Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ մեկ շաբաթ առաջ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն աշխատանքից ազատել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Համբարձումյանից պահանջել են տարածքն ազատել` սենյակը վերանորոգելու համար, սակայն, որքան էլ զարմանալի թվա, վերանորոգումից առաջ, երբ պետք է սենյակը լրիվ ազատվի իրերից, սրահ են բերվել կահույքագործական հաստոցներ, որոնք, Համբարձումյանի հավաստմամբ, մեկ նպատակի են ծառայելու` արվեստանոցն Իգիթյանն ուզում է փայտի մշակման արհեստանոց դարձնել:
Երբ այցելել էինք արվեստանոց, կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Էմմա Ասատրյանը նույնպես եկել էր այնտեղ` գույքագրում կատարելու: Տիկին Ասատրյանը սկզբում նշեց, թե գույքագրման նպատակը տեսնելն է՝ որտեղ ինչ ունեն, բայց հետո ավելացրեց, որ չի բացառում, որ տեղում արհեստանոց լինի: Այնուհետև yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը նշել էր, որ նոյեմբերի 5-ին ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացրել Գեղագիտության ազգային կենտրոնում և արվեստանոցն արհեստանոցի վերածելու միտում չի նկատել:
Yerkir.am-ի հետ զրույցում Հրաչ Համբարձումյանը նշեց, որ, չնայած բողոքներին, իր հեռացման հրամանը մնում է ուժի մեջ: Ըստ նրա` հեռուցումը պատճառաբանված չէ պատշաճորեն, այդ կապակցությամբ էլ դիմելու են դատարան:
«Ասում են` ստուգումներ են անցկացրել և պարզել, որ ողջ սեպտեմբեր ամսին ես դասի չեմ գնացել, բայց ես իրավաբանի հետ խոսեցի, և նա ինձ ասաց, որ եթե անգամ ստուգումներ են արել, այդ ինչպե՞ս է եղել, որ մի անգամ ինձ չեն զանգել, գրել, թե որտեղ եմ, կամ էլ, ի վերջո, նկատողություն արել: Իրենք հիմա պատճառներ են փնտրում` իրենց արարքն արդարացնելու համար»,- ասաց Համբարձումյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ գույքագրում այդպես էլ չի կատարվել, սակայն հաստոցներն էլ շարունակում են մնալ արվեստանոցում: Ըստ Համբարձումյանի` Իգիթյանի նպատակը մեկն է` այդ տարածքն էլ արվեստանոցից դարձնել շահույթի աղբյուրի:
«Արծաթագործության և ոսկերչության խումբը, որ գործում էր Մաշտոցի պողոտայում, վաղուց չի գործում: Ավելին` այն տարածքը, որն առաջարկում է ինձ /Սարյան 29/, մեր` ազգագրության սենյակն է եղել, որը նույնպես չի գործում, իսկ դրա հարևանությամբ գործում էր արվեստի պատմության սենյակը, որը կրկին չի գործում: Իմ կողքի սենյակներն էլ հիմա չեն գործում: 4 արվեստանոց է եղել, որոնք ուղղակի վերածվել են դատարկ սենյակների: Գնում է քողարկված մի խաղ, որից մենք տեղյակ չենք, բայց արդյունքներն ամենևին էլ չեն տանում նրան, որ շենքը դառնում է արվեստի կենտրոն: Կենտրոնի` Աբովյան փողոցի տարածքները վերածվել են սրճարանի, կոշիկի խանութի»,- ասաց Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է աշակերտների թվին /կենտրոնից տեղեկացնում էին, որ Համբարձումյանն ունի 3-4 երեխա, այնինչ` խմբակը պահելու համար անհրաժեշտ է 15 աշակերտ ունենալ/, ապա Համբարձումյանը նշեց, որ մինչ այդ կենտրոնից եկել էին` երեխաների փաստաթղթերը տանելու, սակայն մի մասինը մոռացել են տեղում և գնացել:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը նշել էր նաև, որ դասարանների կոմպլեկտավորումը տեղի է ունենում մինչև սեպտեմբերի 15-ը, և սեպտեմբերի 15-ի դրությամբ` Համբարձումյանը 15 աշակերտ չի ունեցել: Համբարձումյանը պարզաբանեց` ուսումնական տարվա սկզբին, երբ երեխաները գնում են դպրոց, և դասացուցակները կարգավորվում են սեպտեմբերի 10-15-ից հետո, նոր սկսում են գնալ այս կամ այն խմբակը: «Հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսից միայն ամբողջ խմբի կազմը սկսվում է նշմարվել: Իրականում սրանք մանեւրներ են, որ ուշադրությունը շեղեն տարածքները մեզնից ազատելու իրական խնդրից»,- ասաց մեր զրուցակիցը:
Համբարձումյանը հավաստիացնում է` սեփական նախաձեռնությամբ 4 անգամ հանդիպել է Լևոն Իգիթյանի հետ, բայց որևէ անգամ երկխոսություն չի ծավալվել, քանի որ Իգիթյանը նշել է, թե հարցն արդեն լուծված է, քննարկելու բան չկա: Համբարձումյանն առաջիկայում կփորձի հանդիպել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Կարինե Հարությունյան