Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝ Լոռի TV ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը, ահազանգ ստանալով, որ Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում անձրևային եղանակին կատարվում է ասֆալտապատում, ժամը 22:00-ի սահմաններում ժամանել է դեպքի վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Ն.-ն, որ տվյալ պահին տեղում հետևում էր ընկերության կողմից տարվող ասֆալտապատման աշխատանքներին, Նարինե Ավետիսյանի կողմից որպես լրագրող ներկայանալուց հետո բռնել է նրա ձեռքերից, վերցրել տեսանկարահանող սարքը՝ բջջային հեռախոսը, արգելել տեսանկարահանումներ կատարել, ջնջել կատարած լուսանկարները և վերադարձրել բջջային հեռախոսը:
Սակայն այն բանից հետո, երբ լրագրողը բջջային հեռախոսով կրկին սկսել է տեսանկարահանումներ կատարել, մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով նա վայր է ընկել: Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավետիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ընկերության վարորդ Վ. Խ.-ն և լրագրողի կամքին հակառակ վերցրել նրա բջջային հեռախոսը, ջնջել կատարած լուսանկարները: Նշված գործողություններով Տ. Ն.-ն ու Վ. Խ.-ն խոչընդոտել են լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը՝ թույլ չտալով լուսաբանել ասֆալտապատման աշխատանքների ընթացքը:
Դեպքից անմիջապես հետո Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որի հիման վրա 2017 թվականի սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. հոկտեմբերի 9-ին և 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ.Ն.-ին և նույն ընկերության վարորդ Վ. Խ.-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:
Ինքնությունը չպարզված անձանց կողմից Նարինե Ավետիսյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին