կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 17:27
Հասարակություն

«Երեխան քանի՞ ամսում է ծնվում՝ 9». Հովիկ Աբրահամյանին ժամանակ է պետք

«Երեխան քանի՞ ամսում է ծնվում՝ 9». Հովիկ Աբրահամյանին ժամանակ է պետք

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեցին նրա՝ «արա»-ով խոսելու հետ կապված: Վարչապետը պատասխանեց. «Ես մի անգամ եմ «արա» ասել ու ներողություն եմ խնդրել»: Նա հանդիմանեց լրագրողներին. «Էս տարիքում այդքան մաղձ որտեղի՞ց»:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ միշտ բարձր տրամադրություն ունի, հակադարձեց. «Դրա մեջ էլ ե՞ք վատ բան տեսնում: Մեր պետության գործերը, Արցախի գործերը միշտ լավ են լինելու: Ինչի՞ եք ամեն ինչի մեջ վատ բան տեսնում: Ես խնդրում եմ, լավ բաներ տեսեք: Մ'ի շտապեք, մի քիչ նեղություններ ունենք, այդ նեղությունները կհաղթահարենք: Ես ԱԺ-ում կոչ ունեմ անելու, որ բոլորս համախմբվենք եւ մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարենք միասին: Եթե լավ առաջարկներ տաք, ես շատ շնորհակալ կլինեմ եւ կփորձեմ դրանք իրացնել՝ իմ լիազորությունների շրջանակներում»:

 

Լրագրողների դիտարկմանը, որ առաջարկում են մենաշնորհները վերացնել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես դա անելու եմ, ժամանակ է պետք: Հասկանում եմ, որ որոշ մարդկանց մոտ վատ հատկություն կա: Դուք էլ գիտեք, որ դրա համար ժամանակ է պետք, ուղղակի միշտ դրա համար ասում եք: Ժամանակ է պետք, չէ՞, որ մենք կարողանանք: Երեխան քանի՞ ամսում է ծնվում, 9 ամսում, չէ՞»:

 

Դիտարկմանը, որ երկիրը մինչ այդ կդատարկվի, վարչապետը պատասխանեց. «Բա տենց որ խոսեք, կդատարկվի, այնպես գրեք, որ չդատարկվի»:

 

Հարցին՝ էլի լրագրողնե՞րն են երկրում գաղջ մթնոլորտ ստեղծում, պատասխանեց. «Չէ, ես նման բան չասացի»:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրավիճակը երկրում փոխելու համար նույնիսկ պատրաստ է իր գործընկերների գործած մեղքերի համար պատասխան տալ:

 

Yerkir.am-ի հարցին, թե ո՞ր կարևորագույն հարցերում կցանկանար քարտ-բլանշ ունենալ, վարչապետը պատասխանեց. «Ես միշտ էլ քարտ-բլանշ ունեմ»: Հստակեցրեցինք` օրինակ` կուտակայինի հարցո՞ւմ, վարչապետը պատասխանեց. «Կուտակայինի հարցում իմ որոշումը շատ ճիշտ էր»:

 

Հարցին՝ ինչ-որ տեղ իր ձեռքերը կապվա՞ծ են, վստահեցրեց` ոչ: Ըստ նրա` կադրային քաղաքականության հարցում էլ է ինքը շատ ազատ: Ինչ վերաբերում է քննադատությանը, որ իր հետ Տիգրան Սարգսյանի նույն կադրերն են, օրինակ` Վաչե Գաբրիելյանը, պատասխանեց. «Վաչե Գաբրիելյանն իր ունակություներով չի կարող լինել որեւէ մեկի մարդը, նա կայացած մարդ է: Տիգրան Սարգսյանը գնաց, ձեզանից չպրծա՞վ»:

 

Հովիկ Աբրահամյանը նաեւ նկատողություն արեց, թե ի՞նչ է նշանակում «Տիգրան Սարգսյանի մարդ»: «Տիգրան Սարգսյանը կարող է մենակ կին ունենալ»,- ասաց նա: