Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել այս թեմային:
Պարբերականի հոդվածագիր Ջոն Քիֆները նախ պատմական փաստեր է ներկայացնում` ասելով, որ Առաջին աշխարհամարտի նախաշեմին անկում ապրող Օսմանյան կայսրությունում բնակվում էր 2 մլն հայ: Մինչդեռ 1922թ. դրությամբ` նրանց թիվը հասել էր 400.000-ի` մնացած 1.5 միլիոնը դարձել էր ցեղասպանության զոհ:
«Սակայն թուրքերի համար 1915-ին տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ երբեմնի հզոր կայսրությանը վերջ դրած խառը պատերազմի մի մաս: Նրանք չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույթն ու պատմաբանների եզրահանգումները` ասելով, որ իրենք նպատակ չեն ունեցել մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնել: Ավելին` այսօրվա Թուրքիայում հանցանք է համարվում անգամ հայերի հետ պատահածի մասին հարց բարձրացնելը»,- գրում է Քիֆները:
Հեղինակը նշում է, որ Լոս Անջելեսում կենտրոնացած հզոր հայկական համայնքը տարիներ շարունակ ճնշում է գործադրում Կոնգրեսի վրա` Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար: Սրան Թուրքիան պատասխանում է բուռն սպառնալիքներով: Քիֆները հիշեցնում է, որ 2007թ. դատապարտող բանաձևը քիչ էր մնում ընդունվեր, սակայն նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը, հաշվի առնելով, որ Թուրքիան կարևոր ռազմական դաշնակից է ԱՄՆ-ի համար, այնպես արեց, որ բանաձևը հանվի օրակարգից:
Վերադառնալով Հայոց ցեղասպանության բուն հարցին` հոդվածագիրը գրում է, որ տեղի ունեցած ողբերգության արմատներն Օսմանյան կայսրության անկման մեջ են: Նա հիշեցնում է, որ, իշխանությունն իրենց ձեռքը վերցնելով, երիտթուրքերը սկսեցին երկրի «թուրքականացման» գործընթացը: Նրանք մտան Առաջին աշխարհամարտի թոհուբոհի մեջ` կռվելով գերմանացիների կողմից ռուսների դեմ: Սակայն ռուսներից ծանր պարտություն կրելով` երիտթուրքերը մեղադրեցին հայերին և նրանց հռչակեցին որպես թուրքական պետության կայացման համար լուրջ սպառնալիք:
Ըստ Քիֆների՝ The New York Times-ը դեռ դարասկզբի հրապարակումներում հստակ նշել է, որ «թուրքերը վարում են քրիստոնյաներին ոչնչացմանն ուղղված քաղաքականություն»: Միայն 1915-ին հեղինակավոր հանդեսը 145 անդրադարձ է կատարել հայերի բնաջնջման թեմային: Հեղինակը շարունակում է` գրելով, որ «հայերին թուլացնելու համար» երիտթուրքերը սեփականացնում էին նրանց ունեցվածքը, արտաքսում «վտանգ» ներկայացնող մարդկանց, խլում զենքը, հեռացնում զինվորական աշխատանքից` հայերին տեղափոխելով աշխատանքային ճամբարներ:
«Ցեղասպանության ժամանակ հայերի կրած տառապանքների մասին տվյալները պահպանվել են այն ժամանակվա արևմտյան դիվանագետների, միսիոներների և այլոց մոտ: Դրա հետևանքով Արևմուտքը խիստ դատապարտել է թուրքերին: Թեև այն ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան լուռ էր, սակայն տարիներ անց ի հայտ եկած փաստաթղթերը վկայում են, թե բարձրաստիճան գերմանացի պաշտոնյաներն ու զինվորականներն ինչպիսի սարսափ են ապրել` տեսնելով տեղի ունեցածը»,- շարունակում է Քիֆները:
Հեղինակը նաև մեջբերում է ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի խոսքերը, ըստ որոնց՝ «թուրքական իշխանությունները մահվան թուղթ էին տալիս մի ամբողջ ազգի»: «Նրանք շատ լավ գիտակցում էին այս փաստն ու ինձ հետ զրուցելիս առանձնապես չէին փորձում քողարկել այն»,- վերհիշել է դիվանագետը:
Թարգմանությունը՝ Tert.am-ի