Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում զեկուցեց նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել այն ոլորտներում, որտեղ խոշոր ընկերություններ են գործունեություն իրականացնում, մասնավորապես` շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի ու ձվի արտադրության, բենզինի և ևս մի քանի ոլորտների:
«Գնագոյացման հաշվարկներ կատարելու նպատակով մեր հանձնաժողովը տնտեսվարողներից մանրամասն տեղեկատվություն է պահանջել, և ուսումնասիրություններն այս պահին ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, նախնական ուսումնասիրության արդյունքներով հետևյալը կարող եմ ներկայացնել՝ դրամի կտրուկ արժեզրկումը լուրջ ազդեցություն է թողել գների մակարդակի վրա և փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով իջել են:
Մեր հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Երևան քաղաքի սուպերմարկետներում, իսկ մնացած ապրանքային շուկայի մասով` լինի ընկույզ, մսամթերք, խնձոր, որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ են գործում ու շուկան մրցակցային է, մեր հանձնաժողովը գների վերահսկման կամ կարգավորման գործառույթ չունի:
Ինչ վերաբերում է բենզինին, ապա այս ուղղությամբ ևս մեր հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել, ու դրանք մոտենում են ավարտին: Դրանց արդյունքներով` ՀՀ-ի շուկայում բենզինի գները, սեպտեմբերից սկսած, պարբերաբար նվազել են՝ 470 դրամից հասնելով 440 դրամի` նոյեմբերի կեսերին, խոսքը ռեգուլյար տեսակին է վերաբերում: Նոյեմբերի կեսերին 440-ից բարձրացել է ու դարձել 470 դրամ, այսինքն` 6 տոկոսի չափով: Այս պահի դրությամբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%: Այսինքն` եթե փոխարժեքի խնդիրը չլիներ, բենզինի գների նվազումը կլիներ շարունակական:
Շատերն են ասում, թե ինչու միջազգային շուկաներում նավթամթերքի կտրուկ նվազումը չի ուղեկցվում հայաստանյան շուկայում բենզինի գների կտրուկ նվազմամբ: Գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ նավթի արժեքը փոքր տեսակարար կշիռ է կազմում բենզինի գնի մեջ, նավթի տեսակարար կշիռը կազմում է մինչև 10% և նավթի վերամշակման վրա բավական մեծ ծախսեր են կազմում, որը մեծացնում է բենզինի արժեքը: Բացի այդ` մեր երկրում բենզինի գնի վրա մեծ կշիռ են կազմում հարկերը: Այս երկու հարցերից ելնելով` փոքր ազդեցություն է թողնում բենզինի գների վրա»,- ասաց Շաբոյանը:
Նա հավելեց, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում հայաաստանյան ընկերությունները բենզինի ներկրումն իրականացնում են ՌԴ շուկայից, եւ ուսւմնասիրությունները ցույց են տալիս, որ ռուսաստանյան շուկայում, միջազգային շուկայի համեմատ, բենզինի գնի նվազումն ավելի դանդաղ է ընթանում: