կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 13:43
Քաղաքական

Որևէ կոնկրետ սցենար չկա, դա կորոշվի հանրահավաքի վերջում` լիդերների խորհրդակցության արդյունքում. Արամ Մանուկյան

Որևէ կոնկրետ սցենար չկա, դա կորոշվի հանրահավաքի վերջում` լիդերների խորհրդակցության արդյունքում. Արամ Մանուկյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով եռյակի` այսօրվա  հանրահավաքի մասին, նշեց, որ եռյակը գնում է հանրահավաքի «ըմբոստ փոփոխությունների ֆոնին»:

 

«Մեր պատասխանատվության չափը գիտակցում ենք: Իմ սուբյեկտիվ կարծիքով` ժողովրդի պահանջը լինելու է ավելի ագրեսիվ ու մաքսիմալիստական, քան կարող են լինել մեր հաշվարկները, թե ինչպես ենք այս շարժումը ղեկավարելու և տեղ հասցնելու: Կարևորն այն է, որ շարժման արդյունքը լինի անցնցում, անցավ և առանց կորուստների»,- ասաց պատգամավորը:

 

Մեջբերելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, որ ժողովուրդը հոգնել է լոզունգներից և գործողություններ է ցանկանում տեսնել, և այդ համատեքստում արդյո՞ք այս հանրահավաքը կլինի գործողությունների հանրահավաք, Արամ Մանուկյանը համաձայնեց, որ ժողովրդի պահանջն ավելին է, և իսկապես, ժողովուրդը կարիք ունի ոչ թե թվերի, կոչերի, այլ գործողությունների:

 

«Ձեր հարցերի պատասխանները, վստահ եմ, կհնչեն հանրահավաքի վերջում: Չմտածեք, թե ես նախապես գիտեմ, թե ինչպիսին են լինելու լիդերների ֆինալային ելույթները, երբեք էլ չենք իմացել, թե ով ինչ ելույթ է ունենալու, իմ ընկերներից ոչ մեկը չգիտի, թե ես ինչ ելույթ եմ ունենալու, չունենք էդ ադաթը: Տեղեկություն չունենք լիդերների ելույթների բովանդակության մասին, բայց ունենք համաձայնություն, թե ինչպես պետք է լինի` լիդերները վերջում, տեսնելով ժողովրդի քանակը, էներգետիկան, պահանջը, կխորհրդակցեն ու կհրապարակեն քայլերը, անելիքը: Այդպես էլ կլինի այսօր»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ որոշակի սցենարներ կան, բայց թե ո՞ր սցենարը կընտրվի, պարզ կլինի հանրահավաքի վերջում` լիդերների խորհրդակցությունից հետո:

 

Պատգամավորը համոզված է մի բանում, որ այսօրվա հանրահավաքը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի նման չի լինելու, և այս անգամ կոնկրետության մեջ առաջընթաց կա:

 

Դիտարկմանը, թե եռյակը կարո՞ղ է վստահեցնել, որ այս հանրահավաքում արյունահեղություն ու հիասթափություն չի լինի, ինչի մասին խոսել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Լիովին համաձայն եմ Արմեն Ռուստամյանի հետ` չպետք է լինի հիասթափություն և արյունահեղություն, և դա չի էլ լինելու: Մենք միշտ վախեցել ենք պրովոկացիաներից, սակայն դրանք չեն իրականանում մեծ զանգվածների ժամանակ»:

 

Նա միաժամանակ նշեց, որ եռյակի կողմից գործողությունների ձգձգելը հանգեցնելու է հիասթափության, որ ժողովուրդը կթողնի հրապարակը ու կհայհոյի ընդդիմությանը, բայց ժողովրդի անվտանգության պատասխանատվությունը դրված է եռյակի վրա, ուստի պետք է գործել հաշվարկված, գրագետ ու առանց ցնցումների: «Մարտի 1-ի ծանր բեռը բոլորիս վրա է: Պետք է նման իրավիճակ թույլ չտանք, բայց Մարտի 1-ի իրավիճակը չէ այսօր»,- ասաց պատգամավորը:

 

Yerkir.am-ի հարցին` ի՞նչ կոնկրետության մասին է խոսում եռյակը, եթե պարզ չեն եռյակի հանրահավաքի օրակարգը, լիդերների ելույթների բովանդակությունը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Բա ի՞նչ եք կարծում, ես Տեր-Պետրոսյանին ասեմ` բերեք Ձեր ելույթը կարդա՞մ: Շատ ճիշտ է, որ չպետք է իմանան մինչև հանրահավաքը: Ի՞նչ եք կարծում, ես պետք է Սերժ Սարգսյանի համար բացահայտեմ, թե ինչ քայլեր ու սցենարներ ունե՞մ: Մանրամասներ, խնդրում եմ, ինձանից մի' պահանջեք, եկեք հանրահավաքին ու բոլոր հարցերի պատասխանները կստանաք: Հիասթափություն չի լինի, որևէ կոնկրետ սցենար ես այս պահին չեմ կարող ասել, դա կորոշվի հանրահավաքի վերջում` լիդերների խորհրդակցության արդյունքում` ելնելով այդ պահի վիճակից»: