Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է տնտեսական պայմանագրեր կամ, օրինակ, ազատ առևտրի պայմանագիր կնքել ԵՏՄ ոչ անդամ երկրների հետ: Պատգամավորը նշեց նաև, որ, ըստ ԵՏՄ պայմանագրի, ԵՏՄ հանձնաժողովն է սահմանում ներկրվող ապրանքների տոկոսադրույքները, այնինչ, ըստ Սահմանադրության, դա պետք է սահմանվի ՀՀ օրենքով, այսինքն` դա ակնհայտ հակասում է Սահմանադրությանը:
«Դուք այդպես էլ չնշեցիք, թե ո՞ր ապրանքատեսակներն են, որ հստակ թանկանալու են ԵՏՄ-ին միանալուց հետո, կամ ո՞ր ապրանքատեսակներն են, որոնք չեն թանկանալու»,- հարցրեց պատգամավորը: Նրան հետաքրքրում էին նաև արտահանման ծավալները, քանի որ կառավարությունը ասում է, որ ԵՏՄ-ին միանալուց հետո արտահանումը 15 տոկոսով ավելանալու է: Ինչպե՞ս է դա տեղի ունենալու Ռուսաստանի տնտեսության անկման պարագայում:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ԵՏՄ անդամ պետությունները պետք է համատեղ ներկայացնեն առևտրային քաղաքականությունը: «Եթե ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո նպատակահարմար կլինի մի երրորդ երկրի հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր, ապա դրա մեխանիզմները կան»,- ասաց նա:
Ըստ Կարայանի` Հայաստանը կարող է բարձրացնել այդ խնդիրը և, ԵՏՄ երկրների հետ համատեղ որոշմամբ, կնքել ազատ առևտրի համաձայնագիր երրորդ երկրի հետ: «Եթե ԵՏՄ անդամ պետությունը ինքնուրույն պետք է որոշի ու կնքի ազատ առևտրի համաձայնագիր, ապա ԵՏՄ կամ ցանկացած տնտեսական կառույցի ինտեգրացիոն գաղափարախոսությունը վերանում է»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ Վրաստանի հետ Հայաստանն արդեն ունի ազատ առևտրի համաձայնագիր, որն այսօր գործում է և շարունակելու է գործել: Ինչ վերաբերում է այն բանին, թե ԵՏՄ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, ապա Կարայանը նշեց, որ ՍԴ-ն հարցը քննարկել է և որոշել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը համապատասխանում է Սահմանադրությանը, ուստի ինքը իրավասություն չունի ՍԴ որոշումը մեկնաբանելու: