Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ես տնտեսագետ լինեի, կստորագրեի բանկերի կամ ՊԵԿ-ի հայտարարած ու կատարած վերջին հանցագործությունների տակ: Իսկ ինչո՞ւ նրանք կամ ՊԵԿ-ը չպետք է անեին այն անօրինական պահումները, որ արել են մարդկանց աշխատավարձից: Ի՞նչը կամ ո՞վ պիտի զսպեր նրանց: Մինչեւ հիմա նրանց ո՞ր ապօրինությունն է քրեորեն հետապնդվել: Ոչ մեկը: Ահա եւ մարդիկ, շրջանցելով նաեւ ՍԴ որոշումը, պահումներ են անում ու հոխորտում, թե որ գործատուն չփոխանցեց պարտադիր կուտակայինի 5 տոկոսը, մարտից հետո ստիպված կլինի փոխանցել նաեւ առաջին երեք ամիսների գումարը: Ասում եմ ձեզ` Հայաստանը կառավարում են քրեական հանցագործներ, որոնց այլեւս ոչինչ չի վախեցնում: Ավելին` ինձ նույնպես ոչինչ չէր վախեցնի այս իրավիճակում:
Եվ, ըստ իս, Հայաստանը հիմա քրեական հանցագործությունների դարբնոց է: Որովհետեւ վարչապետն օրը ցերեկով ամեն օր բացեիբաց հայտարարում է, որ թքած ունի ՍԴ որոշման վրա: ՍԴ-ն ասում է, որ երեք ամսով կասեցնում է պարտադիր 5 տոկոս վճարումների իմպերատիվությունը, այսինքն` «պարտադիր» կոմպոնենտը, իսկ ԿԲ-ն սպառնում է՝ կատարեք հիմա, հետո ավելի վատ է լինելու: Հիմա տեսեք, թե ինչ իրավիճակ է: Հանցագործը մտնում է ձեր տուն, տեսնում է, որ գողանալու ոչինչ չունի: Ասում է՝ տանդ ամեն քառակուսի մետրը ամեն տարի կտակում ես ինձ, ես քեզ 45 տարի հետո լավ եմ պահելու: Մարդն ասում է՝ չէ, ախպե'ր, չեմ ուզում կտակել: ԱԺ-ն հայտարարում է, որ օրենքը հանցագործի եւ զոհի այսպիսի հարաբերությունը չի կարգավորում ու դիմում է ՍԴ: Փոխարենը օրենքն ասում է, որ հանցագործը կարող է էդ քառակուսի մետրը տնօրինել արտասահմանյան տնտեսություններում: ՍԴ-ն առժամանակ կանխում է հանցագործի ինքնիրավչությունը զոհի բնակարանի ամեն քառակուսի մետրի վրա` մինչեւ մի բան կորոշի: Ոստիկանությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որով զոհին պարտավորեցնում է ամեն տարի կտակել բնակարանի մեկ քառակուսի մետրը, ջհանդամը, թե ՍԴ-ն ուրիշ բան է որոշել:
Եվ ահա այս իրավիճակում, երբ ՍԴ-ն զոհի կամքից անկախ դառնում է սեփական քառակուսի մետրերին տեր լինելու միակ երաշխավորը, երկրի նախագահը, վարչապետը, օրենքով գողերը հայտարարում են, թե զոհը սխալ է, եթե հանցագործն ուզում է այդ քառակուսի մետրերը, ինքը պետք է դրանք ստանա: Պետք է նշեմ, որ այս իրավիճակում զոհը դատապարտված է: Նա բազմիցս փողով ընտրությունների է մասնակցել, եթե չի մասնակցել, գոնե տեսել է ու հանգիստ կուլ է տվել իր աչքի առաջ տեղի ունեցած կեղծիքները, եթե կուլ չի տվել, համենայն դեպս, հանգիստ գնացել է տուն, քանի որ կեղծիքների մի մասի գործող անձինք եղել են նրա հարազատները կամ ընկերները:
ՍԴ-ի պարագան ավելի անհուսալի է: Այդ կառույցի զրոյական հեղինակությանն այսօր իշխանությունն ամբողջ ծավալով ավելացնում է իր արհամարհանքը: Վերջապես իշխանությունը հասկացնում է Գագիկ Հարությունյանին՝ այսքան ժամանակ մենք ձեզ հետ հարաբերվել ենք ոչ իբրեւ դատական անկախ ինստիտուտի, այլ իբրեւ ձրիակերների, որոնց գոյության երաշխավորն ինքը՝ գործադիր իշխանությունն է: ՍԴ-ին նույնիսկ ակնարկում է, թե ինչ որոշում պետք է կայացնի մարտի 28-ին եւ ոչ մի կասկած, որ հենց այդպիսի, այսինքն` օրենքի սահմանադրականությունը ճանաչող որոշում էլ կայացնելու է ՍԴ-ն: Ինչո՞ւ պետք է Գագիկ Հարությունյանի՝ պետական ապարատը գրաված հարազատների գոյության դաշտում ՍԴ-ն կայացնի այլ որոշում: Այդքան հանցագործություններին մասնակցելուց հետո ես նույնպես կճանաչեի պարտադիր կուտակայինի սահմանադրականությունը, եթե նույնիսկ այնտեղ խոսքը ամբողջ հայ ժողովրդին մի գիշերում կենդանի թաղելու մասին է:
Սեյրան Հանոյան