կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-28 16:32
Հասարակություն

25 գազալցակայանները, որ հանել եմ, դրանց հետևում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած. Արմեն Երիցյան

25 գազալցակայանները, որ հանել եմ, դրանց հետևում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած. Արմեն Երիցյան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում գազալցակայանում տեղի ունեցած պայթյուններին: Նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարականից հետո ստեղծվել է խումբ, որը երկուշաբթի օրվանից ստուգումներ կիրականացնի բոլոր գազալցակայաններում:

 

«Ստուգումներ եղել են, խախտումներն արձանագրվել են, տուգանքները եղել են մինչև մեկ միլիոն: Սա պետք է շարունակենք, և մարդիկ պետք է հասկանան, որ ավելի լավ է մի քիչ գումար ծախսեն, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն»,- ասաց նախարարը: Հարցին, թե պետք է նման դեպքե՞ր լինեն, որ ստուգումներ իրականացվեին, նախարարը պատասխանեց. «Ստուգումներ պարբերաբար կատարվում են, ստուգումների հետևանքով եղել են տուգանքներ, և այն բացթողումները, որ կան, ներկայացվել են, բայց մարդիկ անփույթ են լինում»,- ասաց Երիցյանը` հավելելով, որ տարվա ընթացքում մեկ անգամ են գազալցակայանններում ստուգումներ իրականացվում: Հարցին, թե տուգանքները մուծելուց հետո գազալցակայանները կրկին շարունակո՞ւմ են իրենց գործունեությունը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ոչ, տուգանքը մուծում են, այդ խախտումները, որ կան, պետք է վերացնեն»:

«Եթե հիշում եք, ես նոր էի նախարար նշանակվել, և մայրաքաղաքից մենք հանեցինք շարժական գազալցակայանները: Ծանր էր, բայց մենք կարողացանք այդ 25 գազալցակայանները հանել, և կարծում եմ, որ ԱԳԼՃԿ-ներում եթե տեսնենք ստուգումներից հետո խախտումներ, մենք կարգելենք նրանց հետագա գործունեությունը»,- ասաց նախարարը:

 

Այն հարցին՝ չէ՞ որ դրանցից շատերը պատկանում են վարչապետին և Գագիկ Ծառուկյանին, արդյոք կարո՞ղ է նախարարը նրանց դեմ գնալ, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ում է պատկանում: Այն 25-ը, որ հանել եմ, այդ 25-ի հետևում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած։ Կարծում եմ՝ եթե օրենք է, օրենքը բոլորիս համար է»,- ընդգծեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը: