կարևոր
3169 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 10:58
Քաղաքական

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք

Այս օրերին բոլորս անհանգիստ հետևում ենք թշնամու կողմից վերջին շրջանում սանձազերծած ռազմական գործողություններին, բայց ավելի մեծ զարմանք է պատճառում պաշտոնական մակարդակով վերջին օրերի իրադարձություններին ուղեկցող լռությունը։ Հերթական անգամ, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար։

Թշնամին մեր ժողովրդի գենոֆոնդը ոչնչացնելու, մատաղ սերնդին սպանելու միտումնավոր քաղաքականություն է վարում։ Շարունակվող պատերազմն ամեն օր խլում է մեր հերոս ժողովրդի լավագույն զավակներին ու դուստրերին։

44-օրյա պատերազմից առ այսօր մեր մարդկային կորուստները հաստատ հայտնի չեն, քանի որ ՔՊ-ական խունտայի ներկայացուցիչները թաքցնում են զոհերի իրական թիվը։ Հաշվի առնելով Արցախում և Հայաստանում 1988 թվականից ի վեր մեր կորուստները, սա միանշանակ ամենախոշորն ու ծանրագույնն է։ Եվ դա շարունակվում է։  Թշնամին  բոլորովին չի պատրաստվում կանգ առնել։

Ավելի վատ, թուրք-ադրբեջանական տանդեմը  հիմա պլանավորում է մեզ ոչնչացնել, քարտեզի վրայից ջնջել մեր Հայրենիքը։ Եվ նրանք գնալու են մինչև վերջ, որպեսզի մենք երբեք ոտքի չկանգնենք։ Խնդիրներն արդեն այս կամ այն ձևով հստակ և ոչ երկիմաստ են ՝ ռազմական, մարդկային, գիտական և տնտեսական ներուժի կազմաքանդում և ոչնչացում։

Մենք հասել ենք եզրին. Հայաստանը ոչ միայն պատերազմի մեջ է, այլեւ թշնամին մեզանից ավելի շատ ռեսուրսներ ունի: Թշնամին, իհարկե, միայն Ադրբեջանը չէ։

 Հաղթելու համար մենք պետք է ավելի արդյունավետ, ճկուն, միասնական, համարձակ լինենք քան թշնամին։ Մենք պարտավոր ենք  ավելի լավ կանխատեսել թշնամու վարքագիծը, ավելի լավ կանխատեսել սեփական քայլերի հետեւանքները:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք․․․

Գործող իշխանությունը  սխալներ է թույլ տվել և շարունակում է  թույլ տալ, որոնք թանկ արժեն ամբողջ երկրի համար։

Վերջին տարիներին ՔՊ-ական իշխանությունների համար ցանկացած սպառնալիքի դեմ պայքարելու  ունիվերսալ միջոց են դարձել ձերբակալություններն  ու արգելափակումները, բայց նրանք հաշվի չեն առել, որ նման մեթոդներով հնարավոր չէ հաղթել , և ապագան չի կերտվում այդ կերպ:

Ավելի արդյունավետ հասարակություն դառնալու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, ազգային և պետականամետ մտածելակերպ ունեցող իշխանություն։ Մեզ անհրաժեշտ է շատ լուրջ կադրային նորացում երկրի ղեկավարության տարբեր մակարդակներում։ Մեզ պետք է ավելի քիչ կարգավորումներ և ավելի շատ ազատություն տեղական նախաձեռնությունների համար: Մենք կարիք ունենք կառավարության և բիզնեսի, կառավարության և հասարակության միջև հարաբերությունների լուրջ վերանայման։ Մենք պետք է ամեն գնով հզորացնենք մեր զինված ուժերը,միշտ կանգնած լինենք մեր բանակի կողքին։ Անհրաժեշտ է վերադարձ մեր ազգային, հոգևոր, մշակույթային ակունքներին։

Հայաստանի պատմության մեջ արդեն եղել են օրինակներ, երբ, հաղթահարելով փորձությունները, մենք  հզորացել ենք  և հաղթել թշնամուն։ Այժմ պետք է ավելի խելացի լինել, խիզախություն եւ մտքի ճկունություն ցուցաբերել: Հատկապես հիմա՝ վճռական փորձությունների ժամանակաշրջանում, մենք պետք է դավաճաններին  առանձնացնենք մեզանից, ցույց տանք միասնություն, որում, անխուսափելիորեն և շուտով, կգա մեր ազգային հաղթանակի ժամը։

Հ․Գ․ Իշխանությունը թիմային  պատասխանատվություն է ։  Չի հաջողվի թաքնվել, փախչել,մեղքն ուրիշի վրա բարդել․․․

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ