Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում կմեկնարկի նոր խաղաշրջանը՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» բեմադրության ցուցադրությամբ /դերասան, բեմադրիչ՝ Արման Նավասարդյան/:
Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թատրոնը երբեմն ակտիվանում է, երբեմն` հակառակը` կախված այն հանգամանքից, թե ով է ղեկավարը: Այժմ, ըստ Հակոբյանի, թատրոնը սկսել է կյանքով լցվել, և այն նոր ղեկավար ունի` Էրիկ Բարսեղյանը:
«Տարիներ առաջ ես տնօրենն էի՝ և\' Համազգայինի, և\' Ուսանողական թատրոնի, և այդ տարիներին «կռիվ» էր գնում թատրոնների միջև` տեղի, փորձի ժամերի համար: Հիմա նորից կռիվ է գնում, ուրեմն լավ է, մեջը մի բան կա: Ուսանողական թատրոնում պատահական մարդիկ չեն աշխատում. այսօրվա գործող դերասաններն ու ռեժիսորներն են»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ իրենք խնդիր չունեն ռեպերտուարով «զոռով» թատրոն պահելու:
Ինչ վերաբերում է այսօրվա ներկայացմանը` Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»-ին, ապա այն, ըստ նրա, նոր շնչով է բեմադրված ու նոր մոտեցումներով:
«Այսօր հրաշալի երիտասարդներ կան` վախենալու աստիճան հրաշալի: Ասում եմ` վախենալու աստիճան, քանի որ եթե չես վախենում, որ երիտասարդը պետք է քո հացը կտրի, ուրեմն նա տաղանդավոր չէ: Սուտ են կարծիքները, թե երիտասարդ սերնդի որակը քանի գնում, ընկնում է: Մենք ուղղակի պետք է երիտասարդին հնարավորություն տանք ավելի շատ լինելու հանդիսատեսի հետ: Ինստիտուտը դերասան չի սարքում, այն հնարավորություոն է տալիս սարքվելու»,- ասաց Հակոբյանը:
Թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ նշեց, որ թատրոնը հիմնադրվել է 1979-ին, սակայն 4-5 տարի գործելուց հետո խաղացանկային հիմնական թատրոնի այդպես էլ չկարողացավ վերածվել: Տարիներ անց, ըստ նրա, թատրոնը վերաբացվեց, այս անգամ՝արդեն Թատերական ինստիտուտի ներքո, իսկ հիմա վստահ կարող է ասել, որ թատրոնը խաղացանկային հիմնական թատրոն է:
«Թատերաշրջանը սկսել ենք 7 ներկայացմամբ` Նարինե Գրիգորյանի «Ես միայն զանգահարելու եմ եկել» /Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործության հիման վրա/, Լալա Մնացականյանի «Մեծ աղմուկ ոչնչից», «Մայրը»… Նոյեմբերի 18-ին էլ պրեմիերա ունենք` Սամսոն Ստեփանյանի «Առաջարկություն» /Չեխովի գործերի հիման վրա/: Մի խոսքով` տարին ակտիվ ենք սկսել»,- նշեց Բարսեղյանը` հավելելով, որ հիմա բանակցություններ են վարում մարզային թատրոնների հետ, որպեսզի «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումը նաև մարզեր տանեն:
Թատրոնի տնօրենի հավաստմամբ` այսօր Ուսանողական թատրոնը բավականին մրցունակ է, որը, ժամանակին համընթաց քայլելով, փորձում է պետական թատրոնների կողքին պահել իր տեղը: «Թատրոնն այսօր մշակութային լուրջ դիրքերի վրա է: Այն այսօր ազատ բեմի սկզբունքով է գործում, այսինքն` մենք բեմ ենք տրամադրում բոլորին` չվախենալով նրանց «պռավալներից», մենք համարձակորեն բեմ ենք տրամադրում՝ նաև սխալվելու համար»,- ասաց նա:
Ի դեպ, այսօր «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման մուտքն ազատ է: