կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 16:05
Հասարակություն

Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

Մյասնիկյան գյուղի 34-ամյա  բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

Արմավիրի բժշկական կենտրոնից 2020թ. օգոստոսի 10-ին` ժամը 23:40-ի սահմաններում, հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք  ախտորոշմամբ  բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը, և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետևանքով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ  ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող հողատարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչին՝  պատճառելով ծանր մարմնական վնաս:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)  1-ին մասով: Մյասնիկյան գյուղի  28-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տուժողի 34-ամյա համագյուղացին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին: Վերջինս  ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին  եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: