Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008 թվականից հնագիտական հետազոտությունները Էրեբունի հնավայրում վերսկսվել են եռակողմ գիտատեխնիկական համագործակցության շրջանակում:
Հայկական կողմը ներկայացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, ֆրանսիականը` Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունը, իսկ ամերիկյանը` ԱՄՆ Բերքլիի համալսարանը` ի դեմս ճանաչված հնագետ Դեւիդ Ստրոնախի:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր հրավիրված մամուլի ասուլիսն ամփոփեց Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացված հայ-ֆրանսիական պեղումների քառամյա ծրագիրը: Պեղումները ֆինանսավորում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, դրանք իրականացվում են ֆրանս-հայկական միացյալ արշավախմբի կողմից եւ նպատակ ունեն նոր ուսումնասիրությունների և բացահայտված գտածոների հիման վրա պատասխանել մինչ օրս դեռեւս պատասխան չունեցող հարցադրումներին:
«Էրեբունի» արգելոց-թագարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշեց, որ թեեւ 1951 թվականից մեկնարկած կանոնավոր պեղումներն ավարտվել են 1975-ին, սակայն հնավայրի ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ:
Ուսումնասիրությունների հենց սկզբից հնավայրը դիտարկվել է որպես ուրարտական քաղաք, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին: 1960-ականներին իրականացված վերականգնողական աշխատանքները նպատակ են ունեցել հանրության համար վերստեղծել հենց այս ժամանակաշրջանը: Սակայն Աքեմենյան ժամանակաշրջանով թվագրվող 30 սյուն ունեցող դահլիճի, մ. թ. ա. 5-րդ դարով թվագրվող միլեթյան դրամների եւ այլ տարրերի լույս աշխարհ գալը փաստում են, որ այս ամրոցում կյանքը շարունակվել է մ. թ. ա. 8-րդ դարից հետո եւս: Այս վարկածի հավանականությունն են փաստում 1998 թվականին հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի կողմից արված ուսումնասիրությունները եւ հնագիտական հորատումները:
Ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը նշեց, որ ամերիկյան թիմը գլխավորապես հորատումներ էր իրականացնում սյունազարդ դահլիճի շուրջը` դրա կառուցվածքը պարզելու նպատակով, իսկ ֆրանսիական արշավախումբը գլխավորապես ուսումնասիրել է ամրոցի հարավային մասում, մասնավորապես` Խալդի աստծո տաճարի անմիջական հարեւանությամբ գտնվող հատվածները, որոնք քիչ են ուսումնասիրվել 50-70-ականների խորհրդային պեղումների ընթացքում: Նպատակը հնավայրի բնակեցվածության հերթագայությունների ճշգրտումն էր եւ նոր տվյալների հիման վրա քաղաքատեղիի շերտագրական պատկերի ամբողջացումը:
Ֆրանսիական կողմը պատվիրել է նաեւ հնավայրի նոր տեղահանույթը` GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա Էրեբունու վերաբերյալ տվյալների բազան ներմուծել Աշխարհագրական տեղեկատվական համակարգ: