| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին, տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից: ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որոշում է կայացրել վերացնել քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը:
Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար: Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»: