Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 21-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտերը:
49 կգ քաշային կարգում «Օլիմպիական հերթափոխի քոլեջի» սան Արտյոմ Ալեքսանյանը համառ պայքարում հաղթեց «Հայաստան մարզական միությունը» ներկայացնող Դավիթ Սարգսյանին և նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Այս քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Հարություն Հարությունյանի նկատմամբ:
52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Կիսաեզրափակիչում Կորյունը հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին, իսկ Նարեկ Աբգարյանը ուժեղ գտնվեց Բարեղամ Հարությունյանի հետ պայքարում:
Անակնկալ գրանցվեց 56 կգ քաշային կարգում: Երիտասարդ Էրիկ Պետրոսյանը համառ պայքարում հաղթեց Հայաստանի չեմպիոն Հենրիկ Մոքոյանին, Արսեն Պողոսյանն էլ առավելության հասավ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ:
60 կգ քաշային կարգում Սամվել Բարսեղյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց գյումրեցի Ժորա Համազարյանին: Արթուր Վարդանյանն էլ պարտության մատնեց Արթուր Ներսիսյանին:
64 կգ քաշային կարգում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արթուր Քիրաջյանը առավելության հասավ Վահե Սարգսյանի նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովն էլ ուժեղ գտվեց Շավարշ Սողոյանի հետ պայքարում: Հետաքրքիր պայքար է սպասվում 69 կգ քաշային կարգի եզրափակիչում: Այստեղ միմյանց հետ մրցելու են այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները` Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը, ովքեր այսօր հաղթեցին իրենց մրցակիցներին:
75 կգ քաշային կարգի եզրափակիչում գլխավոր մրցանակի համար կպայքարեն դինամոյական Արթուր Սարգսյանը և Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակիչում Սարգսյանը հաղթեց գյումրեցի Գագիկ Բոյանին, իսկ Հովհիկյանը առավելության հասավ Արեստակ Ալոյանի նկատմամբ:
Երեկ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև 81 կգ քաշայիններ Նիկոլ Արությունովը և Վազգեն Շահվերդյանը, 91 կգ քաշայիններ Ռաֆայել Սիմոնյանն ու Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև գերծանր քաշայիններ Մելքոնյան եղբայրները: Վաղը՝ նոյեմբերի 22-ին, կկայանան եզրափակիչ մենամարտերը: Եզրափակիչների սկիզբը 12:00-ին. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: