Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարգելի ընթերցող, ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը պետք է կասեցնել» հոդվածի 4-րդ մասը:
Նախաբանի փոխարեն
Միշտ ոգևորվում եմ, երբ իմ հոդվածներին ի պատասխան ագրեսիվ, թունոտ մեկնաբանություններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, մյուսները լի են մաղձով, չարությամբ, որոնց հեղինակները անգամ ինտելեկտուալ ձևանալով, ի զորու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ` դո՞ւր են գալիս ինձ դրանք, թե՞ ոչ: Ես, ինչպես մեկնաբանությունների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հավատում են ինձ առանձին անհատներ, թե` ոչ, ինձ համար, ներեցեք, միևնույնն է... Խոսքի ազատության սկզբունքը ոչ միայն ցանկացածիդ ասելու իրավունքն է, այլև չլսելու: Իսկ ոգևորում է ինձ այն, որ մեկնաբանողների վրդովված գրառումներում, նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ լավ չեն հասկացել հոդվածի իմաստը, զգում եմ շփոթմունք և ամոթի զգացողություն...
Նրանցից շատերը երևի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները բարիկադներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) և բանտ նստում հանուն իրենց ազատության, իրենք լռում էին և թաքցնում գլուխները ոտքերի արանքում: Բայց չէ ՞ որ այն ժամանակ էլ կար խոսքի ազատություն, և կարելի էր չլռել: Եվ բանտ էլ նստում էին հենց նրանք, ում մեկնաբանությունների քաջ և անանուն հեղինակներն անվանում են դավաճան: Ընդհանրապես, «դավաճան» բառը պետք է զգուշորեն գործածել: Քանի որ ու ՞մ կարելի է դավաճանել: Նրան, որ քո հավատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թե ընտրակաշառքների թակարդն է ընկել, և ում չեն շեղել կեղծ այլընտրանքների`սիրամարգի պոչի նման գույնզգույն խոստումները: Իսկ քանի ՞ նման կայուն և հավատարիմ մարդ է եղել մեր հասարակությունում: Արդյո ՞ք նրանք շատ են այժմ: Ցավոք, ոչ: Մեր հասարակությունը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկության, որը կգա առանց իր անմիջական մասնակցության: Դրա օրինակները շատ են: Եվ միշտ արդյունքը հիասթափությունն է եղել: Վերցնենք մեր ոչ վաղ անցյալը, որ հիմնական լեյտմոտիվը փրկչի փնտրտուքն է: Միայն հաշվեք, թե քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում:
De mortuis nil nisi bonum` հանգուցյալների մասին կա’մ լավը, կա’մ ոչինչ, իհարկե, սակայն հիշեք 90-ականների վերջը, երբ փրկչի փնտրտուքը առաջին անգամ երևան հանեց մեր հասարակության` վաղուց հեռացած քաղաքական դեմքերին հարություն տալու բացառիկ կարողությունը:
Իսկ երկուհազարականնե՞րը….
Մոսկովյան մեսսիա Արկադի Վարդանյանը իր բուռն բազմամարդ հանրահավաքներով, որոնց հետևեց նահանջը և հույսերի տապալումը: Հետո արդեն տեղական հերոսների շքերթը` Արամ Կարապետյան, Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Արթուր Բաղդասարյան, Տիգրան Կարապետիչ, կոնգրեսական առաջնորդները` ԼՏՊ-ի գլխավորությամբ և վերջապես` համահայկական ղեկավարության ձգտող էքստրավագանտ հավակնորդը, որը զարմացրեց բոլորին քաղաքական հացադուլը նախազատիկյան պասի վերածելու կարողությամբ:
Բոլորը խոստանում էին պարզապես մետաքսյա-բամբակյա հեղափոխություններ, սակայն արդյունքում` կրկին նահանջ, երբեմն սրտխառնոց առաջացնող նահանջողականություն, և նորից հույսերի փլուզում...
Բայց դաշնակցականներին այս աստղաբույլի հետ մի խառնեք: Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, մեզնից մի’ դժգոհեք, մենք չենք դավաճանել ձեր հույսերը, քանի որ դուք մեզ հետ ոչ մի հույս չէիք էլ կապել: Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը, կամ այլ խոսքերով` որ ձեզ հիմարի տեղ դնեն: Եվ արդյունքում ունեք այն, ինչին արժանի եք: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ Դաշնակցությունը միակ կուսակցությունն է հայ իրականության մեջ, որը բացեիբաց ընդունում է իր սխալները և բաց քննադատության է արժանացնում սեփական անցյալը և սեփական ղեկավարությանը:
ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ ՆԱՅԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ:
Նույնը, ցավոք, վերաբերում է մեր հասարակությանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ արհամարհական և Դաշնակցությանը ազգի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրող գրառումները թողնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ մեր կյանքում ինչ-որ բան սխալ է, բայց սեփական մեղքը տեսնել չեն ուզում: Սովոր չեն:
Դուք չե՞ք նկատել` ովքեր են ամենից շատ և հաճախ բողոքում և դժգոհում կյանքի և աշխարհի անարդարությունից: Նրանք, ովքեր երբեք և ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մեկը կամ մյուսը: Ցավով ստիպված ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակության մեջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են հատուկ ուսումնասիրություն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ և բազմագործոն երևույթ է: Գելլափի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հարցվածների մեկ երրորդից ավելին համարում է իրենց տառապյալ:
Թվում է, թե դա պետք է բավական լինի, որպեսզի ընտրություններին իշխող կոալիցիայի` կրկին հարմարավետ իշխանական աթոռը զբաղեցնելու հույսերը տապալվեն: Սակայն հենց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիորեն ցածր, հանուն սեփական երկրի, սեփական երեխաների ավելի լավ ապագայի պայքարելու պատրաստակամությունը: Հենց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամությամբ ենթարկվում են իշխանամետ նախընտրական շտաբերի լկտի կատարածուներին: Այդ «հնազանդների» մտքով անգամ չի անցնում գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հավաքողներին և դառնալ ազատ` հարկադրանքից և ընտրակաշառքներից: Վաղուց է հայտնի, որ ստրուկը ոչ թե ազատություն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպես Ցիցերոնն է ասել և չի սխալվել: Միգուցե նրա ծանոթների մեջ հայե՞ր են եղել: Սակայն, թերևս, դա համընդհանուր կանոն է, և միայն մեզ չի վերաբերում:
Մարդկությունը, ընդհանուր առմամբ, ինչպես և առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհավասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում պրոգրեսը, նրանք, ովքեր ակտիվ դիմադրում են դրան, և նրանք, ովքեր պասիվ սպասում են այդ գործընթացի արդյունքներին` «ճանապարհին գցած գերանի» կարգավիճակում:
Եվ նույնիսկ այնքան կարևոր չէ, թե նշված կատեգորիաներից որն է ավելի շատ շահում սոցիալական, քաղաքական, տնտեսական ռեֆորմներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կտանի կասկածների արահետով` մոլորակն ապականող մեր քաղաքակրթության նպատակահարմարության (Աստվածային մտահղացման) և կենսունակության տեսակետից: Կարևորն այն է, որ պրոգրեսի համար անհրաժեշտ է, այսպես կոչված, պատվիրատու, շահագրգռված սոցիալական խումբ, որը ճիշտ, թե սխալ, բայցևայնպես գիտակցաբար տեսնում և զգում է իր շահը պրոգրեսից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նյութական, չնայած դա նույնպես շատ կարևոր է, բայց հոգեկան բավարարվածություն (օրինակ` հպարտություն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր հաղթանակի զգացողություն) անպայման պետք է բերի:
Իհարկե, գերադասելի է, որպեսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հենց իշխանությունը: Հայաստանում այն, ցավոք, ի տարբերություն սոցիալիստական ճամբարի ավերակներ վրա առաջացած շատ պետությունների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ ավելի կարևոր է «երրորդ շերտի»` պատվիրատուի առկայությունը: Եվ հենց այստեղ է բացվում իրոք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դեռևս չկա սոցիալական շերտ, որը շահագրգռված լինի բարեփոխումներով: Կամ հնարավոր է` արդեն չկա: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականորեն ասած, վերածվել է մեր հասարակության բեռի, շատ բարձր է: Պառակտումը, իներտությունը և կամազրկությունը հասել են այնպիսի վտանգավոր սահմանի, որ արդեն կասեցնում են ազգի վերարտադրվելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը: Դրա օրինակները մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտվում ենք պարտության հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրեցօր: Կա’մ զարթոնքի թարմ քամի և քայլ դեպի ապագա, կա’մ մակաբուծություն սեփական պատմության վրա. ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպես որ, հարգելի’ ընկերներ, մի’ շեղվեք դեպի անիմաստ բանավեճեր սուր մեկնաբանություններ թողնող հեղինակների հետ. թող գրեն` ինչ ուզում են: Կարևորն այն է, որ կարդում են, և ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշտ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նյարդայնանում են: Բայց նրանք նույնպես մեր հարազատն են, մեր հայրենակիցները, և եթե նրանք ճշմարտություն են փնտրում, մենք չենք թողնի նրանց մենակության և անորոշության մեջ:
Դե ինչ, շարունակե՞նք:
ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ-4
Այս նյութը չի հավակնում լիարժեք լուսաբանել Հայաստանի կամ նրա քաղաքական կուսակցությունների նորագույն պատմությունը: Նախորդ հոդվածում մենք դիտարկեցինք կուսակցությունների և իշխանության հարաբերությունների ընդամենը մի քանի մասնիկ: Այժմ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ մյուսների հետ:
Բացի ՀՅԴաշնակցությունից, Սփյուռքից վերադառնալու և հայրենի հողում հաստատվելու փորձ կատարեցին նաև մյուս երկու ավանդական կուսակցությունները` Հնչակյան և Ռամկավար-Ազատական: Երկուսին էլ ձախողում էր սպասում: Նշենք միայն երկու պատճառ. երկու կուսակցություններն էլ արդեն շատ թուլացած և վարկաբեկված էին Սփյուռքում այն բանից հետո, երբ կուլ էին տվել Սովետական Հայաստանի իշխանությունների` «բարեկամության» մասին խայծը: Դա անընդունելի էր արտերկրյա հայերի մեծամասնության համար, որոնք վաղուց էին հասկացել, որ Հայաստանի բոլշևիկ իշխանությունը, ինչպես և իրենք կրեմլյան ղեկավարները, դիտարկում էին Սփյուռքի հայերին ոչ թե որպես իրենց հողից արտահանված հայրենակիցներ` օտարության մեջ ապրող և իրենց պաշտպանության կարիքը զգացող, այլ որպես գաղափարախոսական հակամարտության դաշտ: Պատմում են, որ դեռևս 60-ականներին, Սիլվա Կապուտիկյանի` Արգենտինա կատարած այցի ժամանակ «դաշնակցական» դպրոցի տնօրենը շարք էր կանգնեցրել աշակերտներին` հարգելի հյուրին դիմավորելու համար, իսկ բանաստեղծուհին անցավ գաղափարապես սխալ դպրոցականների կողքով դեպի ռամկավարների գրասենյակ` չնայելով երեխաների կողմը և չբարևելով: Եվ բնական է, որ այդ երեխաները մեծացան հասկանալի հույզերով, իսկ ռամկավարների վարկը անկում ապրեց:
Երկրորդ պատճառն այն է, որ վերադառնալով հայրենիք, ո’չ հնչակյանները, ո’չ ռամկավարները, չգտան իրենց համապատասխան գաղափարախոսական տեղը արևելահայկական իրականության մեջ: Ավելի ճիշտ, բոլոր տեղերը զբաղված էին: Հնչակյաններն իրենց համարյա մարքսիստական հայացքներով չկարողացան դուրս մղել դաշտից 90-ականներին դեռևս ուժեղ կոմունիստներին: Չկարողացան նաև ըստ իրենց անվանման վերաորակավորվել որպես սոցիալ-դեմոկրատներ, որովհետև սոցիալիստ դաշնակցականները նրանցից շուտ էին վերադարձել հայրենիք: Կար նաև Դեմոկրատական կուսակցություն: Ռամկավարների հնարավոր տեղի համար պայքարում էին բառացիորեն տասնյակ խմբեր, լիբերալ գաղափարախոսության կրողներ, այդ թվում` իշխող ՀՀՇ-ն և Հանրապետականը: Ի վերջո, ներքին գզվռտոցը վերջնականապես դուրս մղեց հնչակյաններին ու ռամկավարնեին քաղաքական բեմից դեպի ետնաբեմ, որտեղ էլ մնացել են մինչ օրս: Ափսոս: Ինչևէ, այնտեղ են գտնվում նաև ցաքուցրիվ եղած Կոմկուսի մնացորդները` բոլշևիզմի լուրջ հետևորդներից մինչև սովորական խեղկատակներ: Այսպիսով` հայկական չորս ավանդական կուսակցություններից քաղաքական ակտիվությունը և հասարակությունում ազդեցությունը պահպանում են միայն դաշնակցականները:
Նորաստեղծ կուսակցություններից հույս սերմանող քաղաքական միավորումները` Հրանտ Խաչատրյանի «Սահմանադրական իրավունք» միությունը և Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը», ինչպես նաև մի քանի այլոք, դատապարտված էին ինքնաոչնչացման իրենց ղեկավարների չափազանց հավակնոտության, «դրածոների» քայքայիչ գործունեության պատճառով, և նույնպես լքեցին քաղաքական դաշտը: Որոշ դեպքերում կուսակցության ճակատագիրը որոշում էր տնօրինել իշխանությունը (երբեմն անօգուտ):
Մենք խոսել ենք ընդդիմությունից մինչև իշխանություն` Հանրապետական կուսակցության անցած ուղու մասին: Բայց պատահում էին նաև այլ սցենարներ: Մեր իշխանությունը վաղուց է հասկացել, որ կուսակցությունները, ինչպես և մարդկանց, կարելի է մանիպուլյացիայի ենթարկել: Ոչ բոլորն իհարկե, բայց շատերը: Այստեղից էլ ծնվել է այն վնասակար միտքը, որի մասին նախկինում գրել էի և խոստացել վերադառնալ այդ թեմային: Տեսնենք, թե ինչպես էր այն իրականանում: Ամենից հաճախ ինչ-որ արհեստականորեն ստեղծված կամ արհեստականորեն ուռճացված կուսակցության չբարձրաձայնվող ռեսուսային օգնությունը նպատակ ուներ և հաճախ բերում էր ընտրազանգվածի վերաբաժանման` իշխանությանը ձեռնտու ձևով: Ահա’ օրինակներ. 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ որոշ իշխանական շրջանակներ, անհանգստանալով Վազգեն Սարգսյանի աճող ազդեցությամբ, հատկապես Կարեն Դեմիրճյանի հետ միասին, հապճեպ նախաձեռնեցին «Իրավունք և միություն» նախընտրական բլոկի ստեղծումը` ղարաբաղյան հրամանատար Սամվել Բաբայանի լուռ հովանավորությամբ և «Ազգային միաբանություն» և «Սահմանադրական իրավունք» միության ղեկավարներ Արտաշես Գեղամյանի և Հրանտ Խաչատրյանի անմիջական գլխավորությամբ: Բլոկը միտված էր հասարակության այն մասի համակրանքը և ձայները շահելուն, որում ուժեղ էին ազգային, ղարաբաղամետ և ինչ-որ չափով հակակոմունիստական տրամադրությունները, որոնց համար Սամվել Բաբայանը կարող էր դիտարկվել որպես Վազգեն Սարգսյանի հակակշիռ, իսկ Կ. Դեմիրճյանի վերադարձը քաղաքականություն անընդունելի էր: Ծրագիրը տապալվեց, և ինչպես ընդունված է, չանցավ առանց բացասական հետևանքների. բոլոր երեք ղեկավարները զգացին իրենց դավաճանված և դարձան իշխանության ոխերիմ թշնամիներ: Միայն շատ տարիներ անց և թանկ գնով ու ջանքերով, որոնց համար կարելի էր ավելի օգտակար կիրառում գտնել, իշխանություններին հաջողվեց իրենց կողմը գրավել Արտաշես Գեղամյանին և դուրս մղել քաղաքական կյանքից Սամվել Բաբայանին և Հրանտ Խաչատրյանին:
Երկրորդ օրինակը վերաբերում է 2003 թվականի ընտրություններին, երբ մինչ այդ քիչ հայտնի «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն անտեր էր մնացել ՀՀՇ-ի կործանումից հետո, անցավ նույն իշխանական շրջանակներին տրամադրության տակ և բավականին լուրջ ֆինանսական և վարչական օգնության միջոցով դարձավ թվաքանակով երկրորդ ուժը խորհրդարանում, իսկ կուսակցության ղեկավարը` խորհրդարանի նախագահ: Սակայն իշխանության` ՕԵԿ-ի լիարժեք հնազանդության և կանխատեսելիության հետ կապված հույսերը չարդարացան. նման դրածոները շատ արագ են մոռանում այն մեխանիզմները, որոնց շնորհիվ իրենք հաջողության են հասել, նրանց սկսում է թվալ, որ այն ամենը, ինչին իրենք հասել են, իրենց անհաշիվ տաղանդների և վաստակի շնորհիվ է: Արդյունքում` իշխանությունը ստիպված էր դժվարությամբ զսպել իր նոր դրածոյի հավակնությունները և նկրտումները: Քանի դեռ նրանց ախորժակը սահմանափակվում էր ֆինանսա-կադրային ոլորտով, դա դեռ հնարավոր էր հանդուրժել, սակայն շուտով իշխանությունները ստիպված էին գործ ունենալ ՕԵԿ ղեկավարի` միջազգային ոլորտում ունեցած հավակնությունների, օտար ամբիոններից նրա ինքնագլուխ հայտարարությունների հետ: Արդյունքում` ՕԵԿ-ը, համարյա բացահայտորեն մեղադրվելով լրտեսության մեջ, սկանդալով լքեց իշխող կոալիցիան` վերածվելով սակայն երկրի քաղաքական դաշտի գործոնի և ևս մեկ գլխացավի: Անհրաժեշտություն առաջացավ վճարել ՕԵԿ-ին տարբեր ծառայությունների համար (օրինակ` 2008-ին ընդդիմադիր ճակատը փլուզելու համար), այնուհետև հաճոյանալ ընդհանուր առմամբ ոչ այնքան անհրաժեշտ գործընկերոջը` օգնել նրան ընտրությունների ժամանակ, տրամադրել բարձր պաշտոններ և այլն:
Բայց դա էլ դաս չեղավ մեր իշխանությունների համար. 2007 թվականի ընտրություննեի նախօրեին նախագահական ապարատում նախաձեռնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, որը տիրապետում էր (և այժմ էլ տիրապետում է) բավական լուրջ ֆինանսական աղբյուրների, և որը պետք է մի կողմից դեպի իրեն քաշեր դժգոհ ընտրազանգվածի մի մասը, դրանով իսկ սահմանափակելով ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները, իսկ մյուս կողմից` հավասարակշռեր հանրապետականների աճող ախորժակը և ազդեցությունը: Սկզբում դա բավականին ստացվում էր, սակայն ինչպես և ՕԵԿ-ի դեպքում, լավ չէին հաշվարկել բացասական հետևանքները` քաղաքական միավորումների ղեկավարների մոտ անխուսափելիորեն առաջացող հավակնությունները, հատկապես մի շրջապատում, որը ստեղծվել է ոչ թե հայացքների ընդհանրության հիման վրա, այլ կարիերիստ, բայց չբավարարված զանգվածից, որը պատրաստ է ծառայել ղեկավարին` սեփական նպատակներին հասնելու դիմաց:
Եվ, ահա, արդեն 2012-ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը դարձավ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, որ շարունակվում է մինչ օրս և դրսևորվում տարբեր հայտարարություններում, քվեարկություններում, հարցազրույցներում, Վարդան Օսկանյանի հետապնդումով և այլն: Իհարկե, կարելի է վիճել, որ դա խորամանկ ծրագրված խաղ է` ԲՀԿ-ի համար «իսկական» ընդդիմության իմիջ ստեղծելու նպատակով, և Վարդան Օսկանյանին` որպես նոր քաղաքական լիդեր խաղի մեջ մտցնելու համար: Հնարավոր է, որ այդպես է, սակայն ի՞նչ է դրանով փոխվում: Չ՞է որ և’ նախկինում, և’ հիմա կուլիսյան օժանդակության համար ստեղծված արհեստական միավորումները, ինչպես 1999-ի բլոկը, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ունեն պարզ և հստակ նպատակ` թույլ չտալ հասարակությանը գնալ իրական այլընտրանքի հետևից, ներկայացնել նրան կեղծ այլընտրանքը: Իսկ այն մասին, թե ինչպես է խեղդվում և մաշվում մեր հասարակությունը կեղծ այլընտրանքների լաբիրինթոսում, մենք կխոսենք հաջորդ հոդվածում:
(շարունակելի)
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ