կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 16:06
Քաղաքական

Մինասյանը մեղադրեց կառավարությանը բենզին ներկրողների շահերը սպասարկելու մեջ

Մինասյանը մեղադրեց կառավարությանը բենզին ներկրողների շահերը սպասարկելու մեջ

ԱԺ-ում «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա ակնհայտ բացասական ազդեցություն թողնող նախաձեռնություն է, և երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Նախաձեռնությունը չի դիմանում տնտեսագիտական որևէ ճնշման: Մենք ուզում ենք օր առաջ հասնել ԵՏՄ անդամ երկրների տնտեսական մակարդակին: Եթե ճնշում կա, ասեք` որտեղի՞ց է: Ես վստահ եմ, որ այս առումով գոնե դրսից ճնշում չկա: Որևէ տրամաբանություն առ այն, որ մենք պետք է ենթադրյալ ինը միլիարդ բյուջետային մուտքերի համար այս մուտքերը կատարենք, նորից չկա: Այս փոփոխությունների բացասական ազդեցությունները մինչև այս տարվա վերջը բերելու են հսկայական թվով աշխատատեղերի կրճատման: Որքան էլ ասեք` սեղմված բնական գազի ակցիզային հարկի կիրառումը սիմվոլիկ մեծություն է, այդպես չէ: Այսինքն` 8400 դրամի կարգի գումարը` հազար մետր խորանարդի դեպքում, ով ասաց` սիմվոլիկ է: Այդ մեքենաների վարորդների՞ն եք հարցրել: Նաև երկրորդը` ո՞ւմ համար է սիմվոլիկ: Այս ամենը ցույց է տալիս, որ սրա նպատակը բոլոորվին է սիմվոլիզմը չէ, սրա նպատակը այլ բան է: Սրա նպատակը մեր քաղաքացիների գրպանին հսկայական հարված հասցնելն է, ընդ որում` այն քաղաքացիների, ովքեր իրենց համար հնարավորություններ են ստեղծել` տաքսիներ են վարում գազով, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի կենսամակարդակն ապահովել: Իսկ տնտեսվարող սուբյեկտների մասին էլ` չասած»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` այս փոփոխությունով փոթորիկ չենք անում և չենք լցնում բյուջեն, որի արդյունքում տնտեսությունը զարգացում է ապրելու: «Սրանով մենք ավելացնում ենք մեր երկրի տնտեսության բացասական սպասումները: Մենք սրանով հարված ենք հասցնում փոքր ու միջին ձեռներեցներին և ամենավատը` սեղմված գազի ներմուծմանը: Ես ձեզ մեղադրում եմ, դուք պաշտպանում եք բենզին և դիզվառելիք ներկրվող անձանց շահերը»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորը հավելեց, որ հարկավոր է խրախուսել պահանջարկը, ոչ թե կրճատել այն: «Եթե անգամ ի վիճակի չեք այս նախագիծը հետ տանել, առաջարկում եմ` գոնե առաջին ընթերցումից հետո ընթացք չտալ: Սա բացասական սպասումներ առաջացնող նախաձեռնություն է: Հարգելի\' մեծամասնություն, նաև ձեզ եմ դիմում` այս նախաձեռնությունը ընթացք չպետք է ունենա: Այս նախաձեռնությունը որևէ դրական բան չի տալիս»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: