կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 11:56
Քաղաքական

Եթե եռյակի ղեկավարներից մեկը չցանկանա, որ լիդերների հանդիպումներ լինեն, ուրեմն այլ նպատակներ է հետապնդում. Ռուբիկ Հակոբյան

Եթե եռյակի ղեկավարներից մեկը չցանկանա, որ լիդերների հանդիպումներ լինեն, ուրեմն այլ նպատակներ է հետապնդում. Ռուբիկ Հակոբյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ վերջին քառօրյան շատ հագեցած էր, որովհետև քննարկման էին դրվել լրջագույն նախագծեր, մասնավորապես` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ըստ նրա` այդպես էլ համարժեք քննարկում տեղի չունեցավ` այս կարևորագույն հարցի հետ կապված:

 

«Ղազախստանը ոչ միայն չի թաքցնում, որ Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակիցն է, այլև` որ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը: Այդպես էլ անպատասխան մնաց, թե ինչպե՞ս է լուծվելու Ղազախստանի նախագահի առաջ քաշած հարցը` Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի տեղադրման հետ կապված»,- ասաց պատգամավորը:

 

Ըստ նրա` պարզ էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին կողմ է լինելու ոչ միայն խորհրդարանի մեծամասնությունը, այլ նաև հասարակության մեծ մասը: «Սակայն այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, քաղաքական տգիտության արդյունք էր, որովհետև եթե խղճի կամոք քվեարկվեր, «դեմ»-երն ավելի շատ կլինեին: Կոնյունկտուրային քվեարկություն տեղի ունեցավ` բախտորոշ հարցի հետ կապված»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

 

Հարցին, թե ե՞րբ է նախատեսված եռյակի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց, որ դեռ չեն որոշել, և դրա պատճառն այն է, որ ԱԺ օրակարգը շատ հագեցած էր, երևի դա ազդեց, որ եռյակն իր ուշադրությունը կենտրոնացրեց հիմնականում ԱԺ աշխատանքների վրա: «Վստահ եմ, որ եռյակն իր գործունեությունը կշարունակի առաջիկայում»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

 

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունների մասին, որ եռյակի ձևակերպումները միասնական չեն, պատգամավորը նշեց. «Այո, կան անհամաձայնություններ, չպետք է խուսափել այդ մասին հայտարարելուց: Քանի դեռ եռյակը գործում էր խորհրդարանական ձևաչափով, ավելի լուրջ և արդյունավետ աշխատանք էր տարվում, և ձևակերպումները երեք ուժերի կողմից ընդունված ձևակերպումներն էին, բայց երբ դարձավ միջկուսակցական ձևաչափ, մենք ունեցանք որոշակի բացթողումներ, երբ ձևակերպումները միասնական չէին: Ցավոք, պետք է ասել, որ եռյակի ղեկավարների ոչ մշտական հանդիպումներն էլ են նպաստում,  որ ձևակերպումները միասնական չլինեն: Առայժմ մենք դիտարկում ենք, որ դա տեխնիկական պրոբլեմ է: Ուզում եմ հավատալ, որ դա տեխնիկական թերացում է, բայց եթե եռյակի ղեկավարներից մեկը չցանկանա, որ հանդիպումներ լինեն, ուրեմն այդ ղեկավարն այլ նպատակներ է հետապնդում»: