| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախարար Արմեն Աշոտյանը դեռ նոյեմբերին, երբ աշխատանքից ազատված` ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակ էր հղել իրեն, հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վահե Բավեյանը նշեց, որ բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը, ով ազատվել էր նախ` ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից, հետո` նաև պրոռեկտորի պաշտոնից, ինչպես նաև Խոեցյանը, ով նույնպես ազատվել էր պաշտոնից, դիմել են դատարան` բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով:
«Խաչատրյանը դատարանին իր հայցադիմումն է ներկայացրել նոյեմբերի 20-ին, Խոեցյանը` նոյեմբերի 27-ին: Դատարանը Խաչատրյանի հայցը վարույթ է ընդունել, Խոեցյանի հայցով դեռ վարույթ չի ընդունվել, բայց այն երկար սպասեցնել չի տա: Ինչ վերաբերում է ԿԳՆ գործողություններին, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում, որպես վերադաս մարմին, սահմանված կարգով բուհի ղեկավարությունից պահանջել է հրամանների բոլոր իրավական հիմքերը, և բուհը դրանք ներկայացրել է` պահպանելով կարգն ու ժամկետները»,- ասաց Բավեյանը:
Նա նշեց նաև, որ նախարարությունում այդ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրվել են, ուսումնասիրությունների արդյունքում ԿԳՆ-ն իր եզրակացությունն է արել, որը, ցավոք, դեռ հրապարակել չի կարող:
«Այն պարագայում, երբ նշանակված է դատաքննություն, մենք չենք կարող իրավական գնահատական տալ: Մենք մեր եզրակացությունները կհրապարակենք դատարանի վճռից հետո»,- ասաց Բավեյանը:
Նշենք, որ Աշոտ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է 2015-ի մարտի 9-ին: