կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-06 14:10
Հասարակություն

Վարչապետն ի զորու չէ կանոնակարգել Ձմեռ պապի գործունեությունը. Էդմոն Մարուքյան

Վարչապետն ի զորու չէ կանոնակարգել Ձմեռ պապի գործունեությունը. Էդմոն Մարուքյան

Yerkir.am-ի ամանորյա հումորային հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 -Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է

  - Չեմ հիշում նման բան, որ խայտառակ եղած լինեմ:

  -Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով:

- Ձմեռ պապը ճոխություններ չի սիրում, Ձմեռ պապը ժուժկալության խորհրդանիշ է` ինչ-որ տեղ, և նա բարիությունն է, այսինքն` ճոխության տակ աղքատներին մոռանալու հանգամանք կա, իսկ Ձմեռ պապը աղքատներին մոռացող չէ, կամ ես Ձմեռ պապիկի մասին լավ կարծիք ունեմ:

 -Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել, թե՞ տնտեսական աճ:

- Ձմեռ պապին այնքան բան կա խնդրելու, եթե պետության տեսանկյունից նայենք: Ես իմ մանդատն ունենալ-չունենալը կապում եմ իմ տեսլականի հետ, թե ես այդ մեխանիզմը ունե՞մ տեսլականս առաջ մղելու գործում, թե՞ ոչ: Ես Ձմեռ պապից պետք է  ակնկալեմ խաղաղություն մեր սահմաններին և մեր պետականության զարգացում: Կարճ ասեմ, որ մեր կուսակցական պլատֆորմը չներկայացնեմ /ժպտում է/:

 -Ամանորի գիշերը երազանք պահեցի՞ք, որ ինչ-որ ընդդիմադիր գործիչ խորհրդարանում այլևս չհայտնվի 2017-ի ընտրություններից հետո:

 - Ավելի լավ է` երազանք պահեմ, որ հանրապետականները չհայտնվեն, քան թե ընդդիմադիրներից որևէ մեկը:

  -Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերած նվերների վրա:

  - Չեմ կարծում, որ վարչապետն ի զորու է կանոնակարգել Ձմեռ պապիկի գործունեությունը:

  -Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:

 - Ինչ-որ բարի կենդանու, օրինակ` եղնիկի:

 -Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել:

- Չկա նման բան: Երբ ոգելից խմիչք եմ օգտագործում, ես իմ չափը գիտեմ, և միշտ ստացվել է այնպես, որ չեմ հասել դրան:

  -Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք:

- Չունեմ այդպիսի` երազանքների Ձյունանուշ, ինձ մոտ բոլորն իրական են:

 -Ամենամեծ դասը, որ քաղեցիք 2016-ին:

 - Դասերը հիմնականում քաղաքական են` կապված տարբեր խնդիրների հետ` ներքաղաքական:

 -Տոներից հետո կշռվո՞ւմ եք:

 - Ես այդքան զգույշ չեմ իմ քաշի ավելացման հարցում, կենտրոնացած չեմ դիետա պահելու վրա: