կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 12:14
Առանց Կատեգորիա

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել. մաս 8

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել. մաս 8

Վերնախավի մասին (եզրափակում)

 

Բարեփոխումների իմաստն ու տրամաբանությունը իշխանության պահպանման եւ վերարտադրման գերխնդրին ծառայեցնելու օրինակներ Հայաստանում բավականին շատ են: Հարկ է ընդունել, որ դրանց թվում կան մասնավոր դեպքեր, երբ իշխող դասակարգի «գագաթն» ակնհայտորեն դիմադրում է կառավարության դրական նախաձեռնություններին (նման բան երբեմն պատահում է): Այդ «գագաթը» քաղաքական կեղծ վերնախավի բաղկացուցիչ մասն է, եւ հայտնի է, որ պարբերաբար Ազգային ժողովում զավթում է տեղերի մեծ մասը, այնպես որ` կառավարության, առավել եւս` ընդդիմության ոչ մի բարեփոխիչ նախաձեռնություն այդ արգելքը հաղթահարել չի կարող: Սակայն բարեփոխումների մեծ մասը լույս աշխարհ է գալիս արդեն դրանցում ներդրված մեխանիզմներով, որոնք ֆիլտրում են ցանկացած վտանգ, որը կարող է խոչընդոտել մեր «իսթեբլիշմենթի»` բազմիցս արդեն հիշատակված գլխավոր նպատակին` իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը:

 

Չեմ խորանա պետական կարգի վերաբերյալ շատ հետաքրքիր ու կարեւոր առաջարկների մեջ, որոնք ի հայտ եկան եւ բուռն քննակվեցին մեր` դեռեւս անկախության առաջին տարիների թարմ ու լիահույս հասարակության կողմից: Դրանք բոլորը` սկսած Սահմանադրական ժողովի առողջ գաղափարից, թաղվեցին Հայաստանի հետխորհրդային նոր նոմենկլատուրայի կողմից: 90-ականների վերջի ցնցումները` առաջին նախագահի հրաժարականից մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի գնդակահարությունը խորհրդարանում, ի ցույց դրեցին մեր պետական կարգի ինչպես դրական կողմերը, այնպես էլ բազմաթիվ սխալները. փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ էր: Օրինակ` Սահմանադրության փոփոխությունը հասունացել էր 2005-ից առաջ, սակայն իրագործվեց ոչ այնքան ընդդիմության պահանջով, որքան իշխող կոալիցիա մտած Դաշնակցության «ներքին» ճնշման շնորհիվ: Փոփոխություններն ու լրացումները թեեւ կարեւոր էին, սակայն` կիսատ:

 

Որոշներում ի սկզբանե թաքնված իմաստ կար` դարձյալ գերխնդրին ծառայող: Օրինակ` խորհրդարանի պատգամավորներին սկսեցին ընտրել ոչ թե 4, այլ 5 տարին մեկ, ինչպես նախագահին: Թվում է` այնքան էլ զգալի նորամուծություն չէ, սակայն միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ մինչեւ 2005 թվականը նախագահական ընտրությունները երբեմն նախորդում էին խորհրդարանականին, երբեմն` հակառակը: Դա քաղաքական գործընթացին որոշակի ճկունություն էր հաղորդում եւ պարունակում ընտրությունների արդյունքների անկանխատեսելիության տարր, ինչը, իր հերթին, կարող էր ժամանակի ընթացքում ժողովրդավարական ավանդույթների հիմք դառնալ: Սակայն իշխանությունն այլ կերպ որոշեց: 2007 թվականի ընտրություններից սկսած` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակային հարաբերակցությունն ու հերթականությունը հստակ ամրագրվել է` կես տարուց փոքր-ինչ մեծ ժամանակահատված. նախ` գարնանը` խորհրդարանական ընտրություններ, դրանցից հետո ընդամենը մի քանի ամիս անց` ձմռանը` նախագահական: Այդպիսով` խորհրդարանական ընտրությունները դարձան նախագահականի նախապատրաստական փուլը, կորցրեցին իշխանության անկախ ճյուղ ձեւավորող ինքնուրույն քաղաքական ակցիայի բնույթը եւ ձեռք բերեցին օժանդակ նշանակություն, ըստ որի էլ ընկալվում են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ու հասարակության կողմից: Ի դեպ, սա դարձավ մեկն այն գործոններից, որոնք հետզհետե նվազեցրին խորհրդարանի դերը` որպես օրենսդիր իշխանության ինստիտուտի, իջեցրին դրա նկատմամբ հասարակական պահանջների նշաձողը եւ, որպես արդյունք, հանգեցրին դրա որակական դեգրադացիային:

 

Մոտավորապես նմանօրինակ պատկեր է գործնականում բոլոր այն դեպքերում, երբ իշխանության նորամուծությունները իբր կոչված են ընդդիմադիր ուժերի ծրագրային պահանջներում արտացոլված` հասունացած հասարակական անհրաժեշտության արձագանքը դառնալու: Հանրային խորհուրդը, որի ստեղծման գաղափարը ժամանակին առաջ էին քաշում տարբեր քաղաքական շրջանակներ, իշխանությունները, վերջիվերջո, ստեղծեցին: Սակայն գոյություն ունեցող, պոտենցիալ եւ կանխատեսելի հասարակական տարաձայնություններն ու դիմակայությունները (օրինակ` աշխատավորների տարբեր կատեգորիաների եւ գործատուների, գյուղական եւ քաղաքային համայնքների, Հայաստանի եւ Սփյուռքի հայերի, ներսի եւ դրսի ներդրողների միջեւ եւ այլն) քննարկող եւ հայեցակարգային մակարդակով լուծում առաջարկող ինստիտուտ լինելու փոխարեն խորհուրդը, իշխանությունների ջանքերով, դարձավ քաղաքական թոշակառուների անատամ ակումբ:

 

Նմանապես` ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում, Ղարաբաղում եւ Սփյուռքի` դեռեւս վերջնականապես չհիասթափված շրջանակներում պահանջված Սփյուռքի նախարարությունը վերածվեց կառավարական PR գործակալության:

 

Ավելի անփառունակ ճակատագրի արժանացան մեր քաղաքական կեղծ վերնախավի հակակոռուպցիոն ջանքերը: Կոռուպցիան ոչնչացնում է երկիրը եւ դարձել է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը` սա պարզ էր դեռեւս 10-15 տարի առաջ: 2000-ականների առաջին կեսին այդ հարցը երկրի քաղաքական օրակարգում գլխավորներից մեկն էր: Հասարակական մթնոլորտը նպաստում էր վճռական գործողություններ իրականացնելուն, եւ դա այն ժամանակ բավականին ակտիվ Դաշնակցությանը մղեց այդ ուղղությամբ լայնածավալ հարձակման անցնելու` օտարերկրյա հեղինակությունների ներգրավմամբ: Մի շարք բանակցություններից, օրենսդրական նախաձեռնություններից եւ GRECO միջազգային կազմակերպության հետ համաժողովներից հետո դաշնակցականներին հաջողվեց երկրի այն ժամանակվա ղեկավարությանը համոզել անդամակցել այդ կազմակերպությանը, ընդունել դրա հանձնարարականները եւ ստեղծել համապատասխան կառույցներ: Եվ այստեղ գերանդին քարին դեմ առավ: Դաշնակցականները եւ նրանց միացած ընդդիմադիր ուժերը պահանջում էին ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին` լայն իրավունքներով: Սակայն իշխանությունն այլ կերպ վարվեց: 2003-ին ստեղծված Հակակոռուպցիոն խորհրդում ընդգրկվեցին կառավարության, ուժային գերատեսչությունների, դատական իշխանության ներկայացուցիչներ, իսկ նոր կառույցը գլխավորեց վարչապետը, այսինքն` կոռուպցիայի դեմ պայքարի գործը հանձնեցին այն մարդկանց ու ինստիտուտներին, որոնց գործունեությունն էլ, ըստ էության, կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից պետք է լիներ ուշադիր ուսումնասիրության առարկա: Ճիշտ է, Խորհրդում եւ Մոնիտորինգային խմբում ընդգրկեցին նաեւ դաշնակցականների, սակայն նրանք այնտեղ փոքրամասնություն էին եւ շուտով դադարեցրեցին իրենց մասնակցությունն այդ մարիոնետային, ոչ երկարակյաց կառույցների աշխատանքներին:

 

Հիշո՞ւմ եք Միդաս արքայի մասին հին լեգենդը. նա ոսկի էր դարձնում ամեն ինչ, ինչին հպվում էր, ի վերջո, քաղցից մահացավ: Մեզ մոտ էլ համարյա նույն բանն է` հակառակ նշանով. ցանկացած առողջ գաղափար, որը իշխանությունը հանձն է առնում իրագործել, վերածվում է... մի խոսքով` բոլորովին այլ սուբստանցիայի, իհարկե, որը նույնպես չի ուտվում: Իշխանություններին դա, անշուշտ, քաղցի չի մատնի, սակայն հասարակությանը զգալի վնաս կհասցնի:

 

Քաղաքական կեղծ վերնախավի կողմից հասարակական պահանջի խեղաթյուրման ամենաակնառու օրինակը Անվտանգության խորհրդի հետ կապված պատմությունն է: Չեմ պատրաստվում անդրադառնալ ԱԱԽ քարտուղարի անձի վերաբերյալ` մամուլի կողմից «ծամված» հարցին. այդ պաշտոնին մի մարդու նշանակելը, ով բոլորվին վերջերս մոլի նախագահամետ թերթերի կողմից անարգանքի սյունին էր գամվել կասկածելի օտարերկրյա կապերի համար եւ համարյա թե դավաճանության ու լրտեսության մեջ մեղադրվել, անձամբ ինձ ամենեւին չի զարմացնում եւ նույնիսկ չի հետաքրքրում: Անարգել կարող են նաեւ անմեղին, հարցն ամենեւին անձը չէ: Ավելի լավ է խոսենք այն մասին, թե ինչպիսին պետք է լիներ Անվտանգության խորհուրդը մեր փոքրիկ, մահացու սպառնալիքների աքցաններում սեղմված երկրում եւ ինչպիսին այն դարձավ:

 

Առաջին մակարդակի կառույցները (նախարարություններ, գերատեսչություններ) երկարակյաց չեն. ընտրությունից ընտրություն նոր քաղաքական բովանդակությամբ են լցվում եւ իրականացնում են կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր` կապված անմիջական վարչական խնդիրների եւ, իհարկե, առաջիկա ընտրությունների հետ: Գործադիր իշխանության երկրորդ մակարդակը` Անվտանգության խորհուրդը, պարտավոր է իրականացնել ոչ թե ներկայի, այլ ապագայի Հայաստանի վիրտուալ կառավարումը: Դրա համար, նախեւառաջ, այն պետք է մշակի ու մշտապես թարմացնի ազգային անվտանգության հայեցակարգը` հիմնված հասարակության կողմից կառուցվելիք կենսունակ, մրցունակ երկրի պատկերացման վրա: Եվ նախ հարկավոր է, որ գոնե ինքդ քեզ համար պատկերացնես ապագայի այդ Հայաստանը. ինչպիսին այն կլինի (պետք է լինի) 20 տարի, 50 տարի, 100 տարի անց... Ինչ տարածք կզբաղեցնի, ինչ բնակչություն կունենա, ինչ պաշտպանական պոտենցիալ, ովքեր են լինելու հարեւանները, ինչպիսին կլինի աշխարհը, դրա բնական պայմանները, ինչպիսի բարեփոխումների, գիտական, արդյունաբերական, գյուղատնտեսական, մշակութային, կրթական առանջնահերթությունների է հարկավոր տեղ տալ, որպեսզի ապահովվի թռիչքաձեւ, իսկ այնուհետեւ հանդարտ, առաջընթաց ազգային զարգացում:

 

Ահա այսպիսի մանրամասն մշակված հայեցակարգի պրիզմայով Անվտանգության խորհուրդը պետք է դիտարկի գործող կառավարության բոլոր որոշումները` որքանով են դրան համապատասխանում կամ, ծայրահեղ դեպքում, չեն հակասում: Եվ Անվտանգության խորհուրդը պետք է ոչ միայն սեփական կարծիքի իրավունքն ունենա, այլեւ` գործադիր իշխանության առաջին մակարդակի որոշումների վրա ազդելու անխափան մեխանիզմ: Դա կպահանջի համակարգային փոփոխություններ` հավանորեն կապված Սահմանադրության եւ ազգային անվտանգության հայեցակարգի վերանայման հետ, սակայն գործադիր իշխանությունը նախ պետք է գիտակցի, որ Անվտանգության խորհուրդը օժանդակ մարմին չէ, այն չի կարելի լցնել գործող կառավարության անդամներով` «ծառայողական դիրքին համապատասխան», օգտագործել այսրոպեական քաղաքական նպատակներով` որպես առուծախի առարկա, կամ վերածել ինչ-որ մեկի քաղաքական հավակնությունների բավարարման միջոց: Հայաստանում հենց այդպես է: 2000-ականների կեսին հասարակության առաջադրած խնդիրը` ստեղծել ինստիտուցիոնալ Անվտանգության խորհուրդ` ունակ նախանշելու Հայաստանի ապագա ճանապարհը, այդպես էլ չիրագործվեց:

 

Հավանորեն նկատել եք, որ, խոսելով կեղծ վերնախավի մասին, ես ավելի շատ անդրադարձա դրա քաղաքական բաղադրիչի գործունեությանը: Մշակույթի, գիտության, կրթության ոլորտների եւ հասարակական հարաբերությունների ավերածությունների մասին համարյա չխոսեցի: Սակայն արժե՞ մանրացնել: Ամեն ինչ շատ պարզ բացատրում է հայկական ամենահայտնի կատակերգություն-սերիալներից մեկը: Էկրանային ընտանիքի անդամների թվում ամենախեղճը, վախկոտը, ստորացվածը, ագահը, կամազուրկը եւ հիմարը մտավորական է` մի քանի օտար լեզուների տիրապետող բժիշկ: Կարծում եք` դա պատահակա՞ն է: Ցավոք, ոչ, բարեկամնե'ր: Հիշեք` Պլատոնի «Երկխոսություններ»-ից մեկում մեծ աթենացիների քաղաքացիական որակների մասին բանավեճը հանգեցնում է հետաքրքիր եզրակացության` առաջնորդի արժեքը իր համաքաղաքացիներին լավը դարձնելու մեջ է: Լավը դառնալով` այդ համաքաղաքացիները լցվում են առաջնորդի հանդեպ քննադատական ոգով, դառնում ավելի պահանջկոտ նրա եւ հենց սեփական անձի նկատմամբ: Հայրենիքում մնացած մեր համաքաղաքացիների զգալի մասն անկախության տարիներին հաստատ լավը չդարձան: Ահա էկրանից էլ հայկական կեղծ վերնախավը բացատրում է` մտավորականություն այլեւս չկա, չկան նրանք, ում վրա կարելի էր հույս դնել, ում ուսին կարելի էր հենվել, չկան քննադատական ոգի ունեցողներ, չկան սեփական անձի եւ ուրիշների հանդեպ պահանջկոտության ընդունակ մարդիկ` ունակ ըմբոստության, ազատամտության, պատրաստ ինքնազոհողության, այսինքն` չկա իրական վերնախավ, մոռացե'ք: Կան միայն փողերի, իշխանության, ինֆորմացիայի այսօրվա տերերը: Ժամանակ չէ՞, արդյոք, բարեկամնե'ր, ապացուցելու, որ նրանք խորապես սխալվում են:

 

Սակայն մինչ իշխանությանը մատնացույց անելը ու միայն նրան մեր դժբախտությունների մեջ մեղադրելը, գուցե հարկ է մեր հասարակությանը, մասնավորապես` մտավորականներին, հայելու մեջ նայել: Ահա սա էլ կքննարկենք հաջորդ հոդվածներում:

 

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ