Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե դեկտեմբերի 10-ին եռյակը հանրահավա՞ք է կազմակերպելու, թե՞ երթ, որովհետև եռյակի տարբեր անդամներ տարբեր բաներ են ասում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես դեռ չեմ կարողացել ճշտել: ՀԱԿ-ն ամեն տարի ավանդաբար երթ է անցկացնում: Չեմ բացառում, որ սկզբում կլինի հանրահավաք, բայց դեռ մանրամասների չեմ տիրապետում: Երևի եռյակն այդ մասով դեռ որոշում կկայացնի»:
Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ չէր` երթին եռյակի լիդերները մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ: Մեր հարցին` այդ օրը եռյակի կողմից քաղաքական պահանջներ հնչելո՞ւ են, նա պատասխանեց, թե չի կարծում, նաեւ ասաց, որ այդ օրվա միջոցառումը կապ չունի քաղաքական զարգացումների ու քաղաքական օրակարգի հետ:
Հարցին` մասնակցելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած «քաղաքացիական ժողովին», Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Հանրային միջոցառումները պետք է նպատակ ու տրամաբանություն ունենան: Եթե հասկանամ տրամաբանությունն ու նպատակը` նոր կորոշեմ մասնակցությունը»:
Դիտարկմանը, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր հայտարարության մեջ անուղղակիորեն մեղադրում էր եռյակի իր գործընկերներին ոչ հրապարակային լինելու մեջ, պատգամավորնը պատասխանեց. «Բայց ի՞նչն է մութ կամ անհասկանալի, կամ ի՞նչն է Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ հրապարակային համարում, ուրեմն մենք մեր բոլոր քայլերը պետք է ներկայացնե՞նք իշխանությանը»:
Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` ոչ թե եռյակում խնդիրներ կան «Ժառանգության» հետ, այլ «Ժառանգություն»-ն իր ներսում ունի խնդիրներ, որովհետև հայտարարություններն ու կարծիքները չեն քննարկվում կուսակցության ներսում, նոր ներկայացվում հանրությանը: Պատգամավորը հույս հայտնեց, որ դա էլ կհաղթահարվի, որովհետև իշխանափոխության համար չկա այլ ճանապարհ, քան համախմբումը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ, այդուհանդերձ, եռյակը հրաժարվեց 12 կետերի կապակցությամբ կառավարության առաջարկած քննարկումներից, ՀԱԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ այդ քննարկման արդյունքում հնարավոր է մեկ-երկու կետ լուծում ստանային, սակայն մեկ-երկու հարցով ոչինչ չի փոխվի, և իրենց պետք է, որ կառավարությունն իրականացնի բոլոր 12 կետերը:
«Մեզ հետ քննարկման կարիք չկա: Չեմ կարծում, թե կառավարությունում չկան մասնագետներ, որ իմանան` այս կամ այն կետը ինչպես պետք է իրականացվի: Իրականացնում են, թող իրականացնեն, եթե` ոչ, ուրեմն քննարկումներն անիմաստ են: Իսկ եթե չեն կարողանում իրականացնել, թող հեռանան իշխանությունից, գան ուրիշները: Եվ եթե նրանց մոտ էլ չստացվի` թող ժողովուրդը հեռացնի նաև նրանց, հակառակ դեպքում` կհեռանա ժողովուրդը, որի վկայությունն արտագաղթն է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: