Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների համատեքստում ներքաղաքական իրավիճակի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Գնալով ավելի եմ համոզվում, որ մենք հանգիստ կարող էինք այս երկու գործընթացները չխառնել իրար: Քաղաքական ուժերը շատ հանգիստ կարող էին ներքաղաքական պայքարը պահել օրակարգում` զուգահեռ զբաղվելով սահմանադրական բարեփոխումների հարցով, որովհետև այս երկու գործընթացները չէին խաչասերվում: Դա Հայաստանի ապագայի համար ավելի շահեկան կլիներ: Սակայն այսօր մենք այդ իրավիճակը չունենք»:
Խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին` նա նշեց, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը միշտ եղել է Դաշնակցության գերակա ուղղություններից մեկը:
«Այսօր չկա Հանրապետական կուսակցության կողմից քայլ անելու նախաձեռնություն: Ես կհորդորեի Հանրապետական կուսակցությանը` շատ խիստ և շատ թունդ դեմ չլինել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, մի օր հենց իրենք են ասելու, որ կողմ են 100 տոկոս համամասնականին»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` եռյակը ներկայացրել է իր պահանջը, կառավարությունն էլ ասել է, որ կքննարկի դրանք, և լավատեղյակ չլինելով եռյակի ու իշխանության ներքին խմորումներին` կարող է փաստել, որ դա որևէ կերպ չի հակասում Սահմանադրությունը բարեփոխելու` ՀՅԴ-ի հետևողական ջանքերին:
«Շատերը մեղադրում են, թե այդ տեսակետով Դաշնակցությունն աջակցում է իշխանությանը, բայց ես լրիվ հակառակ տեսակետն ունեմ, շատ ավելի վատ կլիներ, եթե Դաշնակցությունը հրաժարվեր իր սկզբունքից, դա չէր լինի քաղաքական պատասխանատու ուժի դիրքորոշում»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն կողմնակից է 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Նա նաև կարծիք հայտնեց, որ կառավարությունը ոչ թե պատրաստ է խնդիրներ լուծել, այլ հակված է ձև անել, թե գնում է այդ խնդիրների լուծմանը ու փորձում է, ժամանակ ձգելով, պրոցեսը երկարացնել:
«Ես քիչ հույս ունեմ, որ կառավարությունը ինքնակամ այդ քայլը կանի, դրա համար պետք է ուժեղացնել ճնշումը»,- ասաց Աղվան Վարդանյանը: