Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացն այլևս Հայաստանից կախված չէ, որովհետև այն, ինչ դրա համար պահանջվում էր Հայաստանից, արդեն արված է: Պատմական, գուցե ճակատագրական նշանակության քայլերը, կապված ՍԴ-ի կողմից սահմանադրական ճանաչվելու և ԱԺ-ի կողմից վավերացվելու հետ, արդեն արված են, և չկա ոչ մի ներքին գործոն, որը կարող է ընդհատել այս ընթացքը: ԱԺ-ում պայմանագրի վավերացման քվեարկության պատկերը ցույց տվեց, որ այս հարցում գրեթե կատարյալ միասնականություն է, որը հիմնվում է հանրության լայն հատվածների լուռ համաձայնության վրա:
Ամեն ինչ հիմա կախված է Եվրասիական միության անդամ երեք երկրներից երկուսի` Ղազախստանի և Բելառուսի խորհրդարաններից, այդ երկրների իշխանությունների ցանկությունից և առավելապես Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններից: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առջև կանաչ լույս վառելու իրավասությունն այնպիսի լուրջ գործիք է Աստանայի ու Մինսկի ձեռքին, որ կարող են կիրառել ցանկացած պահի` օրինակ, հետաձգելով համապատասխան պայմանագրի վավերացումը խորհրդարաններում: Եվ այստեղ ձեռք բերված քառակողմ բանավոր համաձայնությունը` մինչև դեկտեմբերի 23-ը բոլոր 4 երկրներում ավարտել պայմանագրի վավերացման փուլը, էական որևէ նշանակություն չունի, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում Բելառուսը, բայց հատկապես` Ղազախստանը բազմիցս են խախտել նմանատիպ պայմանավորվածությունները, ինչի պատճառով Հայաստանին զրկեցին ԵՏՄ հիմնադիր անդամ դառնալու հնարավորությունից և սկսեցին Երևանի առջև նույնիսկ նախապայմաններ դնել:
Բոլոր դեպքերում գնդակն այլևս մեր դաշտում չէ, ու մնում է ընդամենը սպասել, թե ԵՏՄ անդամ երկրները որքանով կմնան այդ պայմանավորվածությունների շրջանակում: Մնում է հուսալ, որ սա իսկապես չարյաց փոքրագույնի սկզբունքով արված ընտրություն էր: Ազգային ժողովում, դրանից դուրս բոլորը քննարկում են բացառապես այս որոշման նպատակահարմարության հարցը` ճիշտ է, սխալ է, օգտակար է, վնասակար է, մահացու է կամ առողջարար: Եվ ինչպես գրեթե բոլոր հարցերում է, ամեն ինչ մատուցվում է ծայրահեղությունների մեջ, ֆատալիզմի տրամաբանությամբ` հանրությանը ինչ-որ բան բացատրելու, հասկանալի դարձնելու փոխարեն նրան ավելի խճճելով, ավելի մատնելով հուսահատության:
Բայց այս ամբողջ թոհուբոհի մեջ այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացավ, թերևս, ամենակարևորը հարցը` ինչո՞ւ հասանք այս վիճակին և հնարավո՞ր էր խուսափել այսպիսի ելքից: Ի՞նչ էր կախված մեզանից, ի՞նչն էր, որ այդպես էլ չարեցինք կամ արեցինք դրա հակառակը: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանին ընտրություն պարտադրելու` սոցիալական, տնտեսական, քաղաքական բոլոր լծակները բոլոր լծակներն այդքան սահուն հայտնվեցին մի երկրի ձեռքերում, արդյո՞ք դա մտածված ու հետևողական քաղաքականության հետևանք էր, թե՞ պահի տակ կայացվող որոշումների: Այս հարցադրումներն ակտուալ չեն ինքնին ԵՏՄ-ին միանալու նպատակահարմարության կամ անհրաժեշտության հարցի քննության համատեքստում: Որովհետև գնացքն արդեն գնացել է: Բայց դրանք ակտուալ են ապագայի համար` ապագան կառուցելու և երեկ ու այսօր կատարված սխալները, որոնք, փաստորեն, ի վերջո, նստեցրին կոտրած տաշտակի առջև, չկրկնելու հրամայականից ելնելով: Այդ հարցերին պատասխանելն այնքան էլ դյուրին չէ, որքան թվում է առաջին հայացքից, որովհետև ուղղակիորեն առնչվում է պատասխանատվության և ինքնապատասխանատվության կատեգորիաներին:
Այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն հրապարակայնացրեց դեռևս 1994թ. վավերացված` Ռուսաստանի հետ տնտեսական միություն ստեղծելու մտադրությունների մասին պայմանագիրը, թվում էր, թե, ի վերջո, քննարկումների հունը կտեղափոխվի նաև պատճառների բացահայտման և քաղաքական պատասխանատվության հարթություն: Բայց այդ պայմանագիրը բացարձակապես ոչ մի ռեզոնանս չառաջացրեց, ավելին` ըստ էության, միտումնավոր այն դուրս մղվեց օրակարգից ու մոռացության մատնվեց: Ու թերևս հասկանալի է, թե ինչու, որովհետև այն լյուստրացիայի էֆեկտ ուներ ու հստակորեն ցույց էր տալիս, թե ինչ նպատակ էր դրված եղել դեռևս 1994թ., և այն զարգացումները, որոնք տեղի ունեցան դրանից հետո հայ-ռուսական հարաբերություններում, որքանով էին բխում այդ նպատակից ու ծառայում դրա իրականացմանը: Եվ երբ խնդիրը դիտարկում ենք այս հարթությունում, ապա ստացվում է, որ հայաստանյան երեք իշխանություններից յուրաքանչյուրն իր չափով նպաստել է այսօրվա ելքի հասունացմանը, յուրարքանչյուրն իր չափով է մոտեցրել այս օրը և այնքանով, որքանով քաղաքական ներկայիս համակարգը, ըստ էության, եղել է դրա մասնակիցը, բոլորն էլ դառնում են համապատասխանատու: Իսկ ինչպես հայտնի է, կոլեկտիվ պատասխանատվությունը, դրա առանձին էլեմենտների կտրվածքով, միշտ էլ հիմնված է անպատասխանատվության վրա, սեփական դերակատարումը նեղացնելու, հնարավորության դեպքում` չեզոքացնելու վրա: Ճիշտ այնպես, ինչպես կոլեկտիվ հանցագործության պարագայում է դժվար դառնում հանցագործության դետալների, հանգամանքների ինդենտիֆիկացումը դրա մասնակիցների հետ, այսինքն` յուրաքանչյուրի մեղավորության աստիճանի որոշումը և պատիժն էլ, ըստ դրա, սահմանելը:
Եվ հենց դա է պատճառը, որ թացը խառնվում է չորին, ճշմարիտը կեղծիքին: Որովհետև դա բխում է բոլորի շահերից, որովհետև դա է պատասխանատվությունից խուսափելու հարմար տարբերակը: Եվ այնպես, ինչպես հանցագործության անպատժելիությունն է ապագա նոր հանցագործությունների կատարման հիմնական երաշխիքը, այնպես էլ անցյալում ու ներկայում կատարվող սխալները չսրբագրելու, այս սխալների համար իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն չկրելն է երաշխիքներ ստեղծում վաղը գուցե ավելի ծանր ու անդառնալի սխալներ կատարելու համար:
Բայց խնդիրն այն է, որ սխալվելու լիմիտն էլ է վերջանում, ու կարծես, շատ ենք մոտեցել այդ կրիտիկական սահմանագծին, որից այն կողմ անդունդ է, պետականության լիակատար կորուստ:
Գևորգ Աղաբաբյան