կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-22 18:20
Իրավական

Թե ինչու էր 18-ամյա աղջիկը դանակահարել 17-ամյա համագյուղացուն

Թե ինչու էր 18-ամյա աղջիկը դանակահարել 17-ամյա համագյուղացուն

Գյուղում բոլորին մինչ օրս անհավատալի է թվում, թե ինչպես էր համեստ, լավ սովորող 18-ամյա Աշխենը դանակահարել նույն դպրոցում սովորող 17-ամյա Ռուբենին: Վայոց ձորի գյուղերից մեկում մեծ աղմուկ հանած այս դեպքից մոտ մեկ տարի է անցել: Տղան այժմ բանակում է ծառայում, աղջիկն ուսանող է:

 

Աշխենը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքի պատճառը դեռահասին հատուկ խնդիրներ են եղել, ինքն իր մեջ պարփակված է եղել, չի խոսել, հարազատներին չի պատմել իրեն անհանգստացնող հարցերի մասին: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ոչ մեկի հետ չկիսվեցի խնդիրների մասին: Իսկ ինքն ուղղակի օգտվեց էդ առիթից, որ ես չեմ կիսվում ո'չ ծնողներիս հետ, ո'չ ախպորս հետ ու էդպես արեց»,- ասաց նա:

 

Աղջիկն ու տղան հեռու բարեկամներ են եղել, սովորել են նույն դպրոցում, միասին տարբեր միջոցառումների մասնակցել, նորմալ հարաբերություններ ունեցել, անհաշտություններ չեն եղել: «Երբ իրար տեսնում էինք, բարևում էինք, հարցնում` ո՞նց ես: …Ես իրեն չեմ սիրել, ինքն է ինձ սիրել, դեպքից մի քանի ամիս առաջ խոստովանություն եմ ստացել իրանից»,- պատմեց Աշխենը:

 

Դեպքի օրը` նախորդ տարվա փետրվարի 20-ին, Ռուբենն աղջկան դասերից հետո կանչել է դպրոցի նկուղը` շատ կարևոր թեմայի մասին խոսելու: Թեև աղջիկը համաձայնել է, սակայն հոգեպես անհանգիստ է եղել ու ապահովության համար դպրոցի բուֆետից դանակ է վերցրել հետը` ոչ թե խփելու, այլ վախեցնելու համար:

 

«Հարցրեցի` ինչի՞ չենք էստեղ խոսում, ասեց` շատ մարդ կա, պետք չի, որ մեկը ո'չ տեսնի, ո'չ էլ լսի: Տղավարի խոսք տվեց, որ նորմալ խոսելու ենք, ուրիշ ոչ մի բան: Բայց հետո հենց իր առաջին բառերից էլ հասկացա, որ իր նպատակը խոսելը չէր: Ու չգիտեմ ինչի, երբ ինքը սկսեց ինձ ձեռք տալ, վերարկուս հանել, էդ պահին ուղեղս մթագնեց ու խփեցի, ու էլ ոչինչ չեմ հիշում»,- պատմեց Աշխենը:

 

Հարվածը եղել է տղայի կրծքավանդակին, սակայն, բարեբախտաբար, ուժեղ չի եղել, ու տղայի առողջությունը վերականգնվել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, գործը հասել է դատարան ու քննվել դռնփակ կարգով:

 

Աշխենը պատմեց, որ դեպքի հենց առաջին օրն իրեն տարել են ոստիկանություն, հարցաքննել են, մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը: Որպես խափանման միջոց` ընտրվել է ստորագրությունը չբացակայելու մասին: Այնուհետև առաջին ատյանի դատարանը, որպես պատիժ, նշանակել է երկու տարվա պայմանական ազատազրկում, վերջերս էլ համաներմամբ անպարտ է ճանաչվել:

 

Աշխենը հիմա առաջին կուրսում է սովորում, տղաների հետ շփվելու, ամուսնանալու մասին դեռևս չի մտածում, եւ ոչ թե հիշյալ դեպքի պատճառով, այլ կենտրոնացել է ուսման վրա, ցանկանում է լավ բժիշկ դառնալ:



Համագյուղացիները գրեթե բոլորը տեղյակ են դեպքից, ու բոլորն էլ ո'չ տղային, ո'չ էլ աղջկան չեն մեղադրում, միայն կեսբերան ասում են, որ «տղան իրեն լավ չի պահել»:

 

Մեր տեղեկություններով` այսօր երկուսի հայրերն էլ պայմանագրային զինծառայողներ են, նույն զորամասում են ծառայում, նորմալ, հաշտ հարաբերություններ ունեն:

 

Հ.Գ. Երիտասարդների անունները փոխված են, չենք գրել նաև գյուղի անունը` անձանց գաղտնիությունը չբացահայտելու պայմանով: Տեսանյութում աղջկա ձայնը փոխված է:

 

Ա.Կ.