կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-17 17:48
Առանց Կատեգորիա

Սխալվելու տարիք

Սխալվելու տարիք

Շահեն Շանթի Հարությունյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Դավիթ Սանասարյանին եւ «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»: Շահենը 17 տարեկան է` ընդամենը, նրա` սխալ բան անելու տարիքն է, եւ նա սխալ բան է անում: Հաց չուտելն այնքան սխալ է, որքան ուտելը, անգամ` եթե հաց չես ուտում՝ բողոքելով շատ ուտողների դեմ:

Տղան այսօր վեր է կացել, մի մեծ թղթի վրա հայերեն-ռուսերեն-անգլերեն գրել` հացադուլ, եւ գնացել Ազատության հրապարակ: Հայրը բանտում է, որ ձեռքը բռներ, մայրն էլ՝ տիկին Ռուզաննան, իր իսկ խոսքերով, աշխատանքի է եղել, եւ Շահենը նրան որոշածի մասին ոչինչ չի ասել, «քանի որ գիտեր, որ դեմ եմ լինելու»: Տիկին Ռուզաննան նաեւ հայտնել է, որ ինքը հորդորելու է որդուն՝ դադարեցնել հացադուլը: Ո՞ր մայրը չի հորդորի եւ չի հորդորում իր երեխային` հաց ուտել: Կլսի՞ Շահենը մորը, թե՞ կլսեն Շահենին եւ «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» բաց կթողնեն: Կանցնի՞ Շահենի կողքով մի հասուն մարդ եւ կասի՞ տղային, որ հացադուլով խնդիր չեն լուծում, զենքով էլ չեն լուծում. զենքն ու հացադուլը վերջին միջոցներն են, իսկ 17 տարեկանում չի կարելի գործ սկսել՝ միանգամից վերջին միջոցներն օգտագործելով: Երեւի կանցնի, կանցնի ու կասի, համենայն դեպս, Ազատության հրապարակով շատ հասուն մարդիկ են անցնում:

Ու չգիտեմ, կհիշի՞ Շահենը, որ, երբ ինքը 7-8 տարեկան էր, նրա հայրը՝ Շանթը, իրեն նվիրել էր «Խորհրդավոր կղզին» վեպը եւ հորդորում էր, որ կարդա: Իսկ մայրն ու հորաքույրն ասում էին, թե տղան դեռ փոքր է` նման վեպ կարդալու համար… Այս հիշողությունը շատ կարեւոր կլինի Շահենի համար, քանի որ, երբ հիշի, կհասկանա, որ 7-8 տարեկանը փոքր տարիք է՝ «Խորհրդավոր կղզին» կարդալու համար, 17 տարեկանն էլ փոքր տարիք՝ հացադուլ անելու համար: Դա սխալվելու տարիքն է:

Հովիկ Աֆյան