ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ` վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նյութերի ստուգմամաբ պարզվել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանին վերագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրիք 315-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը որոշում է կայացրել Ս. Մկրտչյանին և Հ. Մանուկյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշումն ուղարկվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ս. Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու համար: