կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 14:44
Տնտեսական

Նվազել են թե′ ներդրումները, թե′ արտահանումը. անորոշությունը շատ մեծ է. Արկադի Խաչատրյան

Նվազել են թե′ ներդրումները, թե′ արտահանումը. անորոշությունը շատ մեծ է. Արկադի Խաչատրյան

Yerkir.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին։

-Պարո՛ն Խաչատրյան, արտակարգ դրությունն ավարտված է, երկրում հաստատված է կարանտին։ Եթե ամփոփենք՝ որքանո՞վ էին արդյունավետ արտակարգ դրության ընթացքում կառավարության մշակած տնտեսական աջակցության ծրագրերը։

-Ես չէի տարանջատի ժամանակահատվածը՝ արտակարգ դրության և կարանտինի, որովհետև կարանտինի պայմաններում եղած սահմանափակումները շարունակելու են գործել, հետևաբար՝ իրավական սահմանափակումների առումով որևէ բան չի փոխվել, ամփոփման առումով դեռ վաղ է։ Այդ ամենը կարելի է կատարել կարանտինի ավարտից հետո։  Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ՝ օրենքի ուժով ստեղծվել  է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի խնդիրն է լինելու պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ են պարետատունն ու կառավարությունն իրենց միջոցառումներով պայքարել թե′ կորոնավիրուսի, թե′ դրա տարածման, թե′ դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Որպես նաև հանձնաժողովի նախագահ՝ ես չէի ցանկանա հիմա հետևություններ անել դրա վերաբերյալ։ Բազմիցս առիթ ունեցել եմ քննադատելու հակաճգնաժամային միջոցառումների նպատակայնությունն ու արդյունավետությունը, իսկ արդյունավետության գնահատմանը կանդրադառնանք ապագայում։

 -ՄԱԿ-ը վերջին զեկույցներից մեկում նշել է, որ աշխարհում աննախադեպ տնտեսական ճգնաժամ է սպասվում, և պետությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն։ Մեր պետության դեպքում որո՞նք պիտի լինեն այդ քայլերը՝ հնարավորինս մեղմելու համար սպասվող ճգնաժամը։

-Կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ նման տնտեսական ճգնաժամ չեմ հիշում, որ ունեցել ենք։ Առհասարակ, աշխարհը պատրաստ չէր դրան։ Յուրաքանչյուր երկիր ինքը պիտի որոշեր իր ռազմավարությունը՝ ելնելով իր տնտեսության առանձնահատկություններից և առաջնահերթություններից։ Ի՞նչ եղավ մեզ մոտ․ միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ մենք ունեցանք շուրջ 13,7 տոկոս իրական տնտեսական անկում։ Մեծ չափով տուժել է հանրային սնունդը։ Այս ոլորտը, միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով, անկում է ապրել շուրջ 71 տոկոսով, որը սարսափելի թիվ է։ Հսկայական անկում է արձանագրվել նաև շինարարության մեջ, տուժել է մշակող արդյունաբերությունը, նվազել են թե′ ներդրումները, թե′ արտահանումը։ Անորոշությունը շատ մեծ է։ Ոչ ոք չգիտի՝ արդյո՞ք կլինեն կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիքները, թե՞ ոչ: Գիտենք, որ շատ երկրներ սահմանափակումներ են մտցնում։ Հայտնի չէ, թե երբ կբացվեն սահմանները, երբ նորից զբոսաշրջության զարգացմանը զարկ կտանք։ Մեր տնտեսությունը մեծապես կախվածություն ունի տրանսֆերտներից, թեև վերջին տարիներին այդ կախվածությունը նվազում է, բայց դա զգալի ֆինանսական ներհոսք է ապահովում ՀՀ տնտեսություն, կարևոր է, որ մենք վերակագնենք մեր տնտեսական աճի պոտենցիալը, ինչի համար անհրաժեշտ են ներդրումներ և կապիտալ ծախսեր։ Միայն 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է -17 մլրդ դրամ, իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը -11,3 մլրդ դրամ է։ Լոքդաունից հետո տնտեսության՝ նման խոր ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ էր ներարկումներ կատարել տնտեսության մեջ։ Կապիտալ ծախսերն այն ուղղակի միջոցը պետք է լինեին, որ պիտի ավելացնեին տնտեսական աճի պոտենցիալը։ Միայն առաջին կիսամյակի արդյունքներով՝ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերից կատարվել  է շուրջ 40 տոկոսը։ Սրանք շատ վատ ցուցանիշներ են։

Մենք բազմիցս հորդորել ենք կառավարությանը, որ արագացվի կապիտալ ծախսերի մրցույթների իրականացումը, ավելի պարզեցված եղանակով արվի, արտագնա աշխատանքի չմեկնած անձանց անհապաղ աշխատանքով ապահովեն: Ի պատասխան հնչում էին մեղադրանքներ, թե մենք պաշտպանում եք նախկին ատկատչիկների շահերը և այլն։ Այս պահին մենք նման խոշոր թերակատարումներ ունենք, ինչը նշանակում է ապագայում չստացվող տնտեսական աճ։ Որպեսզի մեր պոտենցիալն արագ վերականգնվի և մեծացվի, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ և կապիտալ ծախսերի կարողությունների մեծացում։ Զարգացման արդյունավետ ծրագրերին պետք է զարկ տալ։

 -Երբ համաճարակը նոր էր, սահմանափակումները նոր էին մտցվում, վարչապետն ասում էր, որ սրա դրական կողմերն էլ կտեսնենք, տեղական արտադրությանը զարկ կտրվի և այլն։ Ի վերջո, վեց ամսվա ընթացքում ի՞նչ դրական կողմ կարող եք նշել։

-Դա թևավոր խոսք է, որ ցանկացած ճգնաժամ կարող է որոշակի տնտեսական հնարավորություններ բացել, բայց խնդիրն այն է, որ սա առանձնահատուկ ճգնաժամ է՝ համավարակով պայմանավորված, որի պայմաններում երկրները ստիպված են դիմել լոքդաունի, այսինքն՝ պարտադրել սահմանափակել տնտեսական գործունեությունը և այլն։ Ի՞նչ զարգացման կամ հնարավորության մասին կարելի է խոսել լոքդաունի պայմաններում։ Բնականաբար, զարգացման մասին խոսվում է լոքդաունից հետո։ Գիտեք, որ բիզնես-նախաձեռնությունների համար անհրաժեշտ է կանխատեսելիություն և անորոշությունների նվազում, որովհետև բիզնեսը շատ զգայուն է ռիսկերի նկատմամբ. բիզնես պրոյեկտ անել, վարկ վերցնել, որը պետք է սպասարկել և այլն, անհրաժեշտ է որոշակի կանխատեսելիություն, իսկ անորոշությունների պայմաններում դրանք ռիսկեր են, որոնց պայմաններում և՛ բիզնեսը չի կարողանում դիմել նման ծրագրերի, և՛ բանկերն են զգուշավորություն ցուցաբերում։ Բիզնեսը չի սիրում անկանխատեսելի անորոշություններ։ Առանձին զարգացման ուղղություններով կարող է լինել, օրինակ՝ դիմակների, ալկոգելերի արտադրության և այլ ծառայությունների առումով պահանջարկը մեծանում է, կան այդպիսի ոլորտներ, բայց ասում եմ՝ բիզնեսը չի սիրում անկանխատեսելիություններ։

-Անդրադառնանք համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, որի ուսումնասիրության տիրույթը պիտի լինի վիրուսի կանխարգելման նպատակով տարված աշխատանքը, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը և այլն։ Ի՞նչ ֆորմատով է աշխատելու հանձնաժողովը։ Արդյո՞ք նիստերը փակ են լինելու։

- Ոչ, չեմ կարծում, որ փակ լինեն, եթե, իհարկե, որոշակի ծառայողական գաղտնիք չի քննարկվում։  Քննարկվելու են կառավարության միջոցառումների արդյունավետությունը, առողջապահությանը վերաբերող հարցեր, որովհետև կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի ոլորտը առողջապահության ոլորտն է։ Նաև իրավական կողմին է անդրադարձ լինելու՝ մարդու իրավունքների սահմանափակման հարցերը արտակարգ դրության պայմաններում։  

 

Վարդուհի Ստեփանյան