Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձմեռ պապը շնորհավորական նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակում ասվում է.
Հարգարժա'ն Հովիկ Արգամիչ
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Առաջին հերթին մաղթում եմ Ձեզ համբերություն՝ ինչպես Դուք եք նշել՝ գալիք մարտահրավերների տարում, և ներքին հավատ՝ գոնե հաջորդ տարի երկրի ղեկավարի սահմանած տնտեսական 7 տոկոսանոց աճի ապահովումը չտապալելու հարցում:
Միանգամից ասեմ, որ ստացել եմ Ձեր նամակը, որով նվերի փոխարեն վարկ էիք խնդրում: Հասկանում եմ, թե ինչ վիճակում եք հայտնվել, որ հույսներդ արդեն ինձ է ընկել: Բայց ստիպված եմ մեծահոգաբար մերժել, որովհետև ինքս էլ շատ լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ եմ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների պատճառով:
Երևի տեղյակ եք, որ հետները ռուբլիով ենք առևտուր անում: Չնայած գիտեմ, որ Ձեզ Մոսկվայում առանձնապես չեն սիրում` էն վերլուծաբաններն ու քաղաքագետներն ամբողջ օրը Ձեզանից են բամբասում, բայց, դե, ռուսների հետ արդեն մի եվրասիական ընտանիքում եք: Մեծ եղբայրն էլ որ փոքրին չօգնի, էլ էդ ընտանիքն ո՞ւմ է պետք: Էնպես որ՝ առաջարկում եմ, սովորության համաձայն, նորից նամակ գրել «ռուսաց թագավորին»:
Իրականում ես Ձեր օգնության կարիքն ավելի շատ ունեմ, քան Դուք՝ իմը: Թույլ տվեք անհամեստություն ցուցաբերել ու հարցնել Ձեզ՝ ի՞նչ դառավ տնտեսության ստվերը վերացնելը Ձեզնից ու Ձեր մտերիմներից սկսելու գործը: Նախ` ուզում եմ հիացմունքս հայտնել նման ինքնախոստովանություն անելու համար, իմ քաջությունը դրան հաստատ չէր բավականացնի:
Երկրորդ՝ համոզված եմ, որ էդ հարցում հաջողելու դեպքում ինձնից կամ ռուսներից վարկ վերցնելու սուր անհրաժեշտություն չեք ունենա:
Երրորդն էլ... Անկեղծ պետք է խոստովանեմ, որ էդպիսի խնդիր ես էլ ունեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում օրինականության դաշտ բերել փեսայիս՝ Ձյունանուշիկի ամուսնու խաղալիքների ու տոնածառների բիզնեսը: Տնաշենը թաքցնում է ապրանքաշրջանառությունը ու խանութներին փաստաթուղթ չի տալիս: Ուզեցի փոքր ու միջին ձեռներեցների կոկորդից բռնել, լռեցրին՝ փեսայիս մատնացույց անելով: Շնորհակալ կլինեմ, որ Ձեր փորձը կիսեք ինձ հետ:
Հա, ի դեպ, փորձ ասացի, հիշեցի: Ձեռքի հետ խնդրում եմ նաև հայտնել հողագործությամբ զբաղվելու միջոցով հսկայական կարողություն ձեռք բերելու հետ կապված` Ձեր ներկայացրած հանելուկի պատասխանը: Ամբողջ տարին խեղճ կնոջս հետ հողի վրա բանում ենք, մի քանի հեկտար կարտոֆիլի ու ցորենի ցանք ունենք, մի երեսուն կտոր եղջերու, բայց հազիվ ենք ծերը ծերին հասցնում: Հույսս բյուջեից ատկատներն են ու փեսայիս գերշահույթները:
Բայց դրանց պատճառով էլ մեր էս փոքրիկ Լապլանդիայում ընդդիմություն է ձևավորվել ու իշխանափոխություն է ուզում: Ինչքան էլ սովորեցնում եմ, բացատրում, որ իշխանափոխությունը վատ բան ա, չեն հասկանում: Ինչ անում եմ՝ չեն հավատում: Էն օրը գնացի խանութներ, իմ ձեռքով սննդամթերքի գնապիտակները պոկեցի, գները հերթով սկսեցի իջեցնել: Նույնիսկ դա չհասկացան: Ձեռքս խփեցի սեղանին, թե՝ ավտոմեքենաների գազի գներն իջեցրեք, անհիմն գնաճը չեմ հանդուրժելու, բանի տեղ չդրին, ոչ մի բան չփոխվեց:
Բայց իմ դարդերով Ձեզ չծանրաբեռնեմ: Չգիտեմ՝ ինչ նվեր ուղարկեմ, ախր ինչ մտքովդ անցնի, կարող եք ունենալ, դեռ մի բան էլ ինձ օգնել: Կախարդական փայտիկ հաստատ չեմ ուղարկի: Վախենում եմ նպատակային չօգտագործեք: Ճիշտն ասած, Ձեր պարը չեմ մոռանում: Բայց եվրասիական ընտանիք մտնելուց հետո պարելներդ ինչ-որ չի գալիս: Ավելի լավ է զուռնա-դհոլ ուղարկեմ, գոնե տրամադրություններդ էս օրերին կբացվի: Էնպես որ՝ համեստ նվերի համար ներող եղեք:
Ձեզ շատ հարգող՝ Ձմեռ պապ