Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հրազդանում հուլիսի 4-ին մահացու վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հայրը՝ Գ.Խամփերյանը, ցուցմունք է տվել և պատմել որդուն վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու դրդապատճառի մասին: Նա հայտնել է, որ վարորդին՝ Վանիկ Սարգսյանին, սպանելու մտադրություն չի ունեցել, այդ քայլին դիմել է պահի ազդեցության տակ, երբ լսել է, թե ինչպես է վարորդն ինչ-որ մեկի հետ հեռախոսով զրուցելիս ծիծաղում:
Բանն այն է, որ դեպքից հետո տուժող կողմի և վրաերթ կատարած վարորդի միջև որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել` նյութական փոխհատուցման հետ կապված, սակայն մահացած երեխայի հայրը, երբ լսել է, թե ինչպես է վարորդը մեկ ուրիշի հետ այդ թեմայով հեռախոսով խոսում՝ ժպտալով, բարկացել է և դանակահարել նրան:
Հիշեցնենք, որ Վանիկ Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:
Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության փորձի հատկանիշներով:
Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացավ, որ ներկայումս Գ. Խամփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Խամփերյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք: Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության: