կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 16:45
Տնտեսական

Տեխնոլոգիական կենտրոններ կկառուցվեն Վանաձորում ու Կապանում

Տեխնոլոգիական կենտրոններ կկառուցվեն Վանաձորում ու Կապանում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՏՏ ոլորտին պետական աջակցության հարցը: Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական ներուժ` ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում, ինչպես նաև բարձրակարգ մասնագետներ: Եվ ՏՏ ոլորտը խթանելու նպատակով մշակվել է ՏՏ ոլորտին պետական աջակցության փաստաթուղթը, որը կխթանի սկսնակ ընկերությունների ձևավորումը և ներդրումների ակտիվացումը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե 2015թ. ընթացքում ֆինանսական ի՞նչ աջակցություն է ցուցաբերվելու այդ ոլորտին, և ՏՏ ոլորտում հեռահար ծառայությունների մատուցումը ի՞նչ տեղ է գրավելու:

 

Էմիլ Տարասյանը նշեց, որ բյուջետային աջակցությունը մի քանի ուղղությամբ է` Բանաձորի և Գյումրիի տեխնոպարկին տրամադրվելու է շուրջ 150 մլն դրամ, ՏՏ ոլորտի խթանման ծրագրով տրամադրվելու է շուրջ 80 մլն դրամ՝ միջոցառումների ու մրցույթների համար:

 

Աջակցություն տրամադրվում է նաև Համաշխարհային բանկի աջակցության ծրագրով, որի շնորհիվ կառուցվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: 2015թ. նախատեսվում է կառուցել Վանաձորի տոխնոլոգիական կենտրոնը, միջնաժամկետ ծրագրում նման կենտրոն կկառուցվի նաև Կապանում:

 

«ՏՏ ոլորտն այն աստիճանի է զարգացել, որ ժամանակի պահանջ է՝ Հայաստանում ուշադրություն դարձնել ինժեներական գիտության զարգացմանը»,- ասաց փոխնախարարը: