Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2009 թվականի աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի համար ամենահիշարժան տարին իր և ապագա ամուսնու ծանոթության տարին էր: «Ինձ համար ամենահիշարժան տարին 2008 թվականն էր, երբ Ամանորն առաջին անգամ դիմավորեցի ապագա ամուսնուս հետ: Դա, ինչպես նաև իմ փոքրիկի ծննդյան առաջին Նոր տարին ինձ համար առանձնահատուկ են եղել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը Ձմեռ պապից նվեր երբևէ չի ուզել, քանի որ միշտ էլ իմացել է, որ իրականում Ձմեռ պապ գոյություն չունի: «Ես միշտ էլ իմացել եմ, որ Ձմեռ պապ իրականում չկա: Դեռևս 3 տարեկան էի, երբ մայրիկին ասացի` գիտեմ, որ իրականում չկա Ձմեռ պապի: Իսկ նա ինձ ասաց, որ կա, բայց ես չհավատացի, քանի որ ոչ մի անգամ չէի տեսել իմ պատկերացրած Ձմեռ պապին»,- պատմում է Նազիկ Ավդալյանը:
Նա ամանորյա ուտեստներից առանձնացնում է խոզի բուդը. «Ամանորյա ուտեստներից ամենից շատ սիրում եմ խոզի բուդը: Ոչ միայն Ամանորին, այլև տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ վերադառնում եմ մրցումներից կամ հավաքներից. խնդրում եմ մայրիկին, որպեսզի պատրաստի»:
Ամանորի գիշերը միշտ երազանք է պահում. «Ինձ թվում է, անկախ տարիքից, բոլորն էլ երազանքներ պահում են: 2009-ին երազանք էի պահել դառնալ աշխարհի չեմպիոն, և այն իրականացավ, թեև այնքան էլ հույս չունեի, քանի որ քաշի հետ կապված խնդիրներ կային»: Զրույցի վերջում Ավդալյանը հղեց իր ամանորյա բարեմաղթանքը. «Առաջին հերթին` բոլորին ցանկանում եմ առողջություն: Եթե դա կա, մնացածը կլինի: Հաջողակ տարի լինի բոլորի համար: Մեր երկրին խաղաղություն: Առանձնահատուկ ցանկանում են շնորհավորել մեր զինվորներին: Ես հպարտանում եմ նրանցով»: