոզիչ լինելու, այլ հենց հարվածին հարվածով պատասխանելու ունակության եւ պայքարի զինված մեթոդներին տիրապետելու համար: Ու թեեւ դաշնակցականները երբեք չեն կորցրել իրենց գլուխն ու զենքի դիմել սեփական երկրում (համենայն դեպս, ոչ մի հետաքննություն եւ ոչ մի դատարան նման բան ապացուցել չկարողացան), Դաշնակցության դեմ 1994 -ից սկսված բռնությունները հիմնված էին հենց այդպիսի մեղադրանքների վրա` ահաբեկչություն, զինված հեղաշրջման նախապատրաստում եւ այլն:

 

Սակայն մի կողմ թողնենք տերպետրոսյանական վարչակարգի ու դաշնակցականների բախումը, դա առանձին թեմա է` հին նախապատմությամբ, եւ դրա վերջակետը դեռ չի դրված: Կգա ժամանակը, եւ Դաշնակցության` Հայաստանում 20-րդ դարի վերջին քառորդի գործունեության, ի դեպ, նաեւ այլ կուսակցությունների պատմությունը կգրվի անկողմնակալ պատմաբանների կողմից (թեեւ, մյուս կողմից, որտեղի՞ց այդպիսիք):

 

Սակայն եթե փորձենք բացահայտել այն ժամանակվա իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը, պարզ կդառնա, որ Դաշնակցության առաջնորդների ձերբակալությունները եւ կուսակցության արգելումը նախերգանքն էին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական (1995թ.) եւ երկրորդ նախագահական (1996թ.) ընտրությունների, որոնք դրեցին ընտրակեղծիքների հիմքը, եւ այդ կեղծիքների կատարելագործումն աներեւակայելի հնարամտությամբ շարունակվում է մինչ օրս: Այդ ժամանակներից էլ հայկական քաղաքական լեքսիկոնում հայտնվեց «ամոթալի ընտրություններ» բառակապակցությունը, որով արդեն քանի տարի անընդհատ խարանվում են նմանատիպ բոլոր միջոցառումները: Իսկ այն, որ 1998 թվականին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, պարզապես նախապես չկանխատեսված, բայց լավ օգտագործված տարր էր անթափանցելի համակարգի եւ իշխանության անփոփոխ կազմի վերջնական ձեւավորման գործընթացում: Բոլորը` ե'ւ Հայաստանում, ե'ւ արտասահմանում, տեսան, որ աղքատացած ժողովրդի ատելությամբ սնուցվող հզոր հանրահավաքները իշխանության կողմից զիջումների, առավել եւս` նախագահի հրաժարականին չհանգեցրին. հանգստի (այն էլ` ոչ վերջնական) նա գնաց միայն իր իսկ ստեղծած հանցավոր խմբի ճնշման տակ:

 

Ճիշտ է, այն ժամանակ ոչ երկարատեւ իրական շանս ստեղծվեց` կառուցել կառավարման` եթե ոչ իդեալական, ապա գոնե առողջ համակարգ` բարդ իրողություններին ու ապագայի մարտահրավերներին համապատասխան: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ, շանսը բաց թողնվեց, քանի որ հենց այդ ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր գլխավոր ու ճակատագրական սխալը: «Գլխավոր սխալ» ասվածն այս համատեքստում չի նշանակում ամենանկատելի, կամ` որ դրա ստվերում մյուս սխալները չեն երեւում: Բանն այն է, որ Քոչարյանը ռիսկի չդիմեց` իշխանությունը արմատապես փոփոխելու համար. ընտրվելուց հետո նա չլուծարեց ՀՀՇ-ական խորհրդարանը` 1995-ի ամոթալի ընտրությունների ծնունդը (թեեւ նրան համառորեն խորհուրդ էին տալիս): Նա չցանկացավ իր իրական հենարանը դարձնել անկախ քաղաքական ուժերին, որոնք իրենց չէին արատավորել տերպետրոսյանական վարչակարգի հետ համագործակցությամբ: Իսկ անմիջապես նախագահականից հետո` 1998-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաղթանակ կբերեին հենց այդ ուժերին, եւ Հայաստանի զարգացումը բոլորովին այլ ուղղությամբ կընթանար:

 

Դա տեղի չունեցավ, շանսը, կրկնում եմ, բաց թողնվեց, քանի որ ապագա նախագահ Քոչարյանին հրամցրեցին բարձրագոչ, ինչպես թմբուկը, նույնքան էլ դատարկ կարգախոս` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», որը նրան վարպետորեն զրկում էր իրական քաղաքական աջակցությունից: Արդյունքում` նախկին ՀՀՇ-ականներից շատերը եւ նրանց արբանյակները, մինչ այդ մի գիշերվա մեջ դարձած «երկրապահ», շունչ առնելու ժամանակ ունեցան եւ արագ կերպարանափոխվեցին հանրապետականների, քանի որ իրեն գլխավոր հանրապետական էր հռչակել այն ժամանակ ամենազոր Վազգեն Սարգսյանը: Այդպիսով` նրանք պահպանեցին քաղաքական եւ տնտեսական գերիշխող դիրքը հասարակության մեջ, ինչը եւ դարձավ դրան հաջորդած եւ մինչ օրս շարունակվող դեգրադացիայի հիմնական պատճառը:

 

Ի դեպ, այն ժամանակներից սկսած` այդպես էլ շարունակվում է` Հանրապետական կուսակցությունն իրեն առաջնորդ է կարգում կուսակցական գործունեությունից` ընդհանրապես, եւ ցեղակրոն-հանրապետական գաղափարախոսությունից` մասնավորապես, հեռու հասարակական կամ ծառայողական բարձր դիրք զբաղեցրած կողմնակի անձանց: Ամբողջ աշխարհում հաջողակ կուսակցությունների առաջնորդները, ընտրություններում հաղթելով, դառնում են պետության ղեկավարներ: Հայաստանում հակառակն է` պետության ղեկավարները նախ քարշակի դեր են կատարում իշխող նշանակված կուսակցության համար, իսկ հետո գրոհում են այդ «նավը»` իրենց հռչակելով դրա նավապետ: Այդ ամենը, անշուշտ, տեղի է ունենում կուսակցական ենթարկվող վերնախավի բուռն, չդադարող ծափահարությունների ուղեկցությամբ:

 

Այսպես, երկրորդ նախագահի գործունեության սկզբում, նրա աչքի առաջ, իշխող կուսակցության էստաֆետը ՀՀՇ-ից ընդունեց Հանրապետական կուսակցությունը: Ընդ որում` ժողովուրդը լռում էր, ինչպես «Բորիս Գոդունով» ողբերգության վերջին արարում: Երկրում հաստատվեց «իշխանության փոփոխությունը իշխանությունների բացառիկ իրավունքն ու գործն է» քաղաքական բանաձեւի վրա հիմնված համակարգ: Ժողովուրդը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական միությունները այդ բանաձեւում ոչ մի կերպ չեն տեղավորվում եւ որոշումներ կայացնելու գործընթացի հետ որեւէ կապ չունեն: Նրանք ընդամենը հասարակական ակտիվության, քաղաքական գործընթացի պատրանքային ֆոն են ստեղծում: Իմ` մի շատ խելացի ծանոթի բնորոշմամբ` իշխանությունը տեղափոխվել է կաֆկայական ամրոց` պատնեշվելով հասարակությունից համարյա անթափանց պատով եւ ժողովրդին, որպես զվարճալիք, թողնելով միայն անպտուղ պոռթկումները:

 

Ինչո՞ւ երկրորդ նախագահը, ում հետ այդքան հույս էր կապվում, թույլ տվեց դա: Որովհետեւ արդեն 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրան ըմբռնելի ձեւով բացատրեցին` նախագահի ընտրության մեխանիզմները ոչ մի ընդհանուր բան չունեն անձնական հեղինակության եւ ժողովրդի կողմից այդ հեղինակության ճանաչման հետ: Հայաստանում սա անխախտելի կանոն է, եթե դրան չես հետեւում, նշանակում է տեղ չունես իշխանության մեջ, չես էլ կարող մնալ այնտեղ: Պարզապես զարմանալի է, թե ինչպիսի հետեւողականությամբ էին կանխվում հասարակության` իր ճակատագրի ընթացքին միջամտելու փորձերը: Ահա ցայտուն օրինակ` 2003-ի նախագահական ընտրությունները: Առաջին փուլում միայն վարչական ռեսուրսի շնորհիվ հաղթանակի հասնել չհաջողվեց, իսկ երկրորդ փուլում գործն իրենց ձեռքը վերցրեցին Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը: Նրանք ճիգ գործադրեցին եւ հասան հաջողության` իրենց թեկնածուի համար ապահովելով համեստ, բայց ամուր ու հուսալի գերակշռություն: Լուրջ վտանգ առաջացավ (իսկ ժողովրդի համար` հույս), որ նախագահը կընտրվի առանց վիրտուոզ խարդախությունների եւ տարատեսակ կիսաքրեական ղեկավարների նյութական ավանդի` առանց գողականների, ուժային կառույցների, ԿԸՀ-ական խորամանկ խարդախների, գավառական ցեղական առաջնորդների ու նրանց շքախմբերի, այլ հիմնականում քաղաքական ակտիվիստների ուժերով ու քաղաքական մեթոդներով: Վերեւներում իրենց «կաշվով» զգացին այդ վտանգը: Ի՜նչ իրարանցում սկսվեց: Մինչ ընտրատեղամասերը փակելը` վերջին ժամերին, թե ի՜նչ էր կատարվում: Մկանների անտեղի խաղ, արձանագրություններում անտեղի լրացումներ, քվեաթերթիկների անտեղի լցոնում, անտեղի լարվածություն ու վազվզոց: Թքելով երկրի հեղինակության ու շահերի, անգամ` հենց իշխանության վրա, ծառայում էին ուժերի գերլարումով` ապականելով ու փչացնելով համեստ, բայց ազնիվ հաղթանակը, այն վերածելով հերթական ամոթալի իրադարձության: Եվ այդ ամենը` մի նպատակի համար` որպեսզի ծնունդ առնող քաղաքացիական հասարակության մտքով չանցնի մտնել «տիրելու» գործերի մեջ, իսկ «տնօրենի» (այսպես են երկրի ղեկավարության կիսագողական շրջանակներում անվանում նախագահին) գլխում հանկարծ չծնվի այն ըմբոստ միտքը, թե ընտրվել կարելի է նաեւ ժողովրդի կամքով: Աստված մի արասցե, որ ժողովրդական զվարճալիքը` ժողովրդավարությունը, ինչ-որ մեկը լուրջ ընդունի:

 

Սակայն շուտով պարզ դարձավ, որ ժողովրդական զվարճալիքից իշխանությունները կարող են օգուտ քաղել: Մի մոռացեք` սկսվել էր 21-րդ դարը, Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին էր, եւ առանց ուրախ, ժողովրդավարական երագներով ներկված ճակատի դժվար կլիներ: Եվ այստեղ հայկական իշխանություններին օգնության հասավ արեւելաեվրոպական կոմունիստական երկրների` նախորդ մասում նկարագրված «բազմակուսակցական» փորձը, որը կարելի էր քողարկել «անցումային շրջանի բազմակարծությամբ»: Իշխող կուսակցության անփոփոխության մոդելը` առաջատարի նրա դերը չվիճարկող այլ կուսակցությունների առկայության պայմաններում, Հայաստանում դարձավ իշխող: Ով ընդունում է դա, դառնում է համակարգի մաս եւ կարող է կաֆկայական ամրոցում հայտնվելու հույս փայփայել, կամ` գոնե դրա մատույցներում: Իսկ ով չի ընդունո՞ւմ: Նրանց եւ մյուսների մասին շուտով կխոսենք:

 

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ