Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3 տարի կալանքի տակ գտնվող և 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանի հայրը, մայրը, եղբայրը և հորեղբայրն արդեն տասն օր շարունակ հացադուլ են անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Իսկ այսօր էլ հրաժարվել են բուժօգնությունից:
Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտի մայրը` տիկին Անահիտը, հայտնեց, որ ծայրահեղ այդ քայլին դիմել են` հույս ունենալով, որ գոնե այս դեպքում որևէ արձագանք կլինի նախագահի կողմից. «Տեսնենք, թե խնդրին ի՞նչ լուծում են տալու»:
Նրանք արդեն առողջական խնդիրներ ունեն` արյան ճնշումը տատանվում է: Իսկ երեկ հացադուլից ստիպված հրաժարվել են Աշոտի հորաքույրն ու հորեղբոր կինը` դարձյալ առողջական խնդիրների պատճառով:
«Արդեն տասն օր է` հացադուլի մեջ են: Բացի լրագրողներից, որևէ մեկը չի մոտեցել: Տեղեկացա, որ ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանն է մոտեցել, հետաքրքրվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նա հայտնեց նաև, որ վերաքննիչ դատարանի որոշումն արդեն բողոքարկել են վճռաբեկ ատյանին, սակայն դեռևս նորություն չկա որևէ որոշման վերաբերյալ: Իսկ հարցին, թե արդյո՞ք որևէ հույս կա` Վճռաբեկ դատարանի հետ կապված, Լ. Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ` իմ առաջ քաշած հարցերի պատասխանները կհետաքրքրեն Վճռաբեկ դատարանի դատավորներին: Եվ մյուս կողմից` դա միակ սպառման միջոցն է` Եվրոպական դատարան դիմելու համար»:
Փաստաբանը նշեց նաև, որ վերաքննիչ դատարանը, չհաստատելով առաջին ատյանի դատավճիռը, անտրամաբանական և անհիմն որոշում է ընդունել:
Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյ» ընկերությունից 56 միլիոն դրամի գողությանը օժանդակելու համար: Գործի քննությունը մեկ անգամ արդեն դատական երեք ատյաններով անցել է ` Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռը (որի համաձայն` Աշոտը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման) ու ուղարկել նոր քննության: Սակայն այս անգամ էլ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել, իսկ վերաքննիչ ատյանն այն նույնն է թողել:
Այն հարցին, թե որքանո՞վ է ընդունելի խնդրի լուծման համար դիմել ծայրահեղ միջոցների` հացադուլ և բուժօգնությունից հրաժարում, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Ուղղակի այս մարդու հարազատներն այլ ճանապարհ չեն տեսնում»: