կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 12:50
Իրավական

Կալանքի տակ գտնվող Աշոտ Առուշանյանի հայրը նախագահի նստավայրում է

Կալանքի տակ գտնվող Աշոտ Առուշանյանի հայրը նախագահի նստավայրում է

Արդեն 7-րդ օրն է` 28-ամյա Աշոտ Առուշանյանի ծնողներն ու եղբայրը հացադուլ են անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Աշոտը մեղադրվում է 56 միլիոն դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ և արդեն մոտ 3 տարի կալանքի տակ է: Նրա հարազատները պնդում են, որ իրենց տղային առաջադրված մեղադրանքը շինծու է, իսկ կալանավորումը` ապօրինի:  

 

Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտի մայրը` տիկին Անահիտը, ասաց, որ դեռ դիմանում են սովին ու ցուրտ գիշերները դրսում անցկացնելուն: Րոպեներ առաջ ամուսնուն կանչել են ՀՀ նախագահի անձնակազմից, սակայն դեռևս նորություն չկա:

 

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ, ի վերջո, արձագանքում են, տիկին Անահիտը պատասխանեց, որ նամակ էին հանձնել, հավանաբար, պատասխանը պիտի տան:

 

Նշենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է Աշոտ Առուշանյանի և մյուսների գործով դատավարությունը: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն իր պաշտպանական ճառն է սկսել, որը կշարունակի նաև հաջորդ` նոյեմբերի 27-ին նշանակված նիստում: Երեկվա նիստում հացադուլ է հայտարարել նաև Աշոտ Առուշանյանը:

 

Նշենք, որ Առուշանյանները  ՀՀ նախագահից պահանջում են միջամտել իրենց որդու դեմ հարուցված քրեական գործի քննությանը, քանի որ այն ոչ օբյեկտիվ կերպով է իրականացվում, բազմաթիվ խախտումներ են կատարվում, իսկ իրենց որդու դեմ առաջադրված մեղադրանքը կեղծ է, և նա ապօրինի պահվում է կալանքի տակ:  

 

Աշոտը մեղադրվում է «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ից 56 միլիոն դրամի գողության գործով հանցագործություն կատարելուն օժանդակելու մեջԳործն արդեն երկրորդ անգամ քննվում է վերաքննիչ դատարանում: Առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել` Առուշանյանին դատապարտելով 5.5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել է, և Վճռաբեկ ատյանը բեկանել է դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության: Երկրորդ անգամ էլ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել Աշոտի նկատմամբ: