Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին «Հատումը» ֆիլմում նկարահանված թուրք դերասաններն իրենց տպավորություններն են պատմել ֆիլմի մասին «Ակօս»-ին:
Սերրա Յըլմազ, դերասանուհի
«Ֆիլմն անդրադառնում է այն իրադարձություններին, որոնք մեր պատմությունը ցանկանում է աչքաթող անել, միաժամանակ, ներկայացնում է մի երկար ուղի: Նման գործ անելու համարձակություն ունենալը շատ դժվար է: Առաջին հերթին` պատմական վայրերի տեսարաններ ստեղծելու համար մեծ գումարներ են պահանջվում: Պետք է ասեմ, որ, որպես աշխատակազմ, շատ համարձակ են եղել: Միշտ դժվար է աղետներ ներկայացնելը: Մեկ ֆիլմում չեք կարող տասը պատմություն ներկայացնել: Աղետի մի մասը մի պատմությամբ կներկայացնեք: Այս ֆիլմում տեսնում եք պատմական ճշմարտությունը, որին ականատես է եղել մարդը՝ իր պատմությունով: Գուցե աղետը ներկայացնելու միակ միջոցը այն ցույց տալը չէ: Իմ միակ քննադատությունն այն է, որ ֆիլմը կարող էր ավելի կարճ լինել, քանի որ այդ դեպքում անգամ չէր իմաստազրկվի: Կարծում եմ, որ այդ ֆիլմը դեր կունենա ցավերի վրա հիմնված պատմությունները լսելի դարձնելու գործում»:
Ռըզա Քոջաօղլու, դերասան
«Ֆիլմում ցավերը ներկայացվել են մարդկային տեսանկյունից, ամեն ինչին շատ զգայուն և նրբանկատ մոտեցում է ցուցաբերվել: Դրա իրականացման ընթացքում աչքաթող չեն եղել պատմական ճշմարտությունները: Մյուս կողմից` ոչ մի ազգի չի ասվում՝ «դուք մեզ այսպես եք արել, դուք այսպիսին եք»: Ֆիլմում պատմությունը ձգվում է մինչև Ամերիկա և նույնիսկ անդրադարձ է արվում սպիտակ մարդկանց հնդկացիների հանդեպ վերաբերմունքին: Նրանց խնդիրը որպես համամարդկային խնդիր ներկայացնելը ֆիլմը նույնպես դարձնում է համամարդկային խնդիր: Ֆիլմում ներկայացվում է իր զավակներին կորցրած հոր պատմությունը, մի ընտանիքի ձուլումը: Աշխարհում շատ ազգեր նմանատիպ ցավեր են ապրել: Քրդերը դեռ ապրում են: Քոբանիում եզդիները ապրում են: Այս ֆիլմը, դժբախտաբար, ներկայացնում է մինչ օրս շարունակվող իրականությունը: Նրանք, ովքեր դեմ են այս ֆիլմին, թող նախ դիտեն այն, հետո միայն գաղափարի, պատմության կամ արվեստի տեսանկյունից քննադատել ցանկանալու դեպքում խոսեն դրա մասին: Պետք է սովորենք միմյանց լսել: Երբ դա արվի կինոյի, թատրոնի կամ գրականության միջոցով, դա ավելի հնարավոր կլինի: Որպես արվեստագետ՝ պատմությունները սերնդեսերունդ փոխանցելը մեր գործի մի մասն է: Մենք պատմություններ փոխանցողներ ենք»:
Նեժաթ Իշլեր, դերասան
« Ֆիլմում մեր տեսած պատմական ճշմարտությունը տեղի է ունենում միլիոնից մեկ: Մեր շրջապատում այդ մասին միշտ խոսում են, բայց` ոչ հրապարակավ: Այդ մասին կամաց-կամաց բարձրաձայնելը գուցե ավելի լավ է: Ֆիլմը նայելիս մտածեցի՝ յուրաքանչյուր ազգի պահարաններում կան դիակներ: Լավ, իսկ մենք ինչո՞ւ դրա հետ չենք առերեսվում: Առերեսումը բոլորիս համար լավ է լինելու: Աշխարհում ամեն լավ բան ծնվում է գրականության, կինոյի և թատրոնի միջոցով: Էլ չեմ խոսում համարձակության մասին: Մեր գործի բնույթը, հիմքը հենց համարձակ լինելն է: Բայց Ֆաթիհ Աքընի արածն իսկապես շատ ազնիվ արարք է: Այն ոչ միայն անցյալի, այլև ներկայի ցավերն է ներկայացնում»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի