կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-24 12:23
Սպորտ

ՀԱՕԿ-ը համարում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին

ՀԱՕԿ-ը համարում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական  մարզական խաղերին

Նոյեմբերի 21-22-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, Բաքվում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված:

 

Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարևոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաեւ մի նոր մակարդակի վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը:

 

Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարարող և սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս  շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:

 

Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաեւ որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

 

ՀԱՕԿ-ը համարում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը եւ կարեւորությունը` ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

 

Դեռ այս տարվա հոկտեմբերին Երեւանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո, ինչը բարձր է գնահատվել նրանց կողմից: Այնպես որ` ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի` հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների  կարծիքը:

 

ՀԱՕԿ պաշտոնական կայք