Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վարչապետը կրկին անդրադարձել է տարադրամի շուկայում ստեղծված լարվածությանը, դրամի արժեզրկմանը և գնաճին: Նրա խոսքով` կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի երկրում գնաճը չանցնի սահմանված շեմից:
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի խնդիրը կարգավորվի, և ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ հարցերը կլուծվեն»,- նշեց վարչապետը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ տարադրամի տատանումները կապված չեն երկրի ներքին տնտեսական զարգացումների հետ: «Դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունք է, որն ունենում է իր բացասական ազդեցությունը: Մենք ուղղակի պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս ամենը սահուն անցկացնենք»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ այս ամենն ինչ-որ տեղ ցնցում է համարում երկրի տնտեսության համար:
Ըստ նրա` այդ գործընթացների հետևանքով դժվարանում է ներկրումների խնդիրը, քանի որ ներկրողները վճարում են դոլարով և վաճառում են դրամով, և փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն են ունենում նրանց շահույթների վրա: «Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ ներկրողները կարողանան առանց կորուստների դուրս գալ: Սա է մեր խնդիրը, և մենք փորձում ենք կարգավորել այս հարցը: Եվ ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է, որպեսզի առկա խնդիրներին լուծում տա»,- ասաց վարչապետը:
Դիտարկմանը, թե պետական բյուջեի նոր նախագծում դոլարի փոխարժեքը գրվել է 411 դրամով, վարչապետը պատասխանեց, որ դա օրենքի պահանջ է, նաեւ հավելեց, որ կառավարությունը բյուջեի հիմքում պետք է դնի նոյեմբերի 1-ի դրությամբ առկա փոխարժեքը, ինչն էլ արվել է: