Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2014 թվականը և խոսեց առաջիկա ծրագրերի մասին:
«Շատ լավ տարի էր, և գերազանց մրցելույթներ ունեցանք միջազգային մրցաշարերում: Գիտենք, որ ՀԱՕԿ-ն իրականացնում է ծրագրեր ոչ միայն բարձր նվաճումների ոլորտում, այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում առողջ ապրելակերպին: Եվ այս ամենի գնահատականը տրվեց, երբ ՄՕԿ նախագահը ժամանեց Հայաստան, և ապացուցվեց այն, որ ՀԱՕԿ-ը ճիշտ ուղու վրա է, եւ մեր աշխատանքը գնահատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
Տարին բավական հագեցած էր: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը մեզ վրա երկակի տպավորություն թողեցին: Առաջին անգամ մենք մասնակցեցինք վարկանիշ ձեռք բերած մասնակիցներով: Ձմեռային մարզաձևերում դեռ ահռելի աշխատանքներ կան, որպեսզի ունենանք բարձր նվաճումներ: Երկրորդ կարևոր ստուգատեսը մեզ համար Նանկինի պատանեկան օլիմպիադան էր: Այդ հավաքականն անձամբ ինձ համար ամենաուժեղ և ամենահամախմբված հավաքականն էր: Մեր 14 մասնակիցներից բոլորը վարկանիշ էին ձեռք բերել: Մենք հրաժարվեցինք սպիտակ քարտերից, քանի որ փորձը ցույց է տվել` եթե մարզիկը վարկանիշ ձեռք չի բերում, ապա խոսել բարձր արդյունքների մասին պարզապես արկածախնդրություն է: Մեր ցույց տված արդյունքները շատ բարձր էին` 2 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Ցավոք, ունեցանք 2 խնդիր: Առաջինը մեր մարմնամարզիկն էր, որի պարագայում մեդալ կորցրեցինք, և երկրորդ` Անուշ Գրիգորյանից կային մեծ սպասելիքներ, սակայն նա բավարարվեց 4-րդ հորիզոնականով»,- ասաց Ռոստոմյանը:
Խոսելով Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի մասին` ՀԱՕԿ քարտուղարն ասաց. «Այս պահի դրությամբ ՀԱՕԿ-ը որևէ խնդիր չի տեսնում մասնակցության վերաբերյալ, սակայն վերջնական որոշումը մենք կհայտարարենք փետրվարին»:
Հարցին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հնարավո՞ր է, որ Հայաստանը չմասնակցի Բաքվի խաղերին` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, Ռոստոմյանը պատասխանեց. «Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ հարգանքի տուրք մատուցենք մեր հաղթանակներով: Ես վստահ եմ, որ մեր մարզիկները հոգեբանական ոչ մի խնդիր չեն ունենա: Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն: Կազմակերպիչը ՄՕԿ-ն է, որը վերահսկում է իրավիճակը»: